
Մոսկվան Երևանից նախաձեռնողական քայլեր է սպասում Հայաստանում ՀԱՊԿ առաքելության տեղակայման ուղղությամբ. Զախարովա
Ռուսաստանը հայկական կողմից նախաձեռնողական քայլեր է սպասում Հայաստանի տարածքում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հարցի շուրջ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք հայ գործընկերներից ակնկալում ենք նախաձեռնողական քայլեր՝ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության տեղակայման ուղղությամբ բովանդակալից աշխատանքը վերսկսելու և մեր դաշնակցին օգնելու այլ համատեղ միջոցառումների ուղղությամբ: Ռուսական կողմը պատրաստ է նման աշխատանքի, ինչին Երևանը քաջատեղյակ է»,- կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի պաշտոնատար անձանց կողմից ՀԱՊԿ հասցեին հանրային քննադատությունը հակաարդյունավետ է համարում։ «Տարակուսելի է Հայաստանի ղեկավարության ձգտումը` քննարկելու կազմակերպության արդյունավետության հարցերը նրանից դուրս, երբ դրա համար ՀԱՊԿ-ում առկա են բոլոր անհրաժեշտ ձևաչափերը, փոխգործակցության հաստատված ուղիները, իսկ ամենակարևորը ՝ այդ կազմակերպության, այդ կառույցի մասնակիցները, որոնք ոչ միայն պատրաստ են լսել այդ ամենը, այլև պատրաստ են աշխատել այդ ուղղությամբ»,- նշել է Զախարովան։
Լուսանկարը՝ REUTERS/Anton Vaganov
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել