HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են հայ-ադրբեջանական բանակցությունները

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ։ Այդ մասին փոխանցում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների արտաքին գործերի նախարարները մտքեր են փոխանակել Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ ու բազմակողմ համագործակցության հարցերի շուրջ։ 

Բայրամովն ու Չավուշօղլուն նաև քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունները։

Ադրբեջանական կողմը նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են նաև օրակարգային այլ հարցեր։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ից ԱՄՆ Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքում, մի քանի օր շարունակ, ընթանում էին Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների գլխավորած պատվիրակությունների բանակցությունները։

Նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել արլինգթոնյան բանակցությունների վերաբերյալ, որտեղ նշվում էր, որ բանակցությունների ժամանակ նախարարները ներկայացրել են իրենց տեսակետներն առկա իրավիճակի շուրջ և իրենց դիրքորոշումներն են հայտնել հարաբերությունների կարգավորմանն առնչվող գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ։

«Նախարարները և նրանց թիմերն «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ: Երկու նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ամերիկյան կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար։ Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները»,- ասված էր հայտարարության մեջ։

Հետաքրքրականն այն էր, որ նույնաբովանդակ հայտարարություն տարածել է նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն, ինչը ենթադրում է, որ կողմերը նախապես համաձայնեցրած են հայտարարության այս տեքստը։

Նախատեսվում է, որ Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարները այս ամիս ևս մեկ բանակցություններ կունենան Ռուսաստանում։ Թե երբ և որտեղ կլինեն բանակցությունները, դեռևս հայտնի չէ։

Լուսանկարը՝ Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter