HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է. ԱՄՆ պետքարտուղարություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է։ Այդ մասին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանթ Փաթելը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն կարծում է, որ այս հարցը հնարավոր չէ լուծել ռազմական ճանապարհով, և որ դիվանագիտության միջոցով ուղիղ երկխոսությունը առաջ շարժվելու հուսալի ճանապարհն է։

«Եվ հենց այդ պատճառով մենք շատ ուրախ ենք Դիվանագիտական ծառայության ինստիտուտում ընդունել արտաքին գործերի երկու նախարարներին՝ այդ կարևոր բանակցություններին մասնակցելու համար։ Ինչպես ես արդեն ասացի, պետքարտուղարը և Պետքարտուղարության մյուս աշխատակիցներն ակտիվորեն զբաղվում են այդ հարցով, և մենք ուշադրությամբ կհետևենք այդ գործընթացին»,- ասել է Փաթելը։

Խոսելով հայկական ավիաընկերությունների համար Թուրքիայի օդային սահմանի փակման որոշման մասին՝ Փաթելը նշել է, որ Միացյալ Նահանգները հիասթափված է Թուրքիայի այդ որոշմամբ։

«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ինչը, մեր կարծիքով, ոչ միայն կարևոր կլիներ երկու երկրների համար, այլև օգտակար՝ ամբողջ տարածաշրջանում կայունության համար», - նշել է ամերիկացի դիվանագետը։ 

Նրա խոսքով՝ օդային հաղորդակցությունը վերականգնելու մասին ավելի վաղ երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը վստահության ամրապնդման կարևոր գործիք էր՝ ոչ միայն այդ երկու երկրների միջև, այլև, կրկին, ավելի լայն առումով՝ տարածաշրջանային կայունության համար։

Փաթելը հավելել է, որ Միացյալ Նահանգները անկեղծորեն հույս ունի, որ Թուրքիան և Հայաստանը կկարողանան շարունակել վերականգնել տնտեսական կապերը, ինչպես նաև բացել տրանսպորտային կապերը։

Հիշեցնենք, որ այս օրերին Վաշինգտոնում բանակցություններ են վարում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Բանակցություններն ընթանում են ամերիկյան հովանու ներքո։ Բանակցությունների առաջին օրը, որը կայացել է մայիսի 1-ին, մասնակցել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նախատեսվում է, որ այսօր ևս Բլինքենը կմիանա երկու երկրների ԱԳ նախարարներին։

Օրակարգում երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցն է։ Թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկում կողմերը, որևէ մանրամասն մինչ այս պահը հայտնի չէ։ Ավելին, կողմերից որևէ մեկը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել, թե ինչ հարցեր են դրված բանակցությունների սեղանին։

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարել էր, որ բանակցությունների սեղանին կա փաստաթուղթ, որը քննարկում են կողմերը։ Թե կոնկրետ ինչ բովանդակություն ունի այն, Փաշինյանը չէր մանրամասնել։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter