HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանի ուղերձը Մայիսի 9-ի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Մայիսի 9-ի առիթով։ Այն ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Երկրորդ աշխարհամարտում, Հայրենական Մեծ Պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձի առիթով։

Պատերազմում տարած հաղթանակով քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ամենամեծ չարիքներից մեկին՝ ֆաշիզմին: Այդ գործում անգնահատելի է հայ ժողովրդի դերը, որի ավելի քան կես միլիոն ներկայացուցիչներ Խորհրդային բանակի, դաշնակցային բանակների կազմում, պարտիզանական և դիմադրության ընդհատակյա գործունեության մեջ զգալի ներդրում ունեցան մարդկությունը ֆաշիզմից փրկելու գործում:

Բազմաթիվ հայորդիներ այդ պայքարում դրսևորվել են իրենց սխրագործություններով, հանուն մարդկային քաղաքակրթության տվել իրենց կյանքը: Պատերազմում ունեցանք ավելի քան 300 հազար զոհ: Շուրջ 107 հայորդիներ արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման, բազմաթիվ հայեր բարձր պարգևներ են ստացել ԽՍՀՄ-ի և դաշնակից երկրների կողմից՝ հայ ժողովրդի պատվավոր տեղն ապահովելով ֆաշիզմի դեմ պայքարում:

Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ,

Վերջին տարիներին մայիսի 9-ը դիմավորում ենք դառնացած ու տագնապներով: Սա առաջին հերթին կապված է 2020թ. 44-օրյա պատերազմի ծանր հետևանքների հետ, պատերազմի ընթացքում Շուշիի կորստով, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության շուրջ ծավալվող ագրեսիվ քաղաքականությամբ: Միջազգային փոթորկալից իրադրությունն ավելի է սրում այդ իրավիճակը, որովհետև մեր տարածաշրջանի անվտանգային համակարգերը դեֆորմացված են:

Այս իրավիճակում Հայրենիքի համար իրենց կյանքը տված նահատակների առաջ մեր ամենամեծ պարտավորությունը մեր պետականության ուժեղացումն ու զորացումն է, և այս ծրագրի մաս պիտի լինի մեր տարածաշրջանում մեր հարաբերությունների կարգավորումը:

Այս մոտեցումն է, որ պիտի երաշխավորի հայ ժողովրդի լինելիությունն իր Հայրենիքում: Ուժեղ ու զարգացած Հայաստանի Հանրապետությունն է, որ պիտի դառնա մեր բոլոր նահատակների մեծարման ու հիշատակի առհավատչյա:

Փա՛ռք Հայրենիքի համար իրենց կյանքը տված բոլոր նահատակներին: Փա՛ռք պետությունը կայացնելու համար ամեն հնարավորն ու անհնարն անող բոլոր անխոնջ մարտիկներին»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter