HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ադրբեջանն այն երկիրը չէ, որի հետ այս պահին հնարավոր է խաղաղության պայմանագիր կնքել»․ Արցախի ԱԺ պատգամավոր

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Միասնական Հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանը ասում է, որ Փաշինյանի և Ալիևի հանդիպումները ինչ-որ հույսեր են առաջացնում մարդկանց մոտ, սակայն վերջնարդյունքում դրանք չեն արդարանում։

Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ մայիսի 14-ին հանդիպել էին Բրյուսելում և հաստատել փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը։

«44-օրյա պատերազմից հետո մենք համոզվել ենք, որ Ադրբեջանն այն երկիրը չէ, որի հետ կարելի է այս պահի դրությամբ խաղաղության պայմանագիր կնքել։ Ադրբեջանն այսօր հայտարարում է մի բան, հաջորդ օրը գործողություններով հակասում դրան։ Նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններից և ոչ մեկը Ադրբեջանը չի իրականացրել։ Դա չանելու համար Ադրբեջանը դեռևս պատասխանատվության չի ենթարկվել։ Եթե այդ պայմանավորվածությունները մնացել են օդում կախված, ինչ պայմանագրի մասին կարող ենք խոսել Ադրբեջանի հետ։ Կարող ենք խոսել Ադրբեջանի հետ միայն այն դեպքում, եթե կատարվեն նոյեմբերի 9-ի բոլոր պայմանավորվածությունները։ Միայն այդ դեպքում երկու կողմերի միջև փոխվստահության մեջ դրական քայլ կարվի»,- ասում է Մարսել Պետրոսյանը։

Նա հավելեց, որ Արցախն իր անկախությունը հաստատել է հանրաքվեի միջոցով և մինչ օրս չի հրաժարվել իր անկախությունից և նման մտադրություն չունի։ «Եթե ոմանց թվում է, որ կարող են Եվրոպաներում կամ Ասիաներում նստել ու որոշել Արցախի կարգավիճակը, չարաչար սխալվում են։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի կարող հրաժարվել սեփական անկախությունից։ Լեռնային Ղարաբաղի ապագան որոշվում է այսօր, բարեբախտաբար, հենց Ղարաբաղում։ Առանց Ղարաբաղին հարցնելու չի կարելի նրա վզին փաթաթել ինչ-որ կարգավիճակ»,- նշում է Պետրոսյանը։

Արցախի Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանն էլ կարծում է, որ իր պայքարում Արցախը մենակ է մնացել։

«90-ական թվականների գործը Արցախի ժողովուրդը պետք է շարունակի։ Այսօրվա մեր հիմնական ռեսուրսը ժողովուրդն է։ Կարծում եմ, որ հայ ժողովուրդը այդ ներուժը հազարամյակներ շարունակ ունեցել է։ Իհարկե, չպետք է նաև անտեսել դիվանագիտական աշխատանքը։ Միաժամանակ չպետք է դադարենք աշխատել Հայաստանում ապրող հայերի հետ։ Առանց նրանց շատ դժվար կլինի խնդիրները լուծել։ Այս պահին մենք պետք է հայ ժողովրդի աջակցությունը զգանք։ Այսօր Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը հակաարցախյան է, պարտվողական է, և սա լավ տեղ չի հասցնելու։ Իհարկե, նրանք մտածում են, որ դրանով ինչ-որ կերպ անվտանգ կդարձնեն Հայաստանը, բայց դա այդպես չէ։ Արցախը Հայաստանի անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկն է։ Կորցնելով Արցախը՝ Հայաստանը չի կարող անվտանգ լինել։ Դրա մասին են խոսում նաև այն տարածքների մասին ունեցած հավակնությունները, որ այսօր ունի Ադրբեջանը։ Ադրբեջանի գործողությունները իմ ասածը փաստող գործողություններ են»,- ասում է Վահրամ Բալայանը։

Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի խոսքով՝ այն, ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը բանակցություններում, չի բխում հայկական կողմի շահերից, և հակասում է 1992 թվականի Գերագույն խորհրդի որոշումներին։

«Սա ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանի ցանկացած ստորագրած նմանատիպ փաստաթուղթ լեգիտիմ չի լինելու և չի ընդունվելու հայ ժողովրդի կողմից։ Օրենքի ամբողջ խստությամբ նա պատասխանատվություն է կրելու իր ոչ լեգիտիմ գործողությունների համար։ Նա պետք է սա հասկանա ու զերծ մնա նման արկածախնդրությունից»,- հավելեց ընդդիմադիր խմբակցության պատգամավորը։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter