HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել է ՊՆ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպք

Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդմամբ՝ քաղաքացու կողմից տրված հաղորդման հիման վրա  բացահայտվել է Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպք: 

«Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ-ում քաղաքացիություն ստացած Մ. Վ.-ն անձնագիր ստանալուց առաջ զինված ուժերում հաշվառման կանգնելու համար 2023թ. մայիսի 2-ին համապատասխան փաստաթղթեր է ներկայացրել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն: Այնուհետև նույն օրը հիշյալ քաղաքացուն զանգահարել և առաջարկել են փաստաթղթերն ավելի վաղ ժամկետում տրամադրելու, ինչպես նաև հետագայում վարժական հավաքներին չկանչելու գործընթացը կազմակերպելու դիմաց 150 000 դրամ կաշառք տալ Պաշտպանության նախարության պաշտոնատար անձին: 

Դրանից հետո քաղաքացին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ իրենից կաշառք պահանջելու վերաբերյալ, որի հիման վրա Կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում իրականացվել է «Կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողություն, որի ընթացքում ՊՆ զորակոչային և զորահավաքային ծառայության պլանավորման և վերլուծության բաժնի սպա, մայոր Ս. Մ.-ն քաղաքացի Ռ. Գ.-ի օժանդակությամբ 150 000 դրամ կաշառք է ստացել Մ.Վ.-ից:

Կաշառք ստանալուց անմիջապես հետո մայոր Ս. Մ.-ն և վերջինիս օժանդակած անձը՝ Ռ. Գ.-ն, Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների կողմից ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերով նախատեսված արարքներ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով:

Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter