«Երբ սկսում են որևէ տեխնիկա շարժել Սոթքի հանքավայրի տարածքում, անմիջապես կրակում են»․ Թագուհի Թովմասյան
Ադրբեջանը երեկվանից չի սկսել Սոթքի վրա կրակել, արդեն 20 օր է՝ կրակում է։ «Հետք»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
«Երբ Ազգային ժողովում ակցիա իրականացրի՝ ասելով, որ ամբիոնից չեմ իջնելու, ուշադրություն էի հրավիրում իմ ելույթի վրա, որովհետև այդ ժամանակվա դրությամբ 7 օրից ավել Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով կրակում էր Սոթքի հանքի վրա։ Պետական որևէ օղակից որևէ արձագանք չէր հնչում։ Ես իմ ակցիայով ուզեցի ուշադրություն հրավիրել այդ խնդրի վրա և ահազանգել, որ 800 աշխատակից չի կարողանում գնալ աշխատանքի, որովհետև հանքավայրը չի աշխատում։ Երբ սկսում են որևէ տեխնիկա շարժել հանքավայրի տարածքում, անմիջապես վերևից կրակում են։ Այս մասին որևէ ահազանգ իշխանությունը չհնչեցրեց, ինչի արդյունքն այն է, որ Ադրբեջանը սկսեց ավելի խոշոր տրամաչափի զենքից կրակել և ինտենսիվությունը մեծացնել»,- ասաց պատգամավորը։
Թովմասյանի խոսքով՝ հանքավայրը չի աշխատում 20 օրից ավել, և 800 աշխատակից մատնված է անորոշության։
«Նրանք վարկեր, պարտավորություններ ունեն, որոնք չեն կարողանում վճարել, որովհետև հարկադիր պարապուրդի մեջ են»,- նշեց նա։
Պատգամավորն այժմ գտնվում է Վարդենիսում, ասում է՝ կրակոցներ այս պահին չկան, բայց որևէ երաշխիք չկա, որ չեն լինի 5 րոպեից, 10 րոպեից, կես ժամից, և հայտնի չէ՝ ինչ մասշտաբով կլինեն։
Թագուհի Թովմասյանի կարծիքով՝ ադրբեջանական սադրանքի նպատակը Սոթքի հանքավայրի նկատմամբ նկրտումներն են։
«Մարդկանց մոտ հուսահատություն է, որ Նիկոլ Փաշինյանը եկավ Վարդենիս, խոստանում էր ապագա, հիմա մարդիկ Վարդենիսում ընկած էդ ապագան են ման գալիս, որ տեսնեն՝ որտեղ ա, չեն գտնում»,- նշեց Թագուհի Թովմասյանը։
Մեկնաբանել