HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Ապրելու երկիրը» դատարանում Կառավարությունից պահանջում է նշանակել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան ընդդեմ Կառավարության՝ Երևան համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը չկրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ չնշանակելու անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով:

Հայցադիմումը վարչական դատարան մուտք է եղել երեկ՝ մայիսի 17-ին և մակագրվել է դատավոր Մհեր Պետրոսյանին:

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց հայցադիմումի հիմքը գործող Տեղական ինքնակառավարման մասին (ՏԻՄ) օրենքը և Ընտրական օրենսգիրքն են, համաձայն որոնց՝ 14 օր շարունակ, եթե ավագանու կողմից համայնքապետ չի ընտրվում, Կառավարության որոշմամբ պետք է ավագանու լիազորությունները դադարեցվի:

Նշենք, որ ՏԻՄ օրենքի համաձայն՝ Կառավարությունը վաղաժամկետ դադարեցնում է ավագանու լիազորությունները, եթե երկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավար չի ընտրվում: Իսկ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում անցկացվում է համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն` համայնքի ղեկավարի ընտրության համար սահմանված կարգով: Արտահերթ ընտրության ժամանակ համայնքի ղեկավարի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին:

«Այդ ժամկետները վաղուց լրացել են, Կառավարությունը նման որոշում չի կայացրել, հետևաբար խախտել է օրենքը, և պետք է դատարանը պարտադրի Կառավարությանը՝ անգործությունը վերացնել և նշանակել արտահերթ ընտրություններ»,- ասաց Մանե Թանդիլյանը:

Կուսակցության ղեկավարից հետաքրքրվեցինք՝ արդյոք արտադատական կարգով փորձել են Կառավարությանը փոխանցել իրենց պահանջը: Մանե Թանդիլյանն ասաց, որ նախ Կառավարությունը պարտավոր է օրենքներն իմանալ, առավել ևս լսել հրապարակային խոսքերը, եթե իհարկե նման ցանկություն ունի: Թանդիլյանը նշեց, որ իրենց հրապարակային ելույթներում քաղաքական ուժերը Կառավարությանը հուշել են, թե ինչպես պետք է վարվել:

«Ես այնքան միամիտ չեմ, որ մտածեմ, թե իրենք օրենքները չգիտեն: Հասկանում եմ, որ իրենք անում են դիտավորյալ, քանի որ տարբեր համայնքներում նման իրավիճակներ ստեղծվել են: Փորձ են անում անգործություն դրսևորել նաև Երևանում: Բայց ճշմարտությունն այն է, որ այս երկրում օրենքները պետք է գործեն և չեն կարող բխել քաղաքական ուժի նպատակահարմարությունից»,- ասաց Մանե Թանդիլյանը:

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահի խոսքերով՝ Կառավարության նպատակը շատ պարզունակ է: Ըստ Թանդիլյանի՝ իշխանական քաղաքական ուժը հեռացրել է Երևանի քաղաքապետին, ով ստվերում էր իրենց թեկնածու, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի գործունեությունը: Օրինակ՝ քաղաքապետը վարում է գործակարգավարական նիստ, որը քաղաքապետի բացակայության պայմաններում պետք է վարի քաղաքապետի առաջին տեղակալը, սակայն այդ գործառույթն էլ, ըստ Մ. Թանդիլյանի «խեղճ առաջին տեղակալից» հանել և տվել են Տիգրան Ավինյանին, որպեսզի նա «մաչոիզմ ցուցադրի, որ դաստիարակչական, մսուր-մանկապարտեզի, լավ տղու, կարողի իմիջ ձևավորի»:

Մանե Թանդիլյանն ասում է, որ այս օրերին քաղաքապետարանում շինթույլտվություններ են տալիս բոլոր նրանց, որոնք կամենում են, որ ընտրություններին աջակցեն իշխանական թեկնածուին:

«Սա շատ վտանգավոր երևույթ է Երևանի և երևանցու համար, հետևաբար օր առաջ պետք է կանխվի: Մեր հետևողականությունը դատարանում տալու է արդյունք, եթե մենք համարենք, որ դատական համակարգն այնքան կայացած է, որ իշխանություններից անկախ է որոշում կայացնելու»,- ավելացրեց Թանդիլյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter