
Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինային 1 միլիարդ եվրո ռազմական օգնության հատկացման մասին
Եվրամիության խորհուրդը հաստատել է Ուկրաինային 1 միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնության տրամադրման որոշումը։ Այդ մասին նշվում է Խորհրդի կայքում տարածված մամլո հաղորդագրության մեջ։
«Այս միջոցը կնպաստի Ուկրաինայի կարողությունների և կայունության հետագա ամրապնդմանը՝ պաշտպանելու իր անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև պաշտպանելու քաղաքացիական բնակչությանը շարունակվող ռուսական ռազմական ագրեսիայից»,- նշվում է ԵՄ հայտարարության մեջ։
Օգնության նոր փաթեթով Ուկրաինայի զինված ուժերին կհատկացվի 155 մմ տրամաչափով արկեր։ Նաև, եթե դրա կարիքը լինի, Եվրամիությունը կուղարկի հրթիռներ, որոնք ԵՄ անդամ երկրները կգնեն եվրոպական արտադրողներից։
Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նշել է, որ Ուկրաինան մեծ թվաքանակով սպառազինության արագ մատակարարումների կարիք ունի։
Մայիսի 3-ին Եվրոպական հանձնաժողովը 500 միլիոն եվրո էր հատկացրել սպառազինության արտադրության մեծացմանը, այդ թվում Ուկրաինա ուղարկելու համար։ «Ես վստահ եմ, որ 12 ամսվա ընթացքում մենք կկարողանանք մեծացնել Ուկրաինայի համար մեր արտադրական հզորությունը տարեկան մինչև 1 միլիոն փամփուշտի»,- ասել էր ներքին շուկայի հարցերով հանձնակատար Թիերի Բրետոնը։
Լուսանկարը՝ atlanticcouncil.org-ից
Մեկնաբանել