HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Բրյուսելում խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորությունը շատ փոքր է. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ ժամը 06։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ հարվածներ հասցնելով ՀՀ ինքնիշխան տարածքին։ Անդրադառնալով հրադադարի ռեժիմի խախտմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության ապրիլի 11-ի նիստի մեկնարկին հայտնեց, որ ակտիվ հրետակոծության ինտենսիվությունը որոշակիորեն նվազել է «Հայաստանի բանակի ադեկվատ և արդյունավետ պատասխան գործողություններից հետո»։

Փաշինյանը հայտնեց՝ հայկական կողմն ունի 4 վիրավոր, որոնց շուտափույթ ապաքինում մաղթեց։

«Ադրբեջանական կողմի գործողությունները սադրիչ են և այլոց շարքում նպատակ ունեն զրոյացնել այն առաջընթացը, որ գրանցվել է մայիսի 1-4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում։ Այսօրվա սադրանքը նպատակ ունի նաև խաթարել կիրակի օրը Բրյուսելում եռակողմ ֆորմատով, իսկ հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները։ Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանին բանակցային գործընթացը հարկավոր է միայն էսկալացիայի և պատերազմի պատճառաբանություն ստանալու համար, իսկ էսկալացիաներն օգտագործվում են բացառապես բանակցություններում գրանցված որևէ առաջընթաց զրոյացնելու համար։ Սա տեղի է ունենում հիմա։ Ադրբեջանի ՊՆ-ի երեկվա հաղորդագրությունները մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին մտացածին են»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ նման տեղեկատվություն հորինվում է իրադրությունը սրելու համար։

«Եթե իրադրությունը սրելը Ադրբեջանի նախատրամադրվածությունը չէ, որևէ տեղային միջադեպ կարելի է արագ կարգավորել գոյություն ունեցող կապերով տեղեկատվությունը ճշտելու, փոխանակելու և կանխարգելիչ պայմանավորվածություններ ձեռք բերելու միջոցով։ Նախորդ օրը նման բան տեղի չի ունեցել մի պարզ պատճառով՝ որևէ միջադեպ չի գրանցվել, և ադրբեջանական դեզինֆորմացիոն մեքենան հետին թվով այդ լուրը հորինել է իրադրությունը սրելու համար։ Իսկ իրադրության սրման հիմնական նպատակը, կրկնում եմ, բանակցային գործընթացը զրոյացնելն է և հետագա բանակցությունների ընթացքը խափանելը»,- նշեց վարչապետը։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ սա միակ նպատակը չէ, հաջորդը միջազգային և հայաստանյան հանրության ուշադրությունը Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու փաստից շեղելն է՝ նոր տեղում նոր ճգնաժամ ստեղծելու միջոցով մոռացության տալով հինը։

«Սա Ադրբեջանի փորձված մարտավարությունն է։ Սեպտեմբերյան ագրեսիան մոռացության տալու փորձ արեցին՝ կեղծ «բնապահպանական» ակտիվիստներով Լաչինի միջանցքը արգելափակելու միջոցով, ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամը մոռացության տալու փորձ արեցին Տեղ գյուղի հատվածում՝ Հայաստանի պետական սահմանը հատելու միջոցով, Տեղի հատվածում սահմանի խախտումը մոռացության տալու փորձ արեցին Լաչինի միջանցքում անցակետ դնելու միջոցով, Սոթքում իրադրությունը սրելու միջոցով նրանք փորձում են մոռացության տալ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը։ Ի հեճուկս Ադրբեջանի փորձերի՝ այս բոլոր հարցերը, բնականաբար, շարունակում են մնալ մեր առաջնային օրակարգում։ Միջազգային հանրության հետ ակտիվ կոմունիկացիան այս թեմաների վերաբերյալ պետք է շարունակվի»,- նշեց նա։

Վարչապետը տեղեկացրեց՝ այս պահի դրությամբ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իր որոշումը չի փոխել։

«Նաև ուզում եմ պատասխանել հետևյալ մի հարցի, որ կռահում եմ՝ առաջիկայում որոշ ուժեր կարող են փոթորկել արդեն իսկ հայտնի սցենարով, եթե մեկնեմ Բրյուսել։ Որքանո՞վ է հավանական, որ կիրակի օրն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի։

Ցավոք, նման հնարավորությունը շատ փոքր է, որովհետև «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագիծը դեռ շատ նախնական տեսք ունի, և դեռ վաղ է այն ստորագրելու մասին խոսել։ Մյուս կողմից, խնդիր ունենք հնարավորինս արագ հասունացնել այդ փաստաթուղթը և այն պատրաստել ստորագրման»,- հայտնեց վարչապետը։

Փաշինյանն ընդգծեց, որ Ադրբեջանն իր այսօրվա գործողությոններով կասկածի տակ է դնում այս ընթացքում ձեռք բերված ֆունդամենտալ պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում, հոկտեմբերի 31-ին Սոչիում։

«Այդ փաստաթղթերում ընդգծվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Հարցը, որը ծագում է այս համատեքստում, հետևյալն է․ եթե Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչո՞ւ է կրակում մեր երկրի ինքնիշխան տարածքի վրա, մանավանդ որ 2022թ․ Սոչիի եռակողմ հայտարարության համաձայն՝ կողմերը պետք է զերծ մնան ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից։ Ադրբեջանն այսօր նույնպես կոպտորեն խախտել է այս գրավոր, հրապարակային պայմանավորվածությունները»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ դժվար է հիշել համատեղ ընդունված մի փաստաթուղթ, որն Ադրբեջանն այս ընթացքում չի խախտել։

Փաշինյանը նշեց՝ վաղ առավոտից Պաշտպանության նախարարությունը  գործնականում 15-20 րոպեն մեկ, երբեմն ավելի հաճախ տեղեկատվություն է հրապարակում իրադրության մասին և կոչ արեց հետևել պաշտոնական լրահոսին ու ադրբեջանական ու ոչ ադրբեջանական կեղծ տեղեկատվություն չտարածել։

«ՊՆ-ն կշարունակի պարբերական տեղեկատվության հրապարակումը։ Ասեմ նաև, որ այս պահի դրությամբ իրադրությունը լարվածության էական նվազում է արձանագրել, բայց իրադրությունը դեռ վաղ է լիարժեք կայուն համարել»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter