HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը

ՆԱՏՕ-ն աջակցում է իր երկու գործընկերների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան՝ անդրադառնալով ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների քառօրյա բանակցություններին։

«Ուրախ ենք լսել, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև 4-օրյա կառուցողական բանակցություններից հետո նկատելի առաջընթաց է գրանցվել կայուն խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Բանակցություններին և երկխոսությանը այլընտրանք չկա: ՆԱՏՕ-ն աջակցում է իր երկու գործընկերների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- իր գրառման մեջ նշել է իսպանացի պաշտոնյան։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ից ԱՄՆ Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքում, մի քանի օր շարունակ, ընթանում էին Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների գլխավորած պատվիրակությունների բանակցությունները։

Նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել արլինգթոնյան բանակցությունների վերաբերյալ, որտեղ նշվում էր, որ բանակցությունների ժամանակ նախարարները ներկայացրել են իրենց տեսակետներն առկա իրավիճակի շուրջ և իրենց դիրքորոշումներն են հայտնել հարաբերությունների կարգավորմանն առնչվող գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ։

«Նախարարները և նրանց թիմերն «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ: Երկու նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ամերիկյան կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար։ Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները»,- ասված էր հայտարարության մեջ։

Հետաքրքրականն այն էր, որ նույնաբովանդակ հայտարարություն տարածել է նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն, ինչը ենթադրում է, որ կողմերը նախապես համաձայնեցրած են հայտարարության այս տեքստը։

Նախատեսվում է, որ Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարները այս ամիս ևս մեկ բանակցություններ կունենան Ռուսաստանում։ Թե երբ և որտեղ կլինեն բանակցությունները, դեռևս հայտնի չէ։

Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter