
Չինաստանի հատուկ բանագնացը ժամանել է Ուկրաինա
Եվրասիայի հարցերով Չինաստանի հատուկ բանագնաց Լի Հուեյն արդեն գտնվում է Ուկրաինայում։ Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։
Դեռևս հայտնի չէ, թե արդյոք չինացի դիվանագետը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, գրում է ամերիկյան պարբերականը։ Այդուհանդերձ, France 24-ը, հղում անելով իր աղբյուրին, նշում է, որ Զելենսկի-Հուեյ հանդիպում նախատեսված է օրվա երկրորդ կեսին։
Ինչպես փոխանցել է Agence France-Presse գործակալությունը, Լի Հուեյը մայիսի 16-17-ը այցով կգտնվի Կիևում։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը հայտնել է, որ չինացի դիվանագետը կայցելի նաև Ռուսաստան, Գերմանիա, Լեհաստան և Ֆրանսիա՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման խորհրդակցություններին մասնակցելու համար։
Ինչպես նշել է չինացի դիվանագետը, Պեկինը մշտապես ուշադրությամբ հետևում է Ուկրաինայում առկա իրավիճակին և ձգտում ունենալ ակտիվ մասնակցություն՝ այդ երկրում ճգնաժամային իրավիճակի խաղաղ կարգավորման գործընթացում։
Լուսանկարը՝ Sputnik / Alexey Kudenko
Մեկնաբանել