HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 30 հիվանդ սպասում է շտապ տեղափոխման

Արցախում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 30 հիվանդ սպասում է շտապ տեղափոխման Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններ, սակայն Ադրբեջանի կողմից Հակարի կամրջի մոտ անցակետ տեղադրելուց հետո, տեղափոխումը հնարավոր չէ կազմակերպել։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Ադրբեջանի կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության խոչընդոտման վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում ասվում է հետևյալը․

«Ապրիլի 23-ին Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա՝ Հակարի կամրջի մոտ, անօրինական հսկիչ անցագրային կետ տեղադրելուց ի վեր Ադրբեջանի կողմից արհեստական պատճառաբանություններով խոչընդոտվում է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բնականոն գործունեությունը, որով ադրբեջանական կողմը ոչ միայն ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները, այլև կոպտորեն խախտում է շրջափակման ընթացքում ծայրահեղ ծանր առողջական վիճակում գտնվող անձանց ՀՀ տեղափոխելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը։ Սրանով իսկ Ադրբեջանը ուղիղ անտեսում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը, որով դատարանի պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը:

Այս ընթացքում ԿԽՄԿ-ի կողմից բուժառուների տեղափոխում իրականացվել է երկու անգամ՝ ապրիլի 28-ին (13 բուժառու) և ապրիլի 29-ին (16 բուժառու):  Ապրիլի 29-ից ամբողջությամբ դադարել են ԿԽՄԿ-ի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռք բերված տեղեկության համաձայն՝ ադրբեջանական կողմն առաջ է քաշել հավելյալ պայմաններ՝ պահանջելով ստուգել բուժառուներին տեղափոխող մեքենաները, ինչպես նաև Կարմիր խաչի աշխատակիցների և բուժառուների անձնագրերը՝ խախտելով մինչ այդ ձեռք բերված համաձայնությունները։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 30 հիվանդ սպասում է շտապ տեղափոխման:

Ադրբեջանի կողմից դիտավորյալ խոչընդոտվում է նաև Կարմիր խաչի միջոցով անհրաժեշտ դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ, որի հետևանքով լրջագույն խնդիրներ են առաջանում Արցախի բուժհաստատություններում։

Ադրբեջանական կողմը, նպատակ ունենալով ամբողջության մեկուսացնելու Արցախը, նպատակաուղղված գործողություններ է ձեռնարկում՝ խոչընդոտելու անգամ հումանիտար կազմակերպությունների գործունեությունը Արցախում՝ պարբերաբար անրհեստական հավելյալ պահանջներ ներկայացնելով։

Անգամ հումանիտար բնույթի հարցերում Ադրբեջանը պատրաստ չէ դրսևորելու կառուցողականություն և առիթը բաց չի թողնում ահաբեկելու բնակչությանը և խորացնելու մարդկանց՝ շրջափակման հետևանքով առաջացած թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական տառապանքները՝ դիտավորյալ խորացնելով հումանիտար ճգնաժամը։

Ադրբեջանի վարքագիծը ուղիղ հակասում է միջազգային իրավունքին և մարդասիրության սկզբունքներին, ինչը պետք է արժանանա միջազգային կազմակերպությունների և իրավապաշտպան համայնքի հստակ դատապարտմանը։

Ակնակալում ենք միջազգային կառույցների գործնական միջամտությունը հումանիտար բնույթի այս կարևորագույն խնդրի կարգավորման ուղղությամբ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter