
Բերդաշեն գյուղում շուտով կկառուցվի սանիտարական սպանդանոց
«Խորհրդային տարիներին ոչ միայն Շիրակի մարզում, այլև ողջ հանրապետությունում սպանդանոցների հետ կապված որևէ խնդիր չի եղել: Գոյություն ունեին մթերման համար հատուկ կոմբինատներ, ասենք, Լենինականի մսի կոմբինատը, Քյավառում կար և այլն: Այնպիսի հիվանդությամբ, ինչպիսին, օրինակ, բրուցելոզով վարակված անասունների մորթը, կատարվում էր կոմբինատներին կից հատուկ այդ նպատակով ստեղծված սանիտարական սպանդանոցներում,-ասում է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը,-ցավոք սրտի այսօր նման բան չկա, մարզում չկա անգամ սովորական սպանդանոց, որտեղ հնարավոր կլիներ ժամանակակից մեթոդներով մորթ կատարել»:
Գաղտնիք չէ, որ գյուղերում անասունի մորթը հիմնականում կատարում են այսպես կոչված «ղասաբները» կամ հենց շուկայում մսի վերավաճառքով զբաղվողները: Շատ հաճախ մորթն արվում է դրսում` գետնի վրա: Ամասիայի տարածաշրջանի Ջրաձոր գյուղում, որտեղ բրուցելոզ հիվանդության բռնկում էր եղել խոշոր եղջերավոր անասունների շրջանում, գյուղացիները պատմեցին, որ մորթն արվել է հիմնականում դրսում, և թափված արյան հետ շփված առողջ անասունը ևս վարակվել է:
«Առողջ անասունը, լիզելով էդ արյունը, վարակվում է»,-բացատրեցին գյուղացիները:
Մովսես Մանուկյանն ասաց, որ առաջարկություն են ներկայացրել մարզում սանիտարական սպանդանոց կառուցելու համար: 2010թ-ին այդ ուղղությամբ բավական աշխատանքներ կատարվել են, ուսումնասիրվել են մի քանի տարածքներ, այդ թվում և Գյումրի քաղաքում:
«Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում սկզբում ուզում էին սպանդանոցը կառուցել Գյումրիում, անգամ շինություն էին առանձնացրել: Հետագայում պարզվեց, որ տեղանքն ու շինությունը չեն համապատասխանում ներկայացվող պահանջներին, դրա համար էլ գործընթացը ձգձգվեց»,-ասում է Մովսես Մանուկյանը:
Այս տարի Շիրակի մարզպետարանը հանդես է եկել նոր առաջարկությամբ` սպանդանոց կառուցել անասնապահական շրջաններ հանդիսացող Ամասիայի կամ Աշոցքի տարածաշրջաններում:
Ընտրվել է Ամասիայի նախկին վարչատարածքում գտնվող Բերդաշեն գյուղը, որտեղ «Գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության» ծրագրի շրջանակներում կկառուցվի առայժմ միայն սանիտարական սպանդանոցը:
«Արփա լիճ» ազգային պարկ ծրագրով ևս կա նման կառույցի կառուցման նախագիծ և ես կարծում եմ, որ այդ տարածաշրջանում սպանդանոց ունենալն ավելի ճիշտ է, քան Գյումրիում: Նշված հատվածում ունենք շուրջ 10 համայնքներ, որոնք ինտենսիվ զբաղվում են անասնաբուծությամբ,-պարզաբանում է Մովսես Մանուկյանը,-և հույս ունեմ, որ այս տարի գործը կհասցնենք ավարտին»:
Գյուղվարչության պետի խոսքերով Հայաստանը հեռու է Գերմանիա կամ Հոլանդիա լինելուց, որտեղ գյուղերն ունեն իրենց սեփական սպանդանոցները, բայց գոնե մեկ սանիտարական սպանդանոցի կառուցումով հնարավոր կլինի պայքարել բրուցելոզ հիվանդության դեմ ու ապահովել առողջ անասնագլխաքանակ:
Մեկնաբանել