HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 19-ին Մոսկվայում

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը կկայանա մայիսի 19-ին Մոսկվայում։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Լավրովն առանձին բանակցություններ կվարի նաև Միրզոյանի ու Բայրամովի հետ։

«Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենան Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի եռակողմ և առանձին երկկողմ հանդիպումները Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։ 

Զախարովայի խոսքով՝ հայկական և ադրբեջանական կողմերը կկարողանան նաև երկկողմ բանակցություններ վարել խաղաղության պայմանագրի շուրջ։ «Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կդիտարկեն Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները՝ հաշվի առնելով տարածաշրջանում դինամիկ իրավիճակը»,- նշել է նա։

Զախարովայի խոսքով՝ Լավրովի հետ երկու երկրների արտաքին գործերի նախարարների առանձին հանդիպումների ժամանակ մտքեր կփոխանակվեն նաև երկկողմ ու միջազգային օրակարգի առավել արդիական հարցերի շուրջ։

«Մենք հույս ունենք, որ առաջիկա շփումները կնպաստեն վիճելի հարցերի կարգավորման ուղղությամբ Բաքվի ու Երևանի առաջընթացին, փոխընդունելի հանգուցալուծումների որոնմանը և, ընդհանուր առմամբ, կողմերի միջև վստահության բարձրացմանը, Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը»- եզրափակել է Զախարովան։

Սա կլինի Միրզոյանի ու Բայրամովի երկրորդ հանդիպումն այս ամսվա ընթացքում։ Հիշեցնենք, որ մայիսի 1-ից Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում քառակողմ բանակցություններ էին վարում։ Կողմերը հայտարարել են, որ խաղաղության հնարավոր պայմանագրի որոշ դրույթների շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, սակայն հիմնական դրույթների վերաբերյալ կողմերի մոտեցումները չեն համընկնում։

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter