Մոսկվան Երևանին ու Բաքվին կոչ է անում զերծ մնալ էսկալացիոն գործողություններից
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայունացել է, ու Մոսկվան երկու կողմերին կոչ է անում զերծ մնալ գործողություններից, որոնք հանգեցնում են լարվածության սրմանը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ցավոք, վերջին շրջանում, մայիսի 11-12-ն ընկած ժամանակահատվածում, հայ-ադրբեջանական սահմանին երկու կողմերից գրանցվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր։ Ներկայում իրավիճակը կայունացել է։ Մենք կոչ ենք անում ադրբեջանական և հայկական կողմերին զերծ մնալ սադրիչ գործողություններից և իրավիճակի սրումից»,- հայտարարել է Զախարովան։
Ռուսաստանցի դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը ելնում է նրանից, որ վիճելի բոլոր հարցերի լուծումը պետք է անցնի քաղաքական-դիվանագիտական ոլորտով և դիվանագիտական մեթոդներով։ «Մտադիր ենք ամեն կերպ նպաստել դրան, այդ թվում մայիսի 19-ին Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպմամբ (նկատի ունի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, խմբ.)»,- հավելել է Զախարովան։
Լուսանկարը՝ Shutterstock-ից
Մեկնաբանել