«Հուսադրող լուրեր Վաշինգտոնից». Տոյվո Կլաարն արձագանքել է Միրզոյան-Բայրամով բանակցություններին
Եվրոպական միությունը ողջունում է 4 օրերի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև շարունակական փոխգործակցությունը։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Encouraging news from Washington. 🇪🇺welcomes the sustained engagement from 🇦🇲 and 🇦🇿 FMs in 4 days of negotiations. Progress can only be made through dialogue. We continue to stand with 🇦🇲 and 🇦🇿 and work with our partners in quest for sustained peace https://t.co/DjG6IY74Pb
— Toivo Klaar (@ToivoKlaar) May 6, 2023
«Հուսադրող լուրեր Վաշինգտոնից։ Եվրոպական միությունը ողջունում է 4 օրերի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև շարունակական փոխգործակցությունը։ Առաջընթացի կարելի է հասնել միայն երկխոսության միջոցով։ Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին և մեր գործընկերների հետ աշխատել կայուն խաղաղության հասնելու համար»,- նշել է եվրոպացի պաշտոնյան։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ից ԱՄՆ Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքում, մի քանի օր շարունակ, ընթանում էին Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների գլխավորած պատվիրակությունների բանակցությունները։
Նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել արլինգթոնյան բանակցությունների վերաբերյալ, որտեղ նշվում էր, որ բանակցությունների ժամանակ նախարարները ներկայացրել են իրենց տեսակետներն առկա իրավիճակի շուրջ և իրենց դիրքորոշումներն են հայտնել հարաբերությունների կարգավորմանն առնչվող գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ։
«Նախարարները և նրանց թիմերն «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ: Երկու նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ամերիկյան կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար։ Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները»,- ասված էր հայտարարության մեջ։
Հետաքրքրականն այն էր, որ նույնաբովանդակ հայտարարություն տարածել է նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն, ինչը ենթադրում է, որ կողմերը նախապես համաձայնեցրած են հայտարարության այս տեքստը։
Նախատեսվում է, որ Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարները այս ամիս ևս մեկ բանակցություններ կունենան Ռուսաստանում։ Թե երբ և որտեղ կլինեն բանակցությունները, դեռևս հայտնի չէ։
Լուսանկարը՝ abkhazworld.com-ից
Մեկնաբանել