
Գերմանիայի կառավարությունը հաստատել է Բեռլին Վլադիմիր Զելենսկու այցը
Գերմանիայի կառավարությունը մայիսի 13-ին հաստատել է Գերմանիա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը։ Այն կկայանա վաղը՝ մայիսի 14-ին։ Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Reuters և dpa գործակալություններին։
Գերմանիայի մայրաքաղաքում Ուկրաինայի նախագահը հանդիպումներ կունենա նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի և դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Գերմանական Ախեն քաղաքում մայիսի 14-ին Զելենսկին, որպես ուկրաինական ողջ ժողովրդի ներկայացուցիչ, կստանա Կառլ մեծի անվան մրցանակը։ 1950 թվականից այն շնորհվում է այն գործիչներին, որոնք մեծ ներդրում են ունեցել եվրոպական միասնության գործում։
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո սա Զելենսկու առաջին այցն է Գերմանիա։ Գերմանիա այցին նախորդում է Իտալիա այցը, որտեղ Զելենսկին հանդիպումներ է ունենում նախագահ Մատարելայի, վարչապետ Մելոնիի ու Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ։
Զելենսկու այցի նախօրեին Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գերմանական կառավարությունը ռուսական ներխուժումից ի վեր Ուկրաինային կտրամադրի գրեթե 2,7 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն։
Ուկրաինան Գերմանիայից կստանա ևս 20 Marder ՀՄՄ, 30 Leopard 1 տանկ, 18 անվավոր հաուբից, IRIS-T SLM ՀՕՊ 4 համակարգ, IRIS-T SLS արձակման 12 կայան, այդ համակարգերի համար հարյուրավոր կառավարելի հրթիռներ և մինչև 200 հետախուզական դրոն։ Բացի այդ, Ուկրաինան կստանա նաև 100 զրահափոխադրիչ և լոգիստիկ աջակցության 100 տրանսպորտային միջոց։
Լուսանկարը՝ Sergei SUPINSKY / AFP
Մեկնաբանել