HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Փաշինյանը հաստատեց՝ Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցությունների սեղանին փաստաթուղթ է դրված

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Ազգային ժողովում հետաքրքրվեց՝ արդյոք որևէ փաստաթուղթ դրվա՞ծ է այս օրերին Ամերիկայի Միացյալ Նահագներում ընթացող Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ արտգործնախարարների բանակցությունների սեղանին:

Գեղամ Մանուկյանին հետաքրքրում էր նաև, թե ի վերջո ինչպես է Վաշինգտոն գործուղվել հայ-թուրքական բանակցությունների խմբի Հայաստանի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և մասնակցում հայ-ադրբեջանական բանակցություններին:

Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորները կասկած են հայտնում, թե հայ-ադրբեջանական բանակցությունները շաղկապված են հայ-թուրքական բանակցությունների հետ, այդ իսկ պատճառով էլ Ռ. Ռուբինյանը Վաշինգտոնում մասնակցում է քննարկումներին:

Վաշինգտոնում տեղի ունեցող քննարկումների մասին Փաշինյանն ասաց՝ սեղանին կա փաստաթուղթ: Վարչապետը նշեց, որ պատգամավորը կարող է ծանոթանալ փաստաթղթին, այնտեղ որևէ նորություն չկա:

«Թեզերի մասով ասել եմ, մանրամասների, տեքստային տարբերակների մասով կարող եք և՛ Ադրբեջանի ներկայացրածին ծանոթանալ, և՛ մեր ռեակցիաներին ծանոթանալ»,- հայտարարեց վարչապետը՝ այդպես էլ չհստակեցնելով ասելիքը:

Նիկոլ Փաշինյանը բանակցություններից մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ դրանք կարող են ազդեցություն ունենալ բանակցությունների մթնոլորտի վրա, սակայն ասաց, թե ինչ հանձնարարություն է տվել բանակցող թիմին:

«Ես ասել եմ, որ այն թուղթը, որը բանակցում եք, դրա տակ ես եմ ստորագրելու: Բանակցե՛ք ազատ և՛ մեր քաղաքական ուղեգծի շրջանակներում, և՛ մեր հրապարակային արտահայտված կարծիքների շրջանակում»,- ասաց Ն. Փաշինյանը՝ հավելելով, որ բանակցությունների ընթացքում հնարավոր է նոր առաջարկներ լինեն, որի մասին չի բարձրաձայնվել:

Վարչապետը նշեց, որ բանակցություններում չկա մի բան, որի մասին չի խոսել:

Ինչ վերաբերում է Ռուբեն Ռուբինյանի՝ Վաշինգտոն գնալուն, ապա Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նա գնացել է իր քաղաքական որոշմամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter