Մոսկվայում հանդիպել են Հայաստանի ու ԱՄՆ-ի դեսպանները
Մայիսի 5-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լինն Թրեյսիի հետ։ Այդ մասին հաղորագրություն է տարածել Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում կայունության հաստատման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ՝ կարևորելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների անվերապահ կատարումը։
Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ դեսպաններն ընդգծել են մայիսի 1-4-ն ԱՄՆ-ում կայացած եռակողմ բանակցությունների կարևորությունը։
Վաղարշակ Հարությունյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրադրության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում առկա ճգնաժամային իրավիճակի վրա՝ ընդգծելով, որ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը կոպտորեն հակասում է Եռակողմ հայտարարության 6-րդ կետին։
Լուսանկարը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանության
Մեկնաբանել