
Վարչապետի որդուն փորձել են առեւանգել. Աշոտ Փաշինյանը դիմել է իրավապահներին. «ՀԺ»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» պարբերականը հայտնել է, որ մայիսի 17-ին՝ 15:00-ի սահմաններում, Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, իր տան մերձակայքից փորձել են առևանգել:
«Նախնական տեղեկություններով՝ առևանգման մասնակիցները «Որդիների կանչ» ՀԿ անդամներն են, ովքեր ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս թռնել, որի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Արդյունքում վնասվել է Աշոտ Փաշինյանի ոտքը, իսկ դեպքի վայրից «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները դիմել են փախուստի»,- գրել «ՀԺ»-ն:
Աշոտ Փաշինյանը դիմել է իրավապահներին: Ոստիկանությունը մամուլին հաստատել է, որ ստացել է առեւանգամն փորձի վերաբերյալ Աշոտ Փաշինյանի դիմումը։
«Որդիների կանչ» սոցիալ-հայրենասիրական հասարակական կազմակերպությունը միավորում է 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներին։ Կազմակերպության ներկայացուցիչ Վահիդ Սահակյանը «Սպուտնիկ Արմենիա»-ին ասել է, թե «դա ապատեղեկատվություն է, պարզապես փորձում են ժողովրդի ուշադրությունը շեղել։ Միջադեպ եղել է, սակայն հեռախոսով մանրամասներ չեմ կարող ասել»։
Լուսանկարը՝ Աշոտ Փաշինյանի ՖԲ էջից
Մեկնաբանել