HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լավրովի պնդմամբ՝ Հայաստանը կունենար առավել կայուն իրավիճակ, եթե տեղակայեր ՀԱՊԿ առաքելություն

Երևանը, ստորագրելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայման մասին փաստաթուղթը, կունենար առավել կայուն իրավիճակ։ Այդ մասին Царьград հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«2022 թվականի աշնանը Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ մեր հայ դաշնակիցների խնդրանքին համապատասխան՝ պատրաստվել էր փաստաթուղթ հայկական տարածքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդական առաքելության ծավալման մասին։ Եթե Երևանը հաստատեր այն, ինչն արդեն համաձայնեցվել էր և մնում էր միայն ստորագրել ու ուժի մեջ դնել, վստահ եմ, որ Հայաստանը կշահեր և կունենար առավել կայուն իրավիճակ»,- հայտարարել է Լավրովը։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ փաստաթուղթն ամբողջությամբ համաձայնեցվել էր արտաքին գործերի նախարարների մակարդակով։ «Հետո վերջին պահին՝ բուն գագաթնաժողովի ժամանակ, հայ ընկերները խնդրեցին հետաձգել դրա ընդունումը։ Մինչ օրս այն մնում է թղթի վրա և չի կարող իրագործվել»,- հավելել է ռուսաստանցի պաշտոնյան։

Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաքելության ուղարկման ժամկետները կախված են Երևանից։

«Այդպիսի որոշումները համաձայնեցվում և հաստատվում են ՀԱՊԿ-ում, հաստատվում են Հավաքական անվտանգության խորհրդի բարձր մակարդակով որոշմամբ։ Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա, ինձ թվում է, որ այստեղ էլ ամեն ինչ պարզ է։ Ամեն բան կախված է հայ գործընկերներից։ Հենց որ նրանք պատրաստ լինեն, մենք կկարողանանք վերադառնալ կազմակերպության դիտորդական առաքելության կոնկրետ մոդելի ամրապնդման առարկայական աշխատանքներին։ Այնպես որ գնդակը Երևանի դաշտում է»,- ասել էր Զախարովան։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Երևանում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական կողմը չի ստորագրի ՀԱՊԿ հռչակագիրը և ՀՀ-ին օգնության նախագիծը։ Պատճառն այն էր, որ ՀԱՊԿ-ը հստակ դիրքորոշում չէր հայտնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զավթիչ գործողությունների նկատմամբ և չէր դատապարտել այդ գործողությունները։ Ավելին, Երևանը ՀԱՊԿ-ին մեղադրում էր անգործության մեջ՝ անդամ երկրի տարածքային ամբողջականության խախտման ու ՀԱՊԿ սահմանների վրա հարձակման համար։

Լուսանկարը՝ Yuri Kochetkov / Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter