HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում կստեղծվեն ՄՀԸ և ՎՎԲ տեղային գրասենյակներ

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել 2022 թ. դեկտեմբերի 13-ին և 2023 թ. փետրվարի 15-ին հայտագրերի փոխանակման ձևով կնքված՝ «Գերմանական Միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի և Վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KfW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Հիմնավորման համաձայն՝ համաձայնագրի ստորագրումը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև համագործակցության զարգացմանը:

Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծել ՄՀԸ և ՎՎԲ տեղային գրասենյակներ։ Համաձայնագիրը ներառում է դրույթներ ՄՀԸ և ՎՎԲ գրասենյակների հանձնառությունների, ինչպես նաև ՀՀ և ԳԴՀ կառավարությունների պարտավորությունների վերաբերյալ։ Համաձայնագրով նախատեսվում է, որ ՄՀԸ գրասենյակը կաջակցի Գերմանիայի Դաշնային Հանրապետության անունից Տեխնիկական համագործակցության շրջանակում նախատեսված ծրագրերի կատարմանն ու կառավարմանը և կներկայացնի ՄՀԸ-ն Հայաստանում: ՄՀԸ գրասենյակը կարող է կատարել նաև նախատեսված ծրագրերից դուրս մասնագիտական և վարչարարական այլ գործառույթներ, ինչպես նաև երկրին առնչվող և տարածաշրջանային բնույթի հանձնարարություններ:

Գործադիրը հավանություն է տվել 2002թ. մայիսի 3-ին Վիլնյուսում ստորագրված «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծին: Ըստ հիմնավորման՝ արձանագրության վավերացումը համահունչ է Հայաստանի՝ որպես մահապատժի ամբողջական վերացման կողմնակից պետության դիրքորոշմանը: Այս պահի դրությամբ արձանագրությունը ստորագրել է 46 պետություն, ուժի մեջ է մտել 44 պետության համար: Մահապատժի արգելքն` առանց սահմանափակումների, ամրագրված է ՀՀ սահմանադրությամբ: Բացի այդ, ՀՀ հանձն է առել վերացնել մահապատիժը թե՛ համընդհանուր, թե՛ տարածաշրջանային միջազգային գործիքների միջոցով: ՀՀ-ի կողմից «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրության վավերացումը Եվրոպայի խորհրդի կողմից կգնահատվի կարևորագույն դրական քայլ, լուրջ առաջընթաց երկրում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման առումով:

Հավանության է արժանացել 2022թ. դեկտեմբերի 9-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում՝ էլեկտրոնային ձևով ծառայություններ մատուցելու ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի սահմանման մասով փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագիրը: Արձանագրությամբ, մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ անդամ պետությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ մշակում են էլեկտրոնային եղանակով մատուցվող ծառայությունների ցանկը, որը հաստատվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից: Նախատեսվում է նաև սահմանել էլեկտրոնային եղանակով ծառայություններ ստացող իրավաբանական և ֆիզիկական անձանց գործունեության իրականացման վայրի որոշման կանոնները:

Հավանություն է տվել նաև «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում կազմակերպված սակարկություններում արժեթղթերի տեղաբաշխման և շրջանառության անդրսահմանային թույլտվության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրի նպատակն է ապահովել ԵԱՏՄ անդամ պետություններում ցուցակված արժեթղթերի տեղաբաշխումը և շրջանառությունը ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում, ինչի արդյունքում թողարկողների համար ներդրումային միջոցների ներգրավման նոր հնարավորություններ կստեղծվեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter