
Թուրքիայում փակվել են ընտրական տեղամասերը. սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը
Թուրքիայում տեղի ժամանակով 17:00-ին (Երևանի ժամանակով՝ 18:00-ին) փակվել են բոլոր ընտրատեղամասերը, ինչը նշանակում է, որ այդ երկրում ավարտվել են նախագահական ու խորհրդարանական ընտրությունները։
Ընդհանուր առմամբ, այդ երկրում և դրա սահմաններից դուրս նախագահական և խորհրդարանական ընտրությունների համար տեղակայվել է 191 885 քվեատուփ։ Քվեարկության ավարտից հետո, ըստ Թուրքիայի ընտրական օրենսգրքի, մեկնարկել է նախագահական ընտրությունների հաշվարկը։ Ընտրելու իրավունք ուներ Թուրքիայի շուրջ 64 միլիոն քաղաքացի։
Թուրքական 81 նահանգներում, ընդհանուր առմամբ, ընտրություններն անցել են առանց լուրջ բախումների։ Երկրում ուժեղացվել են անվտանգության միջոցները։ Գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավանդաբար քվեարկել է Ստամբուլում այն ժամանակ, երբ նրա գլխավոր մրցակիցը՝ ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, քվեարկել է Անկարայում։
Պարբերականները գրում են, որ քաղաքացիները հատկապես ակտիվորեն ընտրատեղամասեր են գնացել Ստամբուլում և Անկարայում։ Ընդ որում, այս ընտրություններն ունեն պատմական նշանակություն, քանի որ այս տարվա հոկտեմբերին կլրանա Թուրքական Հանրապետության հիմնադրման 100-ամյակը։
Այդուհանդերձ, սոցիալական ցանցերի թուրք օգտատերերը հայտնում են, որ ընտրություններն ընթանում են բազմաթիվ խախտումներով։
Sosyal medyaya yansıyan bu görüntüler Şanlıurfa Harran ilçesi, Minare köyünde çekilmiştir. Önce sandık kurulu üyelerimiz darp edilmiş sonra bu görüntüler ortaya çıkmıştır. Yetkili avukat arkadaşlarımız ilgili köye yönlendirilmiş ve İlçe Seçim Kuruluna itiraz edilmiştir.
— Oğuz Kaan Salıcı (@oguzksalici) May 14, 2023
Bu arada… pic.twitter.com/Yh1lyJjvqq
Նախագահական ընտրություններում մասնակցում է երեք թեկնածու՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը ներկայացնում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, ինչպես նաև «ATA դաշինք»-ի թեկնածու Սինան Օղանը։ Ինչպես ակնկալվում է, հիմնական պայքարն ընթանում է Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև։
Ընտրություններում հաղթելու համար թեկնածուներից մեկը պետք է հավաքի ձայների ավելի քան 50 %-ը։ Տեղի քաղաքագետները չեն բացառում երկրորդ փուլի հավանականությունը։ Այդ դեպքում ընտրությունները կկայանան մայիսի 28-ին և կհաղթի այն թեկնածուն, որը կստանա առավել շատ թվով ձայներ։
Խորհրդարանական ընտրություններին էլ մասնակցում է 36 կուսակցություն, որոնց մի մասը միավորվել են դաշինքների մեջ՝ խորհրդարանում առավել շատ մանդատներ ստանալու շանսը բարձրացնելու համար։
Լուսանկարը՝ Getty Images-ի
Մեկնաբանել