
Վլադիմիր Զելենսկին ժամանել է Իտալիա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը՝ մայիսի 13-ի առավոտյան ժամանել է Հռոմ։ Ինչպես հայտնել է Corriere della Sera թերթը, օդանավակայանում նախագահ Զելենսկուն դիմավորել է Իտալիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։
Մինչև վերջին պահը հայտնի չէր Իտալիա Զելենսկու այցի մասին։ Ինչպես սպասվում, Վլադիմիր Զելենսկին արդեն իսկ հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի հետ։ Նրանք հանդիպել են նախագահական նստավայրում։
L'Italia dà il benvenuto al Presidente dell'Ucraina Volodymyr Zelensky. Rinnoviamo il nostro impegno al fianco del popolo ucraino, a difesa della libertà e della democrazia. pic.twitter.com/3Qbc1FhWiv
— Antonio Tajani (@Antonio_Tajani) May 13, 2023
Իտալիայի նախագահի հետ հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահը հանդիպել է նաև վարչապետ Ջորջա Մելոնիի հետ։ Վերջին երեք ամիսների ընթացքում սա Զելենսկի-Մելոնի երկրորդ հանդիպումն է։ Այս տարվա սկզբին Իտալիայի վարչապետն այցելել էր Կիև և իր երկրի աջակցությունը հայտնել ուկրաինական ժողովրդին։ Ինչպես ակնկալվում է, Մելոնին և Զելենսկին քննարկում են Ուկրաինային սպառազինության մատակարարման հարցը։
Հռոմեական լրատվամիջոցները հայտնում են, որ Վլադիմիր Զելենսկին կայցելի նաև Վատիկան, որտեղ նախատեսված է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպումը։ Սուրբ աթոռն արդեն իսկ հաստատել է այս տեղեկատվությունը։ Սա կլինի նրանց առաջին հանդիպումը՝ 2022 թվականի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Հանդիպումը նախատեսված է օրվա երկրորդ կեսին։
Լուսանկարը` STRINGER / AFP
Մեկնաբանել