HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՔՊ խմբակցության երկու պատգամավորի դեմ վիրավորանքի և զրպարտության համար հայցադիմում է ներկայացվել

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ռուստամ Բաքոյանի և Արթուր Հովհաննիսյանի դեմ հայցադիմումներ է ներկայացրել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ՝ վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրելուն, զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին:

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում հայցադիմումները ստացվել են երեկ:

Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանը ընդդիմության Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուն էր: 2023թ. ապրիլի 4-ին Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, երբ քննարկվում էր ՄԻՊ թեկնածուների ներկայացման հարցը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ վեճ էր առաջացել: Սպառնալիքներ ու վիրավորանքներ են հնչեցվել միմյանց հասցեին:

Միջադեպից հետո Էդգար Ղազարյանը գրավոր հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորների գործողությունների վերաբերյալ։

«Հիշյալ խմբակցության մի շարք պատգամավորներ, ակնհայտորեն ձևավորելով ենթադրյալ հանցավոր խումբ, կատարելով նախնական դերաբաշխում խմբի անդամների միջև, փոխադարձ համաձայնեցված և փոխլրացնող գործողություններով, ցուցաբերել են ակնհայտ խուլիգանական վարքագիծ, հնչեցրել են ֆիզիկական բռնության սպառնալիքներ, խոչընդոտել են իմ, կարգավիճակից բխող հանրային գործունեությունը, տապալել են հանձնաժողովի աշխատանքն ու բնականոն գործունեությունը։ Նրանց իրականացրած գործողությունները հստակ նկարագրված են ՀՀ քրեական օրենսգրքի միաժամանակ մի շարք հոդվածներում, որոնք հստակ մատնանշվել են հաղորդման մեջ»,- գրել էր Էդգար Ղազարյանը։

Լուսանկարում՝ Էդգար Ղազարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter