HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը Ներքին Բազմաբերդում այցելել է դպրոցական ծրագրի մասնակից աշակերտներին

Նիկոլ Փաշինյանն երեկ երեկոյան այցելել է Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնք՝ հանդիպել Երևանի Մ. Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի և Ներքին Բազմաբերդի Ե. Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին և ուսուցչական անձնակազմին: Նրան տեղեկացվել է, որ համագործակցային նախագծի շրջանակում երկու դպրոցների 8-րդ դասարանների աշակերտներն անցկացնում են եռօրյա միջոցառում:

Վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունը հայտնում է, որ առաջին օրը երևանյան դպրոցից 10 աշակերտ հյուրնկալվել է Ներքին Բազմաբերդում, իսկ գյուղից 10 աշակերտ՝ Երևանում: 2 գիշերակացի շրջանակում վերջիններս ծանոթանում են միմյանց հետ և յուրաքանչյուրը ներկայացնում է իր տեսածը և սովորածը, կենցաղային և սովորույթային հետաքրքիր առօրյան։

Ծրագրի երկրորդ օրը կազմակերպվել է էքսկուրսիա՝ պատմամշակութային հուշարձաններ, իսկ 3-րդ օրը՝ երկու դպրոցների 8-րդ դասարանի բոլոր աշակերտները հանդիպում են Ներքին Բազմաբերդում։

Այս միջոցառման շրջանակներում աշակերտները հնարավորություն են ստանում մոտիկից ճանաչելու միմյանց, անցկացնելու մշակութային տարբեր միջոցառումներ:

Վարչապետ Փաշինյանն այցի ընթացքում զրուցել է աշակերտների և ուսուցիչների հետ, պատասխանել նրանց հարցերին, աշակերտները հանդես են եկել մշակութային կատարումներով: Վերջիններս շնորհակալություն են հայտնել Նիկոլ Փաշինյանին իրենց այցելելու և հետաքրքիր զրույց անցկացնելու համար:

Ամփոփելով հանդիպումը՝ վարչապետը նշել է.

«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ ինձ հրավիրելու համար, որ այս գեղեցիկ օրվան և իրադարձությանը ներկա գտնվեցի, որովհետև ես, անկեղծ ասած, այս ընթացքում շատ դրական լիցքեր ստացա բոլորիցդ: Շատ ուրախ եմ տեսնել, որ այսօր մեր հանրակրթության ոլորտում այսպիսի պրակտիկա կա, որ երեխաներն այսպես՝ շենքից դուրս, դպրոցից դուրս, դասարանից դուրս հավաքվում են և շփվում են ոչ միայն կողքի դպրոցի, կողքի դասարանի հետ, այլև գյուղական բնակավայրում գտնվող դպրոցի հետ: Եվ այս շփումը ես շատ կարևոր և ոււսանելի եմ համարում բոլորի համար: Իհարկե հույս ունեմ, որ նորանոր առիթներ կունենամ այսպիսի միջոցառումների մասնակցելու համար:

Ուզում եմ բոլորիցդ շնորհակալություն հայտնել ոգու համար, տրամադրության համար, կազմակերպման համար, հարաբերությունների համար, ցանկության համար, ստեղծագործականության համար: Եվ դա շատ կարևոր է և կրթության անբաժանելի մասն է: Ես բազմիցս եմ ասել, անընդհատ ասում եմ, որ կրթությունից ավելի կարևոր բան չկա, և մեր բոլորիս նպատակն է այնպես անել, որ Հայաստանում կրթության մակարդակը գնալով բարձրանա: Բայց դա իհարկե չի նշանակում միմիայն ավելի որակյալ գիրք, ավելի որակյալ շենք, սա նշանակում է ավելի որակյալ մոտեցում: Եվ ես այսօր այդ որակյալ մոտեցումը տեսա, ինչի համար բոլորիցդ շնորհակալ եմ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter