
Պուտինի օրակարգում Փաշինյանի և Ալիևի հետ զրույց չկա. Պեսկով
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների նոր սրման ֆոնին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայում շփումներ չի պլանավորում։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ռուսական TACC գործակալության հարցին։
«Ներկայում դեռ չկա, սակայն շփումները շարունակվում են։ Պուտինը բառացիորեն 2 օր առաջ առանձնազրույց է ունեցել Փաշինյանի հետ, որը գտնվում էր Մոսկվայում։ Շարունակվում են շփումները նաև ադրբեջանական կողմի հետ։ Ռուսաստանը շարունակում է իրականացնել իր գործառույթները, որոնք նախատեսված են եռակողմ փաստաթղթերին համապատասխան»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը երկու կողմերին զսպվածության կոչ է անում և հորդորում չձեռնարկել որևէ գործողություն, որը կարող է հանգեցնել լարվածության աճի։ «Մենք կշարունակենք Բաքվի ու Երևանի հետ մեր շփումները»,- եզրափակել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ վաղ առավոտվանից լարված էր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի հատվածում։ Ըստ վերջին տվյալների՝ հայկական կողմն ունի 4 վիրավոր։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ադրբեջանական կողմը եւս զոհ ունի։ Ներկայում իրավիճակը հարաբերականորեն կայուն է։
Լուսանկարը՝ Михаил Климентьев / ТАСС
Մեկնաբանել