HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

««Նեմեսիս» արձանի ապամոնտաժումը կնշանակի այլ երկրի օրակարգը սպասարկել սեփական երկրում». Երևանի ավագանու անդամ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Նեմեսիս» հուշակոթողի տեղադրումը համարել է սխալ որոշում։ «Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում նա մասնավորապես ասել է․ «Եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, ես կարծում եմ, որ կայացվել է սխալ որոշում, և այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ»։

Մինչդեռ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, կարծես թե, այդքան էլ համաձայն չէ Փաշինյանի տեսակետին։ Երեկ՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ԱԽ քարտուղարն ասել էր, թե արձանի տեղադրումը Հայաստանի ներքին հարցն է, և որևէ մեկն իրավունք չունի դրան խառնվել՝ նկատի ունենալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությունները։

Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ վարչապետ Փաշինյանի մեկնաբանությունից զատ նախարարությունն, այս պահին ավելացնելու ոչինչ չունի։ 

Հարցին, թե արդյո՞ք ԱԳՆ-ն համակարծիք է վարչապետ Փաշինյանի տեսակետին, որ արձանի տեղադրումը սխալ որոշում էր, մամուլի խոսնակը պատասխանեց. «Վարչապետի մակարդակով ինչ հայտարարվել է, դա է, այս պահին, ավելացնելու ոչինչ չկա»։ Մինչդեռ այստեղ հետաքրքրականն այն է, որ նախքան արձանի տեղադրումը դրա նախագիծը ուղարկվել է արտգործնախարարություն, և այնտեղից որևէ առարկում չի եղել։

Հիշեցնենք, որ «Նեմեսիս» գործողությանը նվիրված արձանը բացվել է Երևանի Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում՝ ապրիլի 25-ին։ Հուշակոթողի վրա գրված են Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրքերի պարագլուխներից և 1918թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից վրեժ լուծածների անունները։

Արձանի տեղադրումից հետո Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն բացասական արձագանք էր տվել և ասել, որ Թուրքիան անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել՝ լավացնելու հայ-թուրքական հարաբերությունները, մինչդեռ Հայաստանը, արձանը տեղադրելով, ևս մեկ անգամ ապացուցել է, որ անկեղծ չէ։ Բացի այդ, արձանի տեղադրմամբ պայմանավորված՝ Թուրքիան փակել էր օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար։

Չավուշօղլուն նաև սպառնացել էր հայկական կողմին․ «Նրանց ասել ենք` եթե արձանը չհանեք, կարգավորումը չէ, դեռ մի բան էլ պատասխան քայլեր կանենք»։

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը նշում է, որ արձանի տեղադրման գործընթացը տևել է շատ երկար, նախագիծն ուղարկել են ԱԳՆ, կառույցից որևէ առարկում չի եղել։ Երևանի ավագանու նիստում էլ նախագիծը միաձայն ընդունվել է։

«Երբ նախագիծը նոր էր ներկայացվում, ես դեռ «Իմ քայլի» անդամ էի էդ ժամանակ, դա մինչև պատերազմն է եղել և ճնշող մեծամասնությունը կողմ էր, իսկ պատերազմից հետո երբ քննարկվեց, միաձայն կողմ էին բոլորը»,- նշեց ավագանու անդամը։

Կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում Երևանի նախկին քաղաքապետ, այժմ վարչապետի խորհրդական Հրաչյա Սարգսյանը ասել է, թե Նիկոլ Փաշինյանին չէր տեղեկացրել «Նեմեսիս» հուշարձանի մասին։ Այս մասին Իզաբելլա Աբգարյանը նշեց՝ քանի որ եղել է քվեարկություն, հնարավոր չէ, որ վարչապետն այս մասին տեղյակ չլիներ։ Քաղաքապետրանը արձանի տեղադրման համար տարածք է տրամադրել, իսկ Հրաչյա Սարգասյանն էլ, Աբգարյանի խոսքով, այդքան էլ չի առնչվել գործընթացներին։

«Թե՛ նախագծի գաղափարը, թե՛ քվեարկությունը Հայկ Մարությանի օրոք է եղել, իսկ աշխատանքներն արել են նախաձեռնողները՝ լրիվ իրենց հաշվին, ֆինանսավորումից սկսած։ Դա համայնքը չի արել, իհարկե, Երևանի քաղաքապետարանը վերահսկել է աշխատանքները»,- ասաց Աբգարյանը։

Արձանի ապամոնտաժման մասին շրջանառվող լուրերի վերաբերյալ ավագանու անդամը շեշտեց, որ չի կարծում, թե կգնան նման քայլի, քանի որ դա կնշանակի այլ երկրի օրակարգը սպասարկել սեփական երկրում։

«Եթե Հայաստանը ինքնիշխան պետություն է, ապա չի կարող մի երկրի թելադրանքով որոշել, թե ինչ արձան դնի, առավել ևս Երևան քաղաքը, որն ունի ինքնակառավարման անկախ մարմին։ Երևան քաղաքը կարող է ցանկացած արձան դնել, դա կարող է Նիկոլ Փաշինյանին դուր չգալ, բայց եթե ավագանին որոշեց, դա կդրվի, և որևէ մեկը Կառավարությունից իրավունք չունի ձեռք տալու այդ արձանին»,- եզրափակեց Իզաբելլա Աբգարյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter