HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՀԱՊԿ-ը պատրաստակամություն է հայտնել օգնել Հայաստանին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը վերահաստատում է Երևանին աջակցության պատրաստակամությունը՝ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում և ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելություն ուղարկելու միջոցով: Հինգշաբթի օրը՝ մայիսի 18-ին, Մինսկում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի ժամանակ այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Կրկին, ինչպես և հայտարարվել է Հավաքական անվտանգության խորհրդի՝ նախորդ տարի նոյեմբերին կայացած նիստի ժամանակ, վերահաստատում ենք պատրաստակամությունը՝ Երևանին ցուցաբերել հնարավոր աջակցություն ինչպես ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության ուղարկման ճանապարհով, այնպես էլ ռազմատեխնիկական աջակցության, սահմանապահների պատրաստման և ժամանակակից տեխնիկական միջոցներով համալրման եղանակով»,- ասել է նա։

Տասմագամբետովը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմամյա հակասությունների հետևանքով առաջացած լարվածությունը Հարավային Կովկասում պահպանվում է, արձանագրվում են զինված բախումների բռնկումներ: «Անկասկած, ողջունում ենք հակամարտող կողմերի ջանքերը, որոնք ուղղված են համապարփակ խաղաղության պայմանագրի կնքմանը»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 23-ին Երևանում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական կողմը չի ստորագրի ՀԱՊԿ հռչակագիրը և ՀՀ-ին օգնության նախագիծը։ Պատճառն այն էր, որ ՀԱՊԿ-ը հստակ դիրքորոշում չէր հայտնել Հայաստանի ինքնիշխան տարածքի ուղղությամբ ադրբեջանական զավթիչ գործողությունների առնչությամբ և չէր դատապարտել այդ գործողությունները։ Ավելին, Երևանը ՀԱՊԿ-ին մեղադրում էր անգործության մեջ՝ անդամ երկրի տարածքային ամբողջականության խախտման ու ՀԱՊԿ սահմանների վրա հարձակման համար։

Լուսանկարը՝ արխիվային/РИА Новости

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter