HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բրիտանական թանգարանում ցուցադրվում են նմուշներ՝ Հայաստանի պատմության թանգարանից և «Էրեբունի» արգելոց-թանգարանից

Միացյալ Թագավորության Բրիտանական թանգարանում մայիսի 4-ին բացվել է «Շքեղություն և ուժ Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվում են ցուցանմուշներ Հայաստանի պատմության թանգարանից և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարության լրատվական բաժնից։

Ցուցահանդեսը Ք ա VI-I դդ Աքեմենյան կայսրությունից մինչ հելլենիստական ժամանակների շքեղության, իշխանական խորհրդանիշների, դրանց փոխակերպումների, ինչպես նաև քաղաքական ու պատմամշակութային նշանակության մասին է։ Արմավիրից գտնված ոսկյա կրծքազարդը, կավե ցլակերպ ծիսանոթը (Քա VI-V րդ, դդ), Էրեբունիից հայտնաբերված արծաթյա հեծյալի ծիսանոթը (Ք ա VI-IV-րդ դդ), Արտաշատից գտնված կավե արջակերպ ծիսանոթը (Ք ա I դ) առաջին անգամ են ցուցադրվում Միացյալ Թագավորությունում և իսկական բացահայտում են դարձել Բրիտանական թանգարանի մասնագետների համար։

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։ 

Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, գիտության և մշակույթի գործիչներ, որոնց համար հատուկ բացատրություն է անցկացրել Բրիտանական թանգարանի Մերձավոր Արևելքի դեպարտամենտի տնօրեն, ցուցահանդեսի համադրող Ջեյմս Ֆրեյզերը։ Նա նշել է, որ այցելուների հատուկ խմբի համար կազմակերպված փակ դիտումների ժամանակ հատկապես ուշադրության է արժանացել Հայաստանի պատմության թանգարանից տրամադրված արջակերպ ծիսանոթը, որը մեկ ցուցափեղկում է համադրված Բրիտանական թանգարանում պահվող համաժամանակյա մեկ այլ բարձրարժեք ցուցանմուշի՝ Անահիտ աստվածուհու կիսանդրու հետ:

Բացման հանդիսավոր խոսքում Բրիտանական թանգարանի տնօրեն Հարթվիգ Ֆիշերը շնորհակալություն է հայտնել Հայաստանի պատմության թանգարանին և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին արդյունավետ համագործակցության համար։ 

Ցուցահանդեսի բացմանը նախորդել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի առանձին հանդիպումը Բրիտանական թանգարանի և Մերձավոր Արևելքի դեպարտամենտի տնօրենների հետ:

Հանդիպումը կազմակերպվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանի ներկայությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության հնարավորությունները և նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել ապագա մասնագիտական, գիտամշակությաին գործակցության ուղղությամբ։ 

Ցուցահանդեսը գործելու է մինչև օգոստոսի 13-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter