HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդակցություն ոստիկանությունում

Հունիսի 15-ին ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, մարզային վարչությունների, բաժինների պետեր, ինչպես և այլ ստորաբաժանումների ու ծառայությունների ղեկավարներ:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անդրադառնալով օպերատիվ-ծառայողական գործունեությանը, արձանագրված ցուցանիշներին և բարեփոխումների ընթացքին` նշեց, որ, այնուամենայնիվ, դեռևս կան ծառայողներ, որոնք լիովին չեն ընկալել ընթացող փոփոխությունների ողջ խորությունն ու անշրջելիությունը և հստակ չեն պատկերացնում նպատակը, որին ուղղված են ոստիկանության ղեկավարության գործողությունները:

Վլադիմիր Գասպարյանը կրկին շեշտեց յուրաքանչյուր ոստիկանի ներքին բարեփոխման, ոստիկանության գործունեության հիմքում բարոյականության, պատվի, արժանապատվության արժեքները դնելու անհրաժեշտությունը` գլխավոր ցուցիչ ունենալով ազնիվ, անկաշառ ու պրոֆեսիոնալ աշխատանքը:

Խոսելով ոստիկանության աշխատանքում տեղ գտած թերությունների մասին` Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ դեռևս գոհացուցիչ չէ կատարողական կարգապահության մակարդակը: Մասնավորապես, չնայած համապատասխան ցուցումներին ու հանձնարարականներին, դեռ արձանագրվում են հատկապես գյուղմթերքներ տեղափոխող ավտոմեքենաներն անհիմն ու անհարկի կանգնեցնելու դեպքեր, միշտ չէ, որ պատշաճ վերաբերմունք է ցուցաբերվում ապօրինի ծառահատումներին:

Ոստիկանության պետը ճանապարհային ոստիկանության ղեկավարությանը մեկ անգամ ևս հրահանգեց առավելագույնս պահանջկոտ լինել անծածկոց թափքերով բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատարների, գերհզոր ազդանշանային սարքերով, վերասարքավորված խլացուցիչներով մեքենաների վարորդների և ընդհանրապես ճանապարհային երթևեկության կանոնները խախտողների նկատմամբ, քանի որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է մեր քաղաքացիների կյանքին ու առողջությանը:

Անդրադառնալով ծառայողական և կատարողական կարգապահության ամրապնդման, աշխատանքի արդյունավետության բարելավման, բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխության խնդիրներին` Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ մի շարք բաժինների թերացած պետեր արդեն իսկ տույժեր են ստացել, ոմանք ազատվել են զբաղեցրած պաշտոններից, և այդ ուղղությամբ խստապահանջ ու հետևողական աշխատանքը շարունակվելու է:

Ոստիկանությունը ծառայում է հասարակությանը և այդ ծառայության գնահատականը հենց հասարակությունը կտա` շեշտեց ոստիկանության պետը` նշելով, որ շուտով վերսկսելու է մարզային այցելությունները և անպայման հանդիպումներ է ունենալու համայնքներում` ոստիկանության աշխատանքի գնահատականն անմիջաբար բնակչությունից ստանալու համար:

Ամփոփելով խորհրդակցությունը` ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը մասնակիցներին կրկին կոչ արեց հրատապ միջոցներ ձեռնարկել ստորաբաժանումներում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման, կադրերի մարդկային ու մասնագիտական որակների կատարելագործման, հասարակության հետ համագործակցության խորացման և վերջնականապես միակամ ու միասնական ոստիկանական կառույց ձևավորելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter