HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանն իր էներգետիկ պահանջարկի 20-30%-ն է ապահովում ներքին ռեսուրսներով

Հայաստանը չունի սեփական գազ ու նավթամթերք։ Էներգետիկայի բնագավառում սեփական արտադրանքը էլեկտրաէներգիան է։ Երկիրը էներգետիկ մեծ կախվածություն ունի Ռուսաստանից։ Կառավարությունը փորձում է զարգացնել արևային էներգիայի շուկան, քննարկվում են նոր ատոմակայանի, հարևան Իրանի և Վրաստանի հետ էներգետիկ առևտրի ընդլայնման հարցերը։ Ծրագրերի մի մասը դանդաղ առաջ է շարժվում։ Սակայն, էներգետիկ կախվածությունը ռուսական շուկայից չի նվազել։ 

Հայաստանը էլեկտրաէներգիայի գծով միայն առաջին հայացքից է ինքնաբավ

Հայաստանում էլեկտրաէներգիան արտադրվում է հիմնականում երեք տիպի կայաններում՝ ատոմային, հիդրո և ջերմային։ Փոքր կշիռ ունի վերականգնվող (արևային) էներգիան։ 

Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ բավարարում է ներքին պահանջարկը։ Արտահանվում է նաև հարևան Իրան և Վրաստան։ 

Ըստ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալների՝ 2022 թվականին Հայաստանում արտադրվել է ընդհանուր առմամբ 8.9 մլրդ կՎտժ (միլիարդ կիլովատ ժամ) էլեկտրաէներգիա։ Դրա ամենամեծ մասն ապահովել են ջերմային էլեկտրակայանները (ջէկ)`43.5%-ը։ Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) արտադրել է 32%-ը, հիդրոէլեկտրակայանները (հէկ)՝ 21.8%-ը։

Արևային կայանները դեռևս փոքր կշիռ ունեն՝ ընդամենը 2.7%։ Այս ոլորտը զարգանում է։  

Իսկ հողմակայանները զրոյական կշիռ ունեն։  

Այս ինֆոգրաֆիկայում ներկայացված է վերջին տասը տարիներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ ըստ կայանների։ Նշված տարիներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալը չի գերազանցել 8.9 մլրդ կՎտժ-ը։ Ամենաբարձրը 2022 թվականի ցուցանիշն է։ 

Ժամանակագրությունը տեսնելու համար հարկավոր է ինֆոգրաֆիկայի վրա սեղմել ⏯ կոճակը։ 

էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանը նկատում է, որ Հայաստանը էլեկտրաէներգիայի գծով միայն առաջին հայացքից է ինքնաբավ։ 

Ինքնաբավությունը կարելի է հասկանալ որպես արտադրվող էլեկտրաէներգիայի բավարարություն։ Այդ տեսանկյունից Հայաստանը, այո, ինքնաբավ է։ Ավելին՝ արտահանելու ներուժ ունի։  

«Բայց եթե դիտարկենք ներկրվող վառելիքից ունեցած կախվածության տեսանկյունից (ջէկերը «սնվում են» գազով, ատոմակայանը՝ ուրանով), ապա բոլորովին ինքնաբավ չէ, հակառակը՝ այդ առումով մեծապես կախված ենք Ռուսաստանից։ Այնպես որ, ինքնաբավությունը մի փոքր խաբուսիկ է հնչում»,- ասում է փորձագետը։ 

2021 թվականին Հայաստանի էներգետիկ պահանջարկի 77.1%-ը ներկրվող ռեսուրսների հաշվին է ապահովվել

Պաշտոնական տվյալներով՝ 2017-2021թթ. Հայաստանը իր էներգետիկ ամբողջ պահանջարկի (առաջնային էներգապաշարներ՝ գազ, էլեկտրաէներգիա, նավթ, նավթամթերք) առավելագույնը 33.7%-ն է կարողացել բավարարել էներգիայի ներքին արտադրությամբ։ Ներքին ռեսուրսներ ասելով՝ պետք է հասկանալ հիմնականում հիդրոէներգիան, միջուկային էներգիան և փոքր չափով էլ՝ վերականգնվող (արևային) էներգիան։ Գազն ու նավթամթերքը ամբողջությամբ ներկրվում են։ 

«Բացի այն, որ գազի և նավթամթերքի ոլորտում մենք 100%-անոց կախվածություն ունենք, Էլեկտրաէներգիա ապահովող ջէկերը ևս սնվում են գազով, այսինքն՝ ջէկերի արտադրանքը ևս չի համարվում մեր սեփական ռեսուրսը»,- բացատրում  է Էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանը։ 

Ըստ Վիճակագրական կոմիտեի վերջին հաշվարկների՝ 2021 թվականի տվյալներով Հայաստանն իր էներգետիկ պահանջարկի միայն 22.9%-ն է ապահովել ներքին ռեսուրսներով։ 

Արա Մարջանյանը նկատում է, որ նույնիսկ այս ցուցանիշն է չափազանցված, քանի որ դրանում ներառվում է միջուկային էներգիան, որը Հայաստանում ապահովում է ատոմակայանը։ Սակայն, ատոմակայանը սնվում է ուրանով, որը ներկրվում է։ «Այսինքն՝ ատոմակայանի արտադրանքը ևս վերապահումներով ենք համարում սեփական ռեսուրս»,- բացատրում է փորձագետը։ 

Այսպիսով, 2021 թվականին ներկրվող նավթն ու գազն ապահովել են Հայաստանի էներգետիկ պահանջարկի 77.1%-ը։ Հետևաբար, անգամ եթե ատոմակայանը համարում ենք սեփական ռեսուրս, ստացվում է, որ Հայաստանի ընդհանուր էներգետիկ համակարգը առնվազն 77.1%-ով կախված է արտաքին աշխահից։ 

«Հայաստանում գլխավոր սեփական էներգետիկ ռեսուրսը հիդրոէներգետիկան է։ Այդ պատճառով էլ հիդրոէներգետիկայի զարգացումը Հայաստանի համար ունի կենսական և ռազմավարական նշանակություն։ Դրա զարգացումը իրապես զարգացնում է Հայաստանի էներգետիկ անվտանգությունը»,- շեշտում է Արա Մարջանյանը։ 

Միևնույն ժամանակ, ըստ նրա, ցավալի փաստ է, որ Հայաստանում հիմնականում փոքր հէկեր են աշխատում, որի պատճառով էլ հէկերի կշիռը արտադրված էլեկտրաէներգիայի մեջ մեկ երրորդի էլ չի հասնում։ Մինչդեռ դա ամենարժեքավոր էներգետիկ ոլորտն է, որի արտադրած էլեկտրաէներգիան ամենաէժաններից է։

Հայաստանի էներգետիկ ինքնաբավության վերաբերյալ ցուցանիշը վերջին հինգ տարիներին ամենաբարձրը եղել է 2017 թվականին՝ 33.7%: Սա ուղղակիորեն ցույց է տալիս, որ Հայաստանի էներգետիկ կախվածությունը արտաքին շուկայից ոչ մի կերպ չի մեղմվել։

Բնական գազը Հայաստան ներկրվող էներգակիրների մեջ ունի ամենամեծ մասնաբաժինը (2021թ.` 76.2%), հաջորդը նավթամթերքն է (21.9%):

Հայաստանը էներգետիկ մեծ կախվածություն ունի Ռուսաստանից

2022 թվականին Հայաստանը 2.971 մլրդ խմ (խորանարդ մետր) բնական գազ է ներմուծել։ 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաշվետվությունների համաձայն՝ Հայաստան ներմուծված գազի 87.5%-ը Ռուսաստանից է, 12.5%-ը Իրանից։ Նախորդ տարիների տվյալները ևս վկայում են, որ ներմուծված գազի այս համամասնությունը գրեթե նույնն է։  Միայն 2018 թվականին է Իրանի կշիռը գերազանցել 20%-ը։ 

Քանի որ Հայաստանը չունի գազ, այս ոլորտում, այնպես թե այնպես, կախված է լինելու արտաքին աշխարհից։ Այս դեպքում կախվածությունը մեծապես Ռուսաստանից է, փոքր չափով՝ Իրանից։ 

Ռուսական արմատներով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ապահովում է Հայաստանի ներքին շուկայում բնական գազի մատակարարումն ու իրացումը: Այս ոլորտում այն ունի բացարձակ մենաշնորհ։  

«Դա համարվում է բնական մեշնաշնորհ, քանի որ Հայաստանի նման փոքր երկիրը չի կարող իրեն թույլ տալ գազ մատակարարող տարբեր ընկերություններ ունենալ։ Որևէ այլ ընկերության ձեռնտու չի լինի մտնել շուկա և նոր գազատարներ ու ենթակառուցվածքներ ստեղծել»,- բացատրում է էներգետիկ փորձագետ Արթուր Ավետիսյանը։

Ամեն անգամ, երբ «Գազպրոմ Արմենիա»-ն բնակիչների համար գազը թանկացնելու հայտ է ներկայացնում, Հայաստանում ակտիվանում են քննարկումները Իրանից ներմուծվող գազի ծավալներն ավելացնելու և Ռուսաստանից ունեցած կախվածությունը վերացնելու ուղղությամբ։ Սակայն, փաստ է, որի տարիներ շարունակ Հայաստան-Իրան էներգետիկ առևտուրը տեսանելի աճ չի գրանցում։ 

2009 թվականից Հայաստանը և Իրանը էներգետիկ ոլորտում համագործակցում են «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակներում։ Հայաստանն Իրանի հետ համագործակցում է էլեկտրաէներգիայի փոխանակման տրամաբանությամբ` տալիս ենք էլեկտրաէներգիա, ստանում՝ գազ: Հայաստանը 1 խմ գազի դիմաց Իրանին տալիս է 3 կՎտժ էլեկտրաէներգիա։ Ծրագրի ժամկետները պարբերաբար երկարեցվում են։

«Եղած գազատարով Հայաստանը կարող էր ստանալ 1 մլրդ խմ գազ։ Մենք պետք է ստանայինք 1 մլրդ խմ գազ և արտահանեինք 3 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա։ Ցավոք սրտի, Հայաստանն ի վիճակի չեղավ գազատարն օգտագործել իր նախատեսված հզորությամբ։ Այսօր դրա մեկ երրորդն էլ չի օգտագործվում։ Այսինքն՝ այստեղ ծավալները եռապատկելու ներուժ ունենք»,- նկատում է Արա Մարջանյանը։ 

Ըստ փորձագետի՝ առաջին պատճառը, որը թույլ չի տալիս մեծացնել Իրանից Հայաստան ներմուծվող գազի քանակը, արևմտյան պատժամիջոցներն են Իրանի նկատմամբ: Դրանք լրջագույն խոչընդոտ են այդ ծրագրերի իրականացման համար՝ թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի։ Նույնիսկ, եթե Հայաստանի իշխանություններն ամեն կերպ ձգտեն ավելացնել Իրանի հետ էներգետիկ առևտուրը, այդ խոչընդոտներն «իրենց գործն անելու են»։ 

«Ենթադրենք՝ այդ ծրագիրն իրականացնելու համար 30 մլն դոլար փող է պետք։ Բանկերը չեն ֆինանսավորում Իրան-Հայաստան ծրագիրը։ Այդ ծրագրի համար պետք է այս կամ այն սարքավորումը, բայց եվրոպական երկրները, ԱՄՆ-ն և մյուսները չեն վաճառում։ Ասում են՝ դուք մտնում եք արգելված ցուցակ։ Կան շրջանցելու միջոցներ, բայց դրանք ռիսկային են»,- ասում է Արա Մարջանյանը։

Այս ծրագրին զուգահեռ Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման գիծ է կառուցվում, որով նախատեսվում է ավելացնել Հայաստանից Իրանի առաքվող էլեկտրաէներգիայի ծավալը։ Կառավարության հաշվետվության մեջ կարդում ենք, որ աշխատանքների գրեթե 80%-ն ավարտվել է։ Էլեկտրահաղորդման գծի կառուցումն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել 2023 թվականի վերջին։

Ինչ վերաբերում է Հայաստան ներմուծվող նավթամթերքին, որը ևս էներգետիկայի մի մասն է կազմում, Հայաստանում սպառումը 100%-ով բավարարվում է ներմուծման հաշվին։ 

Մաքսային ծառայության հրապարակած վերջին տվյալներով՝ 2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 234 հազար տոննա նավթ և նավթամթերք (նավթ, բենզին, դիզելային վառելիք, յուղ և այլն)։

Դրա 77%-ը ներմուծվել է Ռուսաստանից, մոտ 12%-ը՝ Իրանից, 5%-ը՝ Հունաստանից, մնացածը ավելի փոքր քանակներով՝ Եգիպտոսից (4%) և այլ երկրներից։ Սովորաբար, Հայաստանը նավթամթերք է ներմուծում նաև Բուլղարիայից, Գերմանիայից, ԱՄԷ-ից, Բելառուսից և այլ երկրներից։ Սակայն, այստեղ էլ, ինչպես տեսնում ենք, գլխավոր մատկարարը Ռուսաստանն է։

Ատոմակայանի համար անհրաժեշտ միջուկային վառելիքը՝ ուրանը, Հայաստանը ևս ներկրում է Ռուսաստանից։ Հիշեցնենք, որ Հայաստանը և Ռուսաստանը գտնվում են մեկ միասնական մաքսային միությունում՝ ԵԱՏՄ-ում։

 Ռուս-ուկրաինական հակամարտությունը, ըստ էներգետիկ փորձագետ Արթուր Ավետիսյանի, Հայաստանի էներգետիկայի ոլորտի վրա ուղղակի ազդեցություն չունի։  Այդ մասին են վկայում նաև էներգետիկ ոլորտի ցուցանիշները՝ գազի, բենզինի ներմուծում, էլեկտրաէներգիայի արտադրություն, արտահանում և այլն։ 2022 թվականին այդ ցուցանիշներից և ոչ մեկի գծով էական տատանում չկա։ 

«Մեր գործընկեր երկրների հետ մենք աշխատում ենք պայմանագրերով, և այդ պայմանագրերը շարունակել են գործել նաև 2022 թվականին։ Պատերազմը բացասական ազդեցություն չի թողել մեզ վրա»,- նշում է Արթուր Ավետիսյանը։ 

Արա Մարջանյանը ևս նկատում է, որ ռուս-ուկրաինական պատերազմն ազդեցություն չի թողել Հայաստանի էներգետիկ ոլորտի վրա։ Սակայն ռիսկեր, այնուամենայնիվ, կան։ Դրանք պետք չէ գերագնահատել, բայցև՝ չբացառել։

«Ռիսկեր կան այն բանի հետ կապված, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը իրականում հանդիսանում է Արևմուտք-Ռուսաստան հակամարտության էլեմենտներից մեկը։ Թուրք-ադրբեջանական տանդեմը, հետևելով արևմտյան ճնշմանը, Անդրկովկասում կամ Հարավային Կովկասում կարող է խառնակչություններ սկսել կամ Ռուսաստանի դեմ ուղղված որոշակի քայլերի գնալ։ Դա շատ կտրուկ կվատթարացնի Հարավային Կովկասում իրավիճակը և արդեն անմիջականորեն կազդի Հայաստանի էներգետիկ ոլորտի վրա»,- ասում է փորձագետը։

Հայաստանը սկսել է էլեկտրաէներգիա արտահանել Վրաստան

2022 թվականին Հայաստանը ոչ միայն Իրան է արտահանել էլեկտրաէներգիա, այլև՝ Վրաստան։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաշվետվություններից տեղեկանում ենք, որ 2022 թվականին Հայաստանը 1.5 մլրդ կվտ ժամ էլեկտրաէներգիա է արտահանել՝ չհաշված դեպի Արցախ առաքումները։ 

Արտահանված էլեկտրաէներգիայի 76%-ն առաքվել է Իրան՝ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակներում,  24%-ն էլ՝ Վրաստան։  

Ըստ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանի՝  2022 թվականին Հայաստանը Վրաստան ավելի շատ էլեկտրաէներգիա է արտահանել, քան նախորդ 10 տարում։

«Նշված տարում Հայաստանը Վրաստան է արտահանել 365 մլն կՎտժ, իսկ 2012-ից մինչև 2021 թվականը ներառյալ՝ 242 մլն։ Դա հիմնականում կապված է շուկայի ազատականացման հետ, որը սկսվել է անցյալ տարի։ Նախկինում թույլտվության ընթացակարգը երկար էր, հիմա պարզեցվել է»,- ասում է Վարդանյանը։ 

Ներկայում Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրահաղորդման երեք գիծ է գործում։ Այս տարի նախատեսվում է սկսել ևս մեկի շինարարությունը։

Արա Մարջանյանը կարծում է, որ դեպի Վրաստան արտահանումն, իհարկե, շատ մեծ չէ, սակայն սա կարելի է Հայաստանի և Վրաստանի էներգետիկ առևտրում մեկ քայլ առաջ համարել։

«Վրաստանը գտնվում է թուրք-ադրբեջանական ճնշման տակ և խուսափում է Հայաստանի հետ համագործակցությունից։ Հուսադրող էլեմենտներ կան։ Վրաստանում էլէներգիայի դեֆիցիտ կա։ Մենք կարող ենք Վրաստանին մոտ 1 մլրդ կվտ ժամ էլեկտրաէներգիա վաճառել։ Վրաստանի կեցվածքում վերջին մեկ տարվա ընթացքում որոշակի դրական փոփոխություններ են նկատվում»,- նշում է փորձագետը։

Ընդհանուր առմամբ, Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի մինչև 20%-ն է արտահանվում։ Ոչ մեծ չափով նաև ներմուծվում է Վրաստանից՝ էներգետիկ հավասարակշռությունը ապահովելու համար։ Տարվա որոշ օրերի լրացուցիչ էլեկտրաէներգիայի կարիք է լինում, որը լրացվում է Վրաստանից ստացված էլեկտրաէներգիայի հաշվին։

Հայկական ատոմակայանի «կյանքը» երկարաձգվում է. քննարկվում է նոր ատոմակայանի հարցը

Հայաստանի ատոմակայանը (ՀԱԷԿ), որը գտնվում է Մեծամոր քաղաքում, խորհրդային ժամանակներից մնացած ժառանգություն է։ 

Ատոմակայանի առաջին էներգաբլոկը գործարկվել է 1976-ին, երկրորդը՝ 1980-ին։ Այժմ գործում է միայն մեկ էներգաբլոկ, որի շահագործման ժամկետը պետք է ավարտվեր 2016-ին։ Սակայն, տեխնիկական վերազինումից հետո ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգվեց տասը տարով։ Հայկական ատոմակայանի արդիականացման համար 2015 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված վարկային համաձայնագրով Մոսկվան հատկացրեց 270 միլիոն դոլար վարկ և 30 միլիոն դոլար դրամաշնորհ։ 

Ատոմակայանը շահագործող «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն 100% պետական մասնակցությամբ ընկերություն է։

Իշխանությունները մտադիր են ատոմակայանի «կյանքը» երկարեցնել մինչև 2036 թվականը, դրանից հետո նոր ատոմակայան կամ եղած ատոմակայանի տեղում նոր բլոկ կառուցել։ Տարբեր գնահատականներով՝ նոր ատոմակայան կամ ատոմակայանի նոր բլոկ կառուցելը տևում է 6-10 տարի։ Այսինքն՝ 2036 թվականին ատոմակայան ունենալու համար աշխատանքները հարկավոր է սկսել 6-10 տարի առաջ։

2021 թվականի հունվարին ՀՀ Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը։  «ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի՝ 2026 թվականից հետո շահագործման ժամկետի երկարաձգումը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության հիմնական առաջնահերթություններից մեկը, իսկ այդ ժամկետի ավարտից հետո նոր ատոմակայանի կառուցումը՝ հիմնական նպատակը»,- կարդում ենք այդ ծրագրում։ 

Ըստ կառավարության՝ ատոմակայանի առկայությունն էներգահամակարգում թույլ կտա ավելի դիվերսիֆիկացնել էներգետիկ ռեսուրսները, չմեծացնել ներկրվող բնական գազից կախվածությունը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ նոր ատոմակայանի հետ կապված աշխատանքներն ու որոշումները բավականին բարդ են լինելու։ Դրանք դեռևս չեն սկսվել։ 

«Դժվարությունն ինչում է. որ նոր ատոմակայանները կառուցվում են 60 պլյուս 40 ժամանակահատվածի համար, այսինքն՝ առնվազն հարյուր տարի կյանք կունենա, և մենք հիմա կարիք ունենք ճիշտ որոշումներ կայացնելու: Երբ որ կառուցենք ենթադրյալ 2035-36 թվականներին, նոր էներգաբլոկ ունենանք, այն ունենա այնպիսի հզորություն, որ առաջիկա տարիներին ճիշտ տեղավորվի մեր էներգետիկ համակարգում»,- 2023 թվականի ապրիլի 20-ին Ազգային ժողովում հայտարարեց նախարարը: 

Էներգետիկ փորձագետ Արթուր Ավետիսյանը ևս համարում է, որ Հայաստանին ատոմակայան պետք է։ 

Հարկավոր է չթուլացնել նոր ատոմային բլոկի աշխատանքները, լուծումներ գտնել աշխատած վառելիքի արտահանման կամ պահպանման ուղղությամբ։ 

Էներգետիկ ոլորտում քննարկվում է նոր ատոմակայանի հզորության և առհասարակ կառուցման հարցը։ Փորձագետների մի մասը կտրուկ դեմ է, որ այն ժամանակակից ատոմակայանների նման բարձր հզորություն ունենա։ 

Կառուցվելիք ատոմակայանի հզորության վերաբերյալ ներկա կառավարությունը ևս հստակ դիրքորոշում չի հայտնել։ «Այժմ հիմնական հզորությունները, որ մեզ անհրաժեշտ են, և մենք օգտագործում ենք, 1200 մեգավատտ է ամբողջ երկրինը։ Հիմա ատոմակայաններից շատերը հենց այդպիսի հզորություն ունեն՝ 1000, 1200, 1400, և առաջին հայացքից, եթե այդ հզորությամբ ատոմակայան կառուցենք, կստացվի, որ մեր ամբողջ հարյուր տոկոս պահանջարկը մեկ կայանը կարող է բավարարել: Բայց դա լավ վիճակ և կառուցվածք չէ, երբ երկրի էներգետիկ համակարգը կարող է կախված լինել մեկ կայանից»,- նշում է Գնել Սանոսյանը։

Մասնագիտական հանրությունը տարակարծիք է նաև նոր ատոմակայան ունենալու հարցում։ Որքան էլ այն դիվերսիֆիկացնի Հայաստանի էնեգետիկ ոլորտը, նաև ռիսկեր է պարունակում, հատկապես՝ բարձր հզորության դեպքում։ 

Ըստ էներգետիկ փորձագետ Էդվարդ Արզումանյանի՝ բարձր հզորությամբ ատոմակայանի կամ նոր էներգաբլոկի կառուցումը Հայաստանում անթույլատրելի է և հղի վտանգներով: 

«Համաձայն ատոմային էներգիայի միջազգային պահանջների, ատոմակայանը չպետք է գերազանցի տվյալ էներգահամակարգի պիկային հզորության 45-50%-ը: Հայաստանի էներգահամակարգում պիկային հզորությունը կազմում է 1200-1210 մեգավատ: Այսպիսով, այդ նոր ատոմային բլոկի հզորությունը կարող է կազմել 600 մեգավատ, ոչ ավելի: Ներկայում խոսել Հայաստանում նոր ատոմային բլոկի 1200 մեգավատ հզորության մասին՝ էներգետիկ տեսակետից անգրագիտություն է, որը կարող է բերել նոր Չեռնոբիլի»,- ասում է Արզումանյանը։ 

Նա շեշտում է, որ նոր ատոմակայանի անհրաժեշտության, ցածր կամ բարձր հոզորության հարցը քննարկելիս պարտադիր է իրատեսական կանխատեսումներ անելը, թե 2036 թվականին, երբ ընդհատվի  ներկայիս ատոմակայանի «կյանքը», Հայաստանը որքա՞ն բնակչություն կունենա, արդյունաբերական կազմակերպությունները սպառման ի՞նչ ծավալներ կունենան, արդյոք հարևան երկրները կունենա՞ն Հայաստանից էլեկտրաէներգիա գնելու կարիք և այլն։ 

«Թե՛ Իրանը, թե՛ Վրաստանը լուրջ ներդրումներ են կատարում էլեկտրաէներգիայի արտադրման ոլորտում։ Վրաստանն, օրինակ, չունի ատոմակայան և մեծ թափով զարգացնում է հիդրոէներգետիկան։ Այս տեմպերը ցույց են տալիս, որ մի քանի տարի հետո մեր հարևանները մեզանից էլեկտրաէներգիա գնելու պահանջ չեն ունենա։ Իսկ մեր ներքին շուկայի համար մեծ հզորությամբ ատոմակայանն ավելորդություն է լինելու»,- համոզված է Արզումանյանը։

Չնայած ընդդիմախոսներին՝ Հայաստանի ներկայիս կառավարությունը ոչ միայն պաշտոնական փաստաթղթերով է ամրագրել նոր ատոմակայան կառուցելու մտադրությունը, այլև պարբերաբար հիշեցնում է այդ մասին։  Քանի որ դեռևս հստակ չէ, թե նոր ատոմակայանն ինչ հզորության է լինելու, պարզ չէ նաև, թե ինչ ֆինանսներ կպահանջվեն դրա համար և որտեղից։

Ատոմակայանի նախագծի վերջնական տեխնիկատնտեսական հիմնավորումը 2025 թվականին պատրաստ պետք է լինի։ 2036 թվականին հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկը պետք է լիովին պատրաստ լինի շահագործման համար։ 

«Եթե մինչև 2036 թվականը ՀՀ-ում նոր ատոմակայան չլինի, ուրեմն վատ ենք աշխատել»,- 2022 թվականի նոյեմբերին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

Փոխնախարարը հիշեցրել է, որ ռուսական կողմը պատրաստ է ֆինանսավորման սխեմաներ առաջարկել` հաշվի առնելով և՛  ռուսական «Ռոսատոմի» ներգրավվածությունը նախագծում, և՛ երկու երկրների բարեկամական հարաբերությունները։ 

Արևային էներգիան՝ որպես տեսլական

Դեռևս երկու տարի առաջ Հայաստանի կառավարությունը խոստացել է առաջիկա 7 տարիներին շուրջ 1.5 մլրդ ԱՄՆ դոլար ներդնել էլեկտրաէներգիայի արտադրության բնագավառում:

Դրա մեջ ներառվում է Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան 400 կՎտ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումն ու գործարկումը,  Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցք համարվող Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան քառակողմ նախաձեռնության հետ կապված աշխատանքների վերջնականացումը և այլն։

Այդ ծրագրերի կազմում է նաև մինչև 1000 ՄՎտ (մեգավատ) հզորությամբ արևային կայանների կառուցումը։ 

Այս համատեքստում է նաև Հայաստանում էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը, որը սկսվել է 2022 թվականի փետրվարից։ 

Սպառողն ընտրության իրավունք է ստացել՝ ո՞ր արտադրողից կամ ի՞նչ աղբյուրից գնել հոսանքը: Նպատակը՝ գնել ավելի էժան էլեկտրաէներգիա։ Ավելին, սպառողն իրավունք ունի այն գնել ոչ թե մատակարարներից, այլ՝ անմիջապես արտադրողներից: 

Հիմա, օրինակ, սպառողը կարողանում է մեկ օր առաջ պատվիրել իրեն անհրաժեշտ էլեկտրաէներգիայի քանակը և վճարել այդ ծավալի դիմաց։ Առայժմ սա ձեռնտու է էլեկտրաէներգիայի խոշոր սպառողներին: Թե երբ հերթը կհասնի բնակիչ-բաժանորդներին, առայժմ հստակ կանխատեսել հնարավոր չէ։ Ենթադրվում է, որ դրա համար դեռ մի քանի տարի կպահանջվի։

Շուկայի ազատականացումից հետո արևային կայաններ շահագործողները սկսել են առավել ակտիվ զբաղվել էլեկտրաէներգիայի առուվաճառքով։

Արևային կայանները համարվում են էներգետիկայի կանաչ աղբյուրներ։ Այսինքն՝ բնությանը հասցված վնասը համեմատաբար քիչ է։ 

Էներգետիկները շեշտում են՝ բնապահպանական տեսանկյունից, գուցե, ջէրմաէլեկտրակայանները, ատոմակայանն ու հիդրոկայանները լավագույն տարբերակը չեն, սակայն Հայաստանը չի կարող հույսը դնել միայն արևային էներգիայի վրա, քանի որ բնությունն անկանխատեսելի է։ Արևային էներգիան կայուն էներգիա չէ։ 

Կառավարությունը նպատակ ունի մինչև 2030 թվականը արևային էներգիայի արտադրության բաժինն ընդհանուրի մեջ հասցնել առնվազն 15%-ի (ներկայում այն 5%-ի չի հասնում)։ Համարվում է, որ դա առավելագույն կշիռն է, որ արևային էներգիան կարող է ապահովել Հայաստանի ամբողջ էլեկտրաէներգիայի մեջ։

«Հայաստանի կառավարությունը նաև առաջնային է համարում էներգախնայողությունը որպես երկրի էներգետիկ անվտանգության, տնտեսական մրցունակության մեծացման և շրջակա միջավայրի վրա, ինչպես նաև կլիմայի գլոբալ տաքացման բացասական ազդեցության նվազեցման միջոց»,- գրված է էներգետիկ բնագավառի ռազմավարությունում։ 

Երևանում և մարզերում իրականացվում են շենքերի էներգաարդյունավետ արդիականացման և այլ ծրագրեր։ Այս ոլորտում Հայաստանն «առաջին քայլերն» է անում։  

Գլխավոր գրաֆիկը՝ Տիրայր Մուրադյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter