HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Խաղաղ պայմաններում մահացածների ծնողները պահանջում են գտնել մեղավորներին և արդար քննություն իրականացնել 

Մեղրիի զորամասում ծառայող, կոչումով կապիտան Անդրանիկ Մկրտչյանի դին 2017-ի օգոստոսի 20-ին գտել են զորամասում, ծնոտի շրջանում ստացած հրազենային վնասվածքով։ Ըստ նախաքննության՝ Անդրանիկ Մկրտչյանն ինքնասպան է եղել։

Այսօր նրա մայրը՝ Նարինե Մկրտչյանը, խաղաղ պայմաններում մահացած այլ զինծառայողների ծնողների հետ բողոքի ակցիա էր իրականացնում Կառավարության շենքի առջև՝ պահանջով, որ պատկան մարմիններն արդար քննություն իրականացնեն և գտնեն մեղավորներին։

Ծնողները նշում են՝ ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը ղեկավարում էր այդ ժամանակ վարչապետի խորհրդական, ներկայում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

«Ասում էր՝ վայ, ես զարմանում եմ՝ էսքան բացթողում քրեական գործում ո՞նց կարող է լինել, ես գիտեի՝ ծնողներն են էմոցիոնալ խոսում, ասում էր՝ ես չգիտեմ՝ էս գործն ի՞նչ «մակիաժ» են արել»,- ըստ Նարինե Մկրտչյանի՝ գործն ուսումնասիրելու ժամանակ 2021-ին ասել է Վարդապետյանը։

2019-ին Անդրանիկ Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործը կասեցվել է՝ ինքնասպանության դրդողին չգտնելու պատճառով։

«Մեղրիի զորամասում կիրակի օրով իմ էրեխուն սպանել են։ Հենց առաջին պահից առանց քննություն կատարելու, առանց դատաբժշկական եզրակացության, առանց ինչ-որ բան անելու ներկայացրին, որ ինքնասպանություն է եղել։ Եթե դու անջատել ես զենքից 4 տարբեր անձանց մատնահետքեր, ովքե՞ր են էդ 4-ը։ Երեխի շորերը ջրի մեջ կորած են եղել, դիրքն՝ ուղիղ մեջքի վրա պառկած, զենքը՝ ձախ ձեռքում ամուր պահած, էդ ո՞ր մի ինքնասպանը կնստեր սեղանի մոտ, կկրակեր իրեն, կընկներ սեղանի վրա, հետո կգար էս կողմի վրա ուղիղ կպառկեր, զենքն ամուր պահած»,- ասում է Նարինե Մկրտչյանը։

Ըստ ծնողի՝ դեպքի վայրը մաքրել են, արյան հետքերը լվացել, ասել են, թե զորքը վախենում է, դրա համար մաքրել են սենյակը։ 

«Վարչապետի գլխավորությամբ՝ 3 իրավաբան վարչապետի կողմից, 3 իրավաբան մեր կողմից ուսումնասիրել են գործը, վարչապետը մեզ ասեց, որ եթե խումբն ուսումնասիրի և տեսնի, որ ինքնասպանություն է եղել, դուք չպիտի առարկեք, մենք համաձայնել ենք այդ պայմանին։ Ինքն ասում էր, որ մի փաստ, օրինակ բերեք, տեսեք՝ ինչ եմ անելու։ 5 գործ է ուսումնասիրվել, հազարավոր փաստեր են բերվել։ Տեսան, որ ծնողը ճիշտ է, օդից բան չենք ասում, ես ասում եմ՝ ես չեմ տարել, իմ ուժերով փորձաքննություն արել, ձեր պետության կողմի փորձագետն է տվել եզրակացություն, ինքը վերջում ասեց՝ ես իմ ձեռքերը լվանում եմ, դե որ դեպքի վայր չկա, իրեղեն ապացույցները կորսված են, բաներ կան, որ վաղեմությունն անցել է, ես էլ ի՞նչ անեմ։ Եթե դու տեսար, որ սպանություն է, բա էլ գնանք, ո՞ւմ դիմենք։ Աժ նախագահը խաբում է, վարչապետը խաբում է, Գլխավոր դատախազը, նախագահը խաբում են, ո՞ւմ գնանք դիմենք, կա՞ մեկը, որն էս երկրում արդարություն պետք է մտցնի»,- ասում է ծնողը։

Խաղաղ պայմաններում մահացած մյուս զինծառայող Վալերիկ Մուրադյանը 3 ամսվա զինծառայող է եղել։ Ծառայությունն անցկացրել է Ստեփանակերտի «Հայկազով» զորամասում։ 2010թ․ մարտի 15-ին նրա մարմինն են գտել՝ կախված վիճակում։

Մայրը՝ Նանա Մուրադյանը, նշում է՝ դեպքից մի քանի օր առաջ որդին ականատես էր եղել, թե ինչպես են զինծառայողները վառելիք գողանում։

«Սալյարկի գողություն է տեսել, ասել են՝ ձեն չհանես, քեզ էլ փող կտանք»,- պատմում է Նանա Մուրադյանը՝ նշելով, որ դրանից մի քանի օր հետո որդուն սպանել են։

2022-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճիռ է կայացրել Հայաստանի դեմ՝ զինծառայող Վալերի Մուրադյանի կյանքի իրավունքը խախտելու համար: ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է մահացած զինծառայողի մորը՝ Նանա Մուրադյանին, վճարել 20 հազար եվրո փոխհատուցում:

Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ զինծառայողի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության հետևանքով: Դատաբժշկական փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են նաև մի շարք վնասվածքներ՝ ձախ ձեռքի հատվածում կապտուկ, աջ դաստակի քերծվածք, որոնք հասցվել են դեռ կենդանության ժամանակ՝ մահից մոտ 2-4 օր առաջ:

Նախաքննական մարմինը եզրակացրել է, որ դեպքին նախորդող օրերին զինծառայողը մասնակցել է ավտովերանորոգման աշխատանքներին, և այդ ժամանակ կարող էին առաջանալ ձախ ձեռքի հատվածի կապտուկը և աջ դաստակի քերծվածքը։

Վալերիկ Մուրադյանի մայրը պահանջում է գտնել մեղավորներին։

Կառավարության նիստի ավարտից հետո ծնողներին մոտեցավ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։ Վերջինս ծնողներին խնդրեց իրենց փաստաբանի միջոցով դիմում ներկայացնել իր անունով՝ նշելով խնդրի հանգամանքները։

Կարդացեք նաև՝ 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter