HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Չավուշօղլուի կարծիքով՝ Էրդողանը նախագահական ընտրություններում կհաղթի 52-53 %-ով

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 14-ին նախատեսված նախագահական ընտրություններում կհավաքի ձայների 52-53 %-ը։ Այդպիսի կանխատեսում է արել այդ երկրի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ թուրքական CNN Türk հեռուստաընկերության եթերում։

«Կլինի մեկ փուլ, նախագահը կհավաքի 52-53 %։ Ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Էրդողանի գլխավորած իշխող կուսակցությունը, խմբ.) ինքնուրույն է, իսկ դաշինքի անդամ կուսակցությունների հետ միասին այդ թիվը էլ ավելի մեծ կլինի»,- ասել է թուրք դիվանագետը։

Խոսելով արտասահմանում ընտրությունների նկատմամբ հետաքրքրության մասին՝ թուրք նախարարը նշել է, որ «այս անգամ էլ ավելի մեծ թվով մարդիկ են հետաքրքրություն ցուցաբերել ընտրություններին մասնակցելու ուղղությամբ»։ «Նախորդ ընտրությունների համեմատ՝ ընտրողների թիվը մեծացել է 2 անգամ։ Այս պահին արտասահմանում գրանցված ընտրողների ընդհանուր թվի մոտ 35 %-ը քվեարկել են»,- ասել է նա։

Համաձայն Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունի Թուրքիայի մոտ 64 մլն քաղաքացի։ Արտասահմանում գտնվող մոտ 1,6 միլիոն մարդ արդեն իսկ քվեարկել են։ Ընդհանուր առմամբ, երկրի տարածքում ու նրա սահմաններից դուրս կտեղադրվի 191 884 քվեատուփ։

Նախագահական ընտրություններին մասնակցում է չորս թեկնածու, սակայն այդ երկրի գլխավոր պաշտոնի հիմնական մրցակիցները երկուսն են՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։ Հաղթանակի համար թեկնածուն պետք է հավաքի ձայների 50 %-ից ավելին։

Թուրք քաղաքագետները նախագահական ընտրություններում չեն բացառում երկրորդ փուլի հավանականությունը։ Այդ պարագայում ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մայիսի 28-ին։ Այդ ժամանակ կհաղթի այն թեկնածուն, որը կհավաքի առավել շատ թվով ձայներ։

Լուսանկարը՝ Ludovic Marin/Pool Photo via AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter