HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չի՛ քանդվելու». երթը այսօր տեղի ունեցավ

Այսօր տեղի ունեցավ «Չի՛ քանդվելու» խորագրով երթը` ի պաշտպանություն Երևանի վտանգված վերջին հուշարձանների: Երթին մասնակցեցին Երևանի պաշտպանության նախաձեռնությունների միավորումը ներկայացնող բազմաթիվ նախաձեռնությունների ակտիվիստներ, քաղաքացիներ:

Մասնակիցները երթը սկսեցին հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան հանդիսացող Աֆրիկյանների տան մոտից, որը այսօր ծրագրված քանդման լուրջ վտանգի տակ է, ապա շարժվեցին Երևանի կենտրոնական փողոցներով` անցնելով  ԱՕԿՍ-ի շենքի մոտով, որի ետնամասում, առանց շինարարական թույլտվության, արդեն իսկ սկսվել են բարձրահարկ շենքի շինարարական աշխատանքները, Արամի 30-ի մոտով, որի վերջնական պահպանության հարցը դեռևս առկախ է, Ազգային պատկերասրահի շենքի մոտով, որի մասին երեկ հեռուստատեսությամբ ակնարկ է արել ինքը՝ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, կառավարության շենքի մոտով, որն առայժմ չի քանդվի, «Սպայի տան» մոտով, որը ծիծաղելիորեն դեռևս պահպանվող հուշարձանների ցանկում է, սակայն վաղուց իր տեղը զիջել է բազմահարկ Piazza Grande-ին, Շահումյան հրապարակում գտնվող՝ «Ամերիա» բանկին վաճառված հուշարձան շենքի մոտով, որի ճակատագիրը ևս անհստակ է, Ծածկած շուկայի մոտով, որտեղ երեկ անհասկանալի պայթյուն է գրանցվել, իսկ տանիքը և պահող կամարների մեծ մասը շինաշխատանքների հետևանքով քանդվել է: Երթը ավարտվեց նույն Տերյան 11-ում՝ Աֆրիկյանների տան մոտ:

Ակնհայտ է, որ անկախ քաղաքային իշխանությունների և ինչ-ինչ գործարարների միջև կնքվող բիզնես ծրագրերի տրամաբանությունից՝ քաղաքացին այսօր իր հստակ դիրքորոշումն է արտահայտում պատմամշակութային հուշարձանների ոչնչացման խնդրի վերաբերյալ: Այդ խնդիրը պետք է անհապաղ լուծել կա՛մ համապատասխան չինովնիկների փոխարինման կամ էլ համակարգային լուրջ բարեփոխումների միջոցով, ինչը, բնականաբար, հնարավոր կլինի միայն համապատասխան օրենքների կիրառմամբ մշակույթի և պահանջատեր քաղաքացիության ձևավորմամբ: Իսկ վտանգված շենքերը այսուհետ պահպանվում են հասարակության կողմից, ինչը երթի մասնակիցները նշեցին՝ համապատասխան գրությամբ՝ տիպեր փակցնելով հուշարձան-շենքերի պատերին:

«Հուսանք, որ այս դրական և խիստ անհրաժեշտ գործընթացների մեկնարկը կտրվի նախ և առաջ քաղաքի պատմամշակութային հուշարձանները գնահատող քաղաքացիների շարքերի համալրումով»,- գրում է «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter