
Ահազանգ. զավթում են քանդակագործ Չուբարյանի սեփականությունը
Քաղաքի կենտրոնում հավելյալ քառակուսի մետրեր շահելու մոլուցքը դրդում է որոշ բիզնեսմենների ոտնահարել հայ արվեստի և մշակույթի կոթողներն ու դրանց հեղինակների հիշատակը՝ հանուն սեփական շահույթի:
Նալբանդյան 106/1 հասցեի կառուցապատող «Ավագ Շին» ընկերությունը և այն ներկայացնող մոսկվաբնակ գործարար Գևորգ Մարդանյանը օերս կրկին անհանգստացրել են Նալբանդյան 104 անհատական բնակելի տան բնակիչներին՝ փորձելով առանց համաձայնության ներխուժել Գոտիավորման նախագծով որպես մշակութալուսավորչական նշանակության գոտի սահմանված տարածք և զավթել դրա մի մասը: Հիշեցնենք, որ գործարարը հայհոյանքներով և անպարկեշտ արտահայտություններով դուրս էր վռնդել Նալբանդյան, Թումանյան, Նալբանդյան, Սայաթ-Նովայի պողոտա և Ավագ Պետրոսյան փողոցների բնակիչներին իրեն օտարված Նալբանդյան 106/1 տարածքից և իրականացրեց ծառահատումներ:
Այս պահին կառուցապատող ընկերության շինարարները ներխուժել են մշակութալուսավորչական գոտի և զավթում են Նալբանդյան 104 սեփական տան ընդհանուր օգտագործման տարածքը, որը Գոտիավորման նախագծով դեռևս 2007 թվականից ի վեր հաստատվել է որպես մակութային քառակուսի:
Քանդակագործ Ղուկաս Չուբարյանի դուստր Անուշ Չուբարյանը պատրաստվում է տարածքում հիմնել իր հորը նվիրված մշակութային կենտրոն, ինչի համար իր պնդմամբ արդեն դիմել է համապատասխան ատյաններին: Անցյալ տարի նա այստեղ բացել է հանրային ցուցահանդես՝ «Չուբար քանդակների այգի» խորագրով:
Նշենք, որ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի հստակ պահանջն է, որ պետական և համայնքային սեփականության հողամասերի օտարումը և օգտագործման տրամադրումը, հասարակության կամ պետական կարիքների համար գույքի օտարումը, ինչպես նաև հողամասերի կառուցապատումն իրականացվեն գոտիավորմամբ սահմանված նորմերի հիման վրա' հողամասերի նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան: Նշված օրենքի 14/1 հոդվածում հստակ շարադրված է, որ «գոտիավորմամբ սահմանված պահանջներին հակասող քաղաքաշինական գործունեությունն արգելվում է»:
«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնություն
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել