HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Սարգսյան. «Նոտարի ծառայություններից մեր քաղաքացիները դժգոհ են»

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

ՀՀ կառավարությունը հաստատել է նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները, ուժը կորցրած ճանաչել սակագները հաստատելու նախկին որոշումը։ Նոր որոշմամբ մանրամասնորեն կարգավորվում են նշված հարաբերությունները և հնարավորինս հստակ թվարկվում նոտարների կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները։

Մասնավորապես, վերացվում է «առանձնապես բարդ գործարքներ» հասկացությունը, որի համար ծառայության վճար էր նախատեսված նվազագույն աշխատավարձի 5-20-ապատիկի չափով, սահմանվում է, որ նոտարի կողմից կատարվող վճարը ներառում է ոչ միայն բոլոր փաստաթղթերի ուսումնասիրումը, պարզաբանումը, այլև օրինակելի ձևերի տրամադրումը։

Սակագների հստակեցմամբ նոտարին դիմած անձանց համար կապահովվեն առավել բարենպաստ պայմաններ' սահմանափակելով նոտարների կողմից իրենց հայեցողությամբ որոշակի ծառայություններն առանձնապես բարդ համարելու և դրանց համար առավել բարձր սակագներ սահմանելու հնարավորությունները։

Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ' սա մեր նոտարական ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված քայլերից է։ «Ցավով պետք է նշեմ, - հավելել է վարչապետը, - որ մեր մոնիտորինգի արդյունքները դեռևս գոհունակության տեղիք չեն տալիս. նոտարի ծառայություններից մեր քաղաքացիները դժգոհ են։ Այդ իրավիճակը պետք է շտկենք հնարավորին չափ կարճ ժամկետում։ Բոլոր գերատեսչությունների ղեկավարների ուշադրությունը ևս մեկ անգամ ցանկանում եմ հրավիրել այս հանգամանքի վրա։ Ծառայությունների մոնիտորինգը մենք շարունակում ենք։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ վերջին շաբաթվա մեր մոնիտորինգի արդյունքներով էապես դրական ցուցանիշներ են արձանագրվել կադաստրի աշխատանքում։ Բյուրոկրատական քաշքշուկը վերացված է, ծառայությունները մատուցում են բարձր որակով, քաղաքացիներն էլ գոհ են այդ ծառայություններից։ Նույնը պետք է ապահովենք նոտարական գրասենյակներում»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter