
Պուտինը չեղարկել է Վրաստանի հետ վիզային ռեժիմը և թույլատրել ուղիղ թռիչքներն այդ երկիր
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի առանց վիզային ռեժիմ սահմանելու մասին։
Meduza-ն, հղում անելով փաստաթղթին, գրում է, որ բացառություն են կազմում այն քաղաքացիները, որոնք ՌԴ են մուտք գործում 90 օրից ավելի ժամկետով աշխատանքային գործունեություն իրականացնելու համար, այդ թվում կրթության նպատակներով։
Իր մեկ այլ հրամանագրով Պուտինը հանել է Ռուսաստանից Վրաստան օդային փոխադրումների արգելքը, որը գործում էր 2019 թվականի հունիսից։
#Putin lifted the ban for #Russian airlines to fly to #Georgia and canceled the visa regime for citizens of this country. pic.twitter.com/jCexrEB0mv
— NEXTA (@nexta_tv) May 10, 2023
ՌԴ տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը «Интерфакс»-ին հայտարարել է, որ փոխադրողներն արդեն իրականացնում են թռիչքների վերականգնման նախապատրաստությունը և մտադիր են Մոսկվայից շաբաթական յոթ ուղիղ թռիչք իրականացնել Թբիլիսի և հակառակը։
Պուտինի հրամանագրերից հետո ՌԴ ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին՝ Վրաստան մեկնելուց խուսափելու մասին խորհրդատվությունը։ «Այդ երկիր այցելելուն զուգահեռ անհրաժեշտ է հաշվի առնել անվտանգության ասպեկտները՝ ցուցաբերելով աչալրջություն»,- հայտնել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Պուտինի հրամանագրին արձագանքել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ նշելով, որ անընդունելի է համարում Ռուսաստանի իշխանությունների որոշումը։
Another Russian provocation!
— Salome Zourabichvili (@Zourabichvili_S) May 10, 2023
Resuming direct flights and lifting visa ban with Georgia is unacceptable as long as Russia continues its aggression on Ukraine and occupies our territory!
«Ռուսական հերթական սադրանքը։ Ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը և Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկումը անընդունելի է այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է ագրեսիան Ուկրաինայի դեմ և բռնազավթում մեր տարածքը»,- հայտարարել է Վրաստանի նախագահը։
Զուրաբիշվիլին նաև կոչ է արել Ազգային անվտանգության խորհրդի նիստ հրավիրել և քննարկել երեք ամսով ռուսական քաղաքացիների համար վիզայի սահմանման հարցը։
Վրացական կառավարությունը դեռևս չի արձագանքել այս լուրերին, սակայն Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանից ուղիղ ավիահաղորդակցության մասով դեռևս պաշտոնական որևէ դիմում չեն ստացել։
Վրաստանի և Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2008 թվականի սեպտեմբերին, երբ ռուս-վրացական հնգօրյա պատերազի հետևանքով Մոսկվան ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունն ու այնտեղ տեղակայեց իր զինուժը։ Մոսկվայի ու Թբիլիսիի հարաբերությունների դադարեցումից հետո Շվեյցարիայի դեսպանություններում բացվեցին ՌԴ-ի ու Վրաստանի շահերի բաժիններ։ Վերջին տարիներին Ռուսաստանի իշխանությունները բազմիցս արգելքներ են դրել ուղիղ հաղորդակցությունների վրա և վիզային ռեժիմը կիրառել որպես Վրաստանի վրա քաղաքական ազդեցության գործիք։
Լուսանկարը՝ Daro Sulakauri/Getty Images News/Getty Images
Մեկնաբանել