HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լոնդոնում կայացել է Չարլզ III-ի թագադրման հանդիսավոր արարողությունը

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը շաբաթ օրը՝ մայիսի 6-ին թագադրվել է Լոնդոնի Վեսթմինսթերյան աբբայությունում։ Անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդ, Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին սուրբ Էդվարդ Խոստովանողի՝ մաքուր ոսկուց պատրաստված թագը դրել է նորընծա միապետի գլխին։

Թագը կիրառվել է բրիտանական բոլոր միապետերի թագադրման ժամանակ՝ սկսած Չարլզ II-ից (1630-1685)։ Դնելով միապետի գլխին՝ Քենթերբերիի արքեպիսկոպոսը ասել է. «Աստված, պահպանիր թագավորին»։ Վերջինս կրկնել են աբբայությունում թագադրման արարողությանը մասնակից բոլոր 2200 հյուրերը։

Թագադրման արարողության պատվին Միացյալ Թագավորության ողջ տարածքում արձակվել է հրետանային կրակ։ Դա իրականացվել է թագավորության 13 տարբեր կետերից՝ ավելի քան 400 զինվորականների մասնակցությամբ։ Լոնդոնում, Բելֆասթում, Քարդիֆում, Էդինբուրգում, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի նավերի կառամատույցներից արձակվել է 21 կրակ։ Իսկ արդեն Լոնդոնի Թաուերի՝ Թեմզա գետին գտնվող ափամերձ հատվածից կարձակվի 62 արկ։

Թագադրման արարողության հեռարձակումն իրականացնում էր Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի յութուբյան պաշտոնական ալիքը և BBC-ն։ Թագադրման արարողությամբ կապակցությամբ հանգստյան բոլոր օրերը և երկուշաբթին երկրի ողջ տարածքում հայտարարվել են պետական տոներ։

Թագադրման պաշտոնական արարողությունն սկսվեց Բուքինգհեմյան պալատից դեպի Վեսթմինսթերյան աբբայություն հանդիսավոր երթով։ Ամբողջ երթուղով տեղադրվել էին դիտահարթակներ, իսկ փողոցներում տեղադրված էկրաններն առցանց ռեժիմով հեռարձակում էին արարողությունը։ Թագադրման արարողությանը գործի է դրվել մոտ 4000 զինվորական։

Թագադրման արարողության ժամանակ թագավորը երդվեց հավատարիմ մնալ Անգլիկան եկեղեցուն, որի առաջնորդը համարվում է հենց ինքը։ Այդուհանդերձ, արարողությանը մասնակցում էին նաև ոչ քրիստոնեական մյուս խոշոր համայնքների հոգևոր առաջնորդները (հուդդայական, իսլամական, սիկհական, բուդդիստական և հնդուիստական), քանի որ թագավորը հանդես է գալիս «բոլոր հավատքների պաշտպանի» դերում։

Չարլզ III-ի թագադրումից հետո կայացավ նաև կոնսորտ թագուհու՝ Քամիլայի թագադրման արարողությունը, որը երդվեց հավատարիմ մնալ թագավորին։ 

Թագադրման արարողության ժամանակ հնչում էր նաև հույն ուղղափառ եկեղեցու ավանդական երաժշտություն՝ ի հիշատակ արքայազն Ֆիլիպի, որը նոր միապետի հայրն էր։ Վերջինս ժամանակին եղել է Հունաստանի արքայազնը։

Թագադրման արարողությանը մասնակցում է 200 երկրից մոտ 2200 մարդ, այդ թվում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Հյուրերի թվում եղել է նաև Չարլզ III-ի կրտսեր որդին՝ արքայազն Հարրին, որը կնոջ՝ Մեգան Մարքլի հետ միասին հրաժարվել է թագավորական ընտանիքի պարտավորություններից ու կոչումներից։ Մեգանը չի մասնակցել թագադրման արարողությանը՝ երեխաների հետ մնալով ԱՄՆ-ում։ 

Թագադրման արարողությանը չեն եղել նաև Ռուսաստանի, Բելառուսի, Աֆղանստանի, Վենեսուելայի, Իրանի, Մյանմարի ու Սիրիայի ներկայացուցիչները։ Ռուսաստանը չէր հրավիրվել նաև Եղիսաբեթ II թագուհու թաղման արարողությանը։

Արարողությունից հետո թագավորն ու կոնսորտ թագուհին կվերադառնան Բուքինգհեմյան պալատ և դուրս կգան պատշգամբ՝ ողջունելու Լոնդոնում թագավորական նստավայրի առաջ հավաքվածներին։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 8-ին կյանքից հեռացավ Միացյալ Թագավորության երկարամյա միապետը՝ Եղիսաբեթ II թագուհին։ Դա եղավ Բալմորալ ամրոցում, որը Շոտլանդիայում թագավորական նստավայրերից մեկն է։ Դրանից որոշ ժամանակ առաջ Բուքինգհեմյան պալատը հայտնել էր, որ բժիշկները Եղիսաբեթ II-ին խորհուրդ են տվել մնալ իրենց հսկողության տակ։

Մահվան լուրի հրապարակումից հետո թագավորական պալատն իջեցրեց Մեծ Բրիտանիայի դրոշը։ Երկրում հայտարարվեց 10-օրյա սուգ։ Մարդիկ սկսեցին հավաքվել Բուքինգհեմյան պալատի մոտ գտնվող հրապարակում, որտեղ դարպասների վրա կախել էին Եղիսաբեթ II-ի մահվան վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը։

Թագուհու թաղման արարողությունը կայացավ Վեսթմինսթերյան աբբայությունում։ Թագուհուն փոխարինեց ավագ որդին՝ 73-ամյա արքայազն Չարլզը: Նա վերցրեց Չարլզ III անվանումը, իսկ կոնսորտ թագուհի դարձավ Չարլզի կինը՝ Քամիլան։

Լուսանկարը՝ Jonathan Brady/Pool/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter