
Պաշտոնյաները հայտարարագրերը ներկայացնում են, բայց դրանք չեն հրապարակվում
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքի` անվերջ թվացող տեխնիկական խոտաններն ու կատարվող փոփոխությունները թույլ չեն տալիս ժամանակին հրապարակել պաշտոնատար անձանց ու նրանց ընտանիքի անդամների գույքի, եկամուտների, ծախսերի ու շահերի հայտարարագրերը: Մայիսի 31-ը տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետն է, սակայն դրանց չնչին մասն է հրապարակված: Չեն հրապարակվել նաև պաշտոնի ստանձման կամ դադարեցման հայտարարագրերը:
2023թ. հունվարի 1-ից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում հանձնաժողովը ստացել է մոտ 350 անձի պաշտոնեական պարտականությունների ստանձնման և դադարեցման վերաբերյալ լրացված տվյալներ: Սակայն հանձնաժողովի կայքում միայն 18 պաշտոնյայի տվյալներ են հրապարակված:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ 2023թ. փետրվարից գործարկվել է հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգը: Նույն տարվա՝ պաշտոնեական պարտականությունների ստանձնման և դադարեցման հայտարարագրման գործընթացը հնարավոր է եղել ապահովել միայն մարտի 20-ից, այն դեռևս ընթացքի մեջ է:
Սա այն դեպքում, երբ այդ հայտարարագրերը՝ կախված պաշտոնը ստանձնելու կամ դադարեցնելու ամսից, պետք է արդեն հրապարակված լինեին, իսկ ժամկետները խախտածների դեպքում՝ հարուցվեին վարույթներ: Այնինչ հանձնաժողովը նոր-նոր է սկսում ընդունել:
«Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերը պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, դադարեցնելու օրերին հաջորդող 30 օրվա ընթացքում են ներկայացնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:
Ժամկետը լրանալուց հետո 30 օրվա ընթացքում, գրավոր ծանուցման հիման վրա, հայտարարագիր չներկայացնելու խախտման հիմքով հարուցվում են վարույթներ:
Հայտարարագիրը դրա հանձնման օրվան հաջորդող 5-րդ օրը հրապարակվում է Հանձնաժողովի պաշտոնական կայքում:
Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանից հետաքրքրվել էինք, թե 2023թ.-ին պաշտոնը ստանձնած կամ դադարեցրած քանի՞ հայտարարատու անձ հայտարարագիր չի ներկայացրել:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնի ստանձնման և դադարի հայտարարագրերը ներկայացնելու հնարավորություն փաստացի ստացել են 2023թ. մարտից, և գործընթացը դեռևս ընթացքի մեջ է, այս պահին հայտարարագիր չներկայացրած անձանց վերաբերյալ տվյալներ ներկայացնել հնարավոր չէ»,-պատասխանել է Հ. Հարությունյանը:
Նշենք, որ 2022թ.-ին պաշտոնի ստանձնման և դադարեցման հայտարարագիր չի ներկայացրել 240 անձ: Հանձնաժողովի նախագահն ասում է, որ պատրաստվում են օրենքով սահմանված լրացուցիչ ծանուցումների միջոցով ապահովել հայտարարագրերի ներկայացումը:
2022թ. պաշտոնը ստանձնելու կամ դադարեցնելու հայտարարագիր չներկայացնելու հիմքով հանձնաժողովը հարուցել է 97 վարույթ, որից 95-ը կարճվել է՝ գործի քննության հայտարարագիրը ներկայացնելու պատճառաբանությամբ: Երկուսի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ 200 հազար դրամի չափով:
Մեկնաբանել