HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրամիությունը հաստատել է Բրյուսելում Փաշինյան-Ալիև-Միշել բանակցությունները

Եվրամիությունը մայիսի 14-ին Բրյուսելում կազմակերպում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները՝ Հարավային Կովկասում կայունության և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակներում: Այդ մասին նշվում է ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։ Բանակցությունները եռակողմ են լինելու, մասնակցելու է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Առաջնորդները պայմանավորվել են դարձյալ հանդիպել 2023 թվականի մայիսի 14-ին՝ Բրյուսելում եռակողմ հանդիպման ժամանակ»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԵՄ խորհրդի փոխանցմամբ՝ Ալիևը և Փաշինյանը հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի II գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ կվարեն նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։

Եվրոպական կողմը նշում է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները պայմանավորվել են Բրյուսելում, Եվրամիության ղեկավար կազմի ներկայացուցիչների մասնակցությամբ, շարունակել եռակողմ խորհրդակցություններն այնքան հաճախ, որքան դա անհրաժեշտ է նրանց հարաբերությունների ընթացիկ հարցերի լուծման համար։ 

Բացի այդ, նշվում է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը մտադիր է Ադրբեջանի, Հայաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդներին հրավիրել բանակցությունների Եվրոպական քաղաքական խորհրդի III գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերին իսպանական Գրանադա քաղաքում։

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան բրիտանական Financial Times պարբերականը, հղում անելով իր երեք աղբյուրներին, ազդարարել էր Բրյուսելում Փաշինյան-Ալիև հերթական բանակցությունները։ Պարբերականի աղբյուրներից մեկը նշել է, որ բրյուսելյան այս հանդիպումը «առաջընթացի կարևոր նշան կլինի»՝ հավելելով, որ Եվրամիության և Միացյալ Նահանգների ջանքերը միմյանց փոխլրացնող գործընթացներ են։

Պարբերականը նշում էր, որ Շառլ Միշելի ու Իլհամ Ալիևի խոսնակները հրաժարվել էին հնարավոր հանդիպման մասին լուրը մեկնաբանելուց, իսկ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը անպատասխան էր թողել այն։

Վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հանդիպել էին այս տարվա փետրվարին Մյունխենի անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում, իսկ արդեն նախորդ շաբաթ արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը քառօրյա բանակցություններ էին վարում ԱՄՆ Վիրջինիա նահանգում։

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի գրասենյակի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter