HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են խաղաղության հնարավոր պայմանագրի որոշ դրույթներ. ԱՄՆ պետքարտուղարություն

Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները նախորդ շաբաթ Միացյալ Նահանգների Վիրջինիա նահանգում կայացած քառօրյա բանակցությունների ժամանակ համաձայնեցրել են խաղաղության հնարավոր պայմանագրի որոշ դրույթներ։ Այդ մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանթ Փաթելը։

«Մեր կարծիքով՝ նախորդ շաբաթ տեղի ունեցած քննարկումները կառուցողական են եղել։ Եվ մենք կարծում ենք, որ Հայաստանից ու Ադրբեջանից պատվիրակությունները էական առաջընթացի են հասել՝ բարդ հարցերի որոշման հարցում։ Ինչպես դուք գիտեք, երկու երկրները համաձայնեցրել են սկզբունքային որոշ պայմաններ, առավել լավ են հասկանում միմյանց տեսակետները։ Մենք կարծում ենք, որ լրացուցիչ բարի կամքի, ճկունության և փոխզիջման պարագայում պայմանագիրը կլինի հասանելի հեռավորության վրա»,- հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները ցուցաբերում է անհրաժեշտ ամբողջ աջակցությունն Ադրբեջանին ու Հայաստանին։ «Մենք շարունակում ենք ամբողջական աջակցություն ցուցաբերել <...> ԱՄՆ-ի կողմից, դեռևս երկու երկրները շարունակում են երկխոսություն վարել, շարունակում են ձգտել կայուն խաղաղության»,- նշել է Փաթելը։ Ինչպես նշել է նա, առկա տվյալների համաձայն՝ կողմերը շարունակում են փոխգործակցությունը։ «Եվ մենք ողջունում ենք այդ մասին հաղորդագրությունները»,- ասել է ամերիկացի դիվանագետը։

Փաթելի խոսքով՝ պաշտոնական Վաշինգտոնն այն կարծիքին է, որ «ուղիղ երկխոսությունը հանդիսանում է Բաքվի և Երևանի միջև խնդիրների լուծմանն ու ամուր խաղաղությանը հասնելու բանալին»։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ից ԱՄՆ Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքում մի քանի օր շարունակ ընթանում էին Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների գլխավորած պատվիրակությունների բանակցությունները։

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել արլինգթոնյան բանակցությունների վերաբերյալ, որտեղ նշվում էր, որ բանակցությունների ժամանակ նախարարները ներկայացրել են իրենց տեսակետներն առկա իրավիճակի շուրջ և իրենց դիրքորոշումներն են հայտնել հարաբերությունների կարգավորմանն առնչվող գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ։

«Նախարարները և նրանց թիմերն «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ: Երկու նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ամերիկյան կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար։ Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները»,- ասված էր հայտարարության մեջ։

Հետաքրքրականն այն էր, որ նույնաբովանդակ հայտարարություն տարածել էր նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն, ինչը ենթադրում է, որ կողմերը նախապես համաձայնեցրած են եղել հայտարարության այս տեքստը։

Նախատեսվում է, որ Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարները այս ամիս ևս մեկ բանակցություններ կունենան Ռուսաստանում։ Թե երբ և կոնկրետ որտեղ կլինեն բանակցությունները, դեռևս հայտնի չէ։

Լուսանկարը՝ washingtonpost.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter