HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ռոումինգի պատճառով Արցախն օտար երկիր է դարձել

«Միացյալ Հայաստան» նախաձեռնողական խումբը պատրաստվում է բարոյական պահանջ ներկայացնել Հայաստանում և Արցախում գործող բոլոր չորս օպերատորներին, որպեսզի նրանք միաժամանակ գործեն հայկական երկու հողերում, քանի որ միայն «Ղ-Տելեկոմ»-ը և նրա տրամադրած ռոումինգ ծառայության սակագները բավականին բարձր են ինչպես Արցախ գնացող հայաստանցիների, այնպես էլ այնտեղ բնակվող և Հայաստանի հետ կապը պահել ցանկացող արցախցիների համար: Այս մասին նրանք հայտարարեցին նորաբաց «Ելակետ» մամուլի ակումբում:

Երբ խմբի անդամները հարց են ուղղել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին, թե ինչու է բջջային կապի սակագինը այդքան կտրուկ բարձրանում Արցախ հասնելուն պես, օպերատորը պատասխանել է` որովհետև դուք մուտք եք գործում ուրիշ պետության տարածք:

Իսկ ահա Արցախում մտավախություն ունեն, որ եթե արցախցիները ձեռք բերեն հայաստանյան օպերատորների քարտերը և դրանցով ավելի էժան խոսեն, «Ղ-Տելեկոմն» այլևս չի գործի: «Միացյալ Հայաստան»-ի անդամները կարծում են, որ երբ ազգային շահն է դառնում խնդրո առարկան, ապա մասնավոր բիզնեսի շահը պետք է զիջի:

Կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը, խոսելով Հայաստան-Արցախ հաղորդակցության մասին, ասաց, որ մենք պետք է միմյանց հեշտ զգանք ու հասկանանք: Տրանսպորտի խնդիրը կարծես թե լուծված է, ճանապարհները բարեկարգված են, իսկ ահա կապի միջոցների վիճակն ուղղակի սարսափելի է. «Երբ գնում եմ Ղարաբաղ, գիտեմ, որ իմ երկիր եմ գնում, բայց բջջային կապի ռոումինգի պատճառով այն կարծես օտար երկիր է դարձել»:

Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը կարծում է, որ հայաստանյան բջջային օպերատորները շահավետ պայմաններով ռոումինգ են առաջարկում Վրաստան կամ Թուրքիա մեկնողներին, քանի որ այդ երկրներ են հիմնականում մեկնում Հայաստանից հանգստանալու կամ աշխատելու համար, իսկ Արցախը դեռևս ոչ տուրիստական գոտի է, ոչ էլ այնտեղ մեկնում են Հայաստանից աշխատելու համար:

«Միացյալ Հայաստան»-ը նշեց, որ միջազգային ատյաններում միգուցե անհրաժեշտ է, որ Արցախը ներկայացվի որպես անկախ, սուվերեն պետություն, բայց մենք էլ հո՞ գիտենք, որ մեկ ազգ ենք, այդ դեպքում ինչո՞ւ պետք է միմյանց հետ խոսենք ինչպես արտասահմանցու հետ:

Խմբի անդամները պատրաստվում են օպերատորներից պահանջել ոչ թե ռոումինգի վերացում, այլ գոնե սակագների նվազեցում:

Ստորև ներկայացնում ենք հայաստանյան օպերատորների ռոումինգային սակագները.

«ՎիվաՍել-ՄՏՍ`» մուտքային զանգ` 25 դրամ/րոպե, ելքային զանգ դեպի Հայաստան՝ 140 դրամ, տեղական ուղղություններով` 80 դրամ:

«Օրանժի» ռոումինգը պարտադիր պետք է իրականացվի Հայաստանում. տեղական ուղղություններով զանգերը` 100 դրամ, դեպի Հայաստան` 170, և 70 դրամ մուտքային զանգերի համար, միջազգային զանգերը ռոումինգ-օրանժ համարից` 900 դրամ:

«Բիլայն`» («թեժ ամառ» ակցիայի շրջանակներում). մուտքային զանգերն առաջին երկու րոպեն անվճար է, բայց երրորդ րոպեից սկսած` 400 դրամ, ելքային զանգերը դեպի Հայաստան` 170 դրամ, մեկ sms-ի արժեքը՝ 60 դրամ:

Մեկնաբանություններ (1)

ashot
Այլ դեպքերում Ռալֆ Յիրիկյանը շեփորահարում է հայրենասիրության,կորպորատիվ պատասխանատվության և այլ վեհ գաղափարների մասին:Իսկ Ղարաբաղի մեր հայրենակիցները չեն մտնում իր շահերի մեջ? Չմոռանանք նաև որ մեր հայաստանյան զինվորները նաև այդ սակագների պատճառով չեն կարողանում գոնէ ամիսը մեկ անգամ կապնվել ծնողների հետ... և այդքանից հետո նրանք ինչպես հոգեպես տրամադրվեն պաշտպանել հայրենիքը,որը զրկել է իրենց կապը հարազատների հետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter