HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վահան Քերոբյանի դիտարկմամբ՝ Լարսի անցակետում հայկական բեռնատարների հերթը «հալվում» է

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ Էկոնոմիկայի նախարարից հետաքրքրվեց Լարսի անցակետից: Նշեց, որ տևական ժամանակ է՝ Վրաստանի տարածքում գյուղմթերքով և շուտ փչացող այլ ապրանքներով բեռնված բեռնատարները կանգնած են, ինչը լուրջ վնասներ է հասցնում գյուղացիներին և տնտեսվարողներին, ոմանք նույնիսկ սնանկացման եզրին են:

Պատգամավորի տեղեկություններով՝ Վերին Լարսի 11 անցակետից աշխատում է 5-ը, և 4 ռենտգեն սարքավորումից՝ 2-ը, ինչի պատճառով բեռնատարները չեն կարողանում առաջ շարժվել:

Գառնիկ Դանիելյանն ասաց, որ հերթերում սպասում են նաև հեղուկ գազով բեռնված ավտոմեքենաները, ինչի պատճառով էլ հեղուկ գազի դեֆիցիտ է առաջացել Հայաստանում՝ 100 դրամից դառնալով 220 դրամ: Գինը գնալով ավելանում է։

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը պատգամավորին հիշեցրեց, որ Վահան Քերոբյանը Հայաստանի էկոնոմիկայի նախարարն է, ոչ՝ Վրաստանի կամ Ռուսաստանի, ինչը նշանակում է, որ պահանջի հասցեատերը չէ:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ ժամանակ առ ժամանակ դժվարություններ առաջանում են Լարսի անցակետում: Նախարարը նշեց, որ Ռուսաստանի հետ սերտ աշխատանքի շնորհիվ էապես ընդլայնվել է անցակետի թողունակությունը:

Նախարարի դիտարկմամբ՝ մեկ տարվա ընթացքում ավելացել է երկրորդ մաքսազերծման «զոնան»՝ մի քանի հարյուր մեքենայով:

«Միջինով կարող եմ ասել, որ այսօր ունենք անհամեմատ ավելի բարենպաստ վիճակ, քան մեկ տարի առաջ, երբ մեզ մոտ 20-30 օրով էին մեքենաները կանգնում»,- ասում է Վ. Քերոբյանը՝ հավելելով, որ գոհ չէ այսօրվա վիճակից:

Վահան Քերոբյանի խոսքերով՝ այսօր օրական 250-300 բեռնատար է անցնում, երբ սովորաբար 200 մեքենա էր անցնում:

«Կարելի է ասել՝ հերթը հալվում է, և հույս ունենք՝ մինչև շաբաթվա վերջ հերթը կվերանա»,- նշեց Վ. Քերոբյանը:

Գառնիկ Դանիելյանը համաձայն չէր, որ հերթերը պակասում են: Նշեց, որ այս վիճակը լուրջ մարտահրավեր է տնտեսության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter