HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թեհրանը հերքում է ադրբեջանցիներին հավաքագրելու Բաքվի մեղադրանքները

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի մեղադրանքներն այն մասին, որ իրանական հատուկ ծառայությունները հավաքագրում են ադրբեջանցիներին՝ այդ երկրի տարածքում «կրոնական պետության ստեղծման համար»։ Այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին։

«Ցավոք, Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը ձերբակալում է սեփական քաղաքացիներին՝ իրանական կազմակերպությունների հետ կապի կեղծ մեղադրանքներով։ Մենք մերժում ենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ այդ անձանց որևէ պաշտոնական կամ ոչ պաշտոնական կապի մասին պնդումները։ Մեր երկու պետությունների քաղաքացիների միջև կապերը կրում են պատմական, կրոնական և նույնիսկ ազգակցական բնույթ, ու Ադրբեջանի կառավարությունը չպետք է ոչնչացնի դրանք»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Քանանի Չաֆին նաև նշել է, որ «իրավախախտ անձանց պատժելը բոլոր կառավարությունների բնական իրավունքն է, բայց նրանց՝ Իրանի հետ կապերի համար կեղծ մեղադրանքներն անընդունելի են»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը, ներքին գործերի նախարարությունը և դատախազությունը հայտնել էին «Ադրբեջանի մի խումբ քաղաքացիների խմբի ձերբակալման մասին, որոնք հավաքագրվել էին Իրանի հատուկ ծառայությունների կողմից, և պլանավորում էին Ադրբեջանի տարածքում ստեղծել կրոնական պետություն։ Նշվում էր, որ այդ խմբի ղեկավարները կազմել էին պաշտոնատար անձանց և հանրային գործիչների ցանկ, որոնք վրա պետք է կազմակերպվեին հարձակումներ։ Այնուհետ այդ ցանկը փոխանցվել էր խմբի անդամներին՝ «նրանց հանձնարարելով ձեռքբերել հրազեն ու պատրաստել Մոլոտովի կոկտեյլներ»։

Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ իրականացված գործողության ընթացքում, ձերբակալվել և կալանավորվել է «Գիսաս 313« («Վրեժ 313») անունը կրող խմբավորման 7 անդամ, ինչպես նաև այլ անձինք։ Ադրբեջանի հատուկ ծառայությունները պնդում են, որ խմբավորման անդամներն արտասահմանից ստացած դրամական միջոցները օգտագործել են կրոնական արմատականության քարոզման ու անջատողական գործողությույնների համար։

Լուսանկարում՝ Բաքվի նավթավերամշակման գործարաններն ու Բիբի Հեյբաթ մզկիթը/AP Photo/Mikhail Metzel, File

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter