HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսական զինուժը դրոններով հարձակվել է Կիևի, Կրիվոյ Ռոգի և Լվովի վրա. ուկրաինական կողմը պնդում է դրանց խոցման մասին

Ռուսական զորքերը մայիսի 19-ի գիշերը օդային հարվածների նոր ալիք են հասցրել Ուկրաինային։ Կիևի քաղաքային զինվորական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն հայտարարել է, որ մայիսի սկզբից ի վեր Ուկրաինայի մայրաքաղաքը ենթարկվել է 10-րդ օդային հարձակման։ Ըստ նրա՝ գիշերը Կիևի ուղղությամբ, մի քանի փուլերով, արձակվել են Shaheed անօդաչուներ։ Պոպկոյի պնդմամբ՝ այդպիսի մարտավարությամբ ռուսական զորքերը փորձում են սպառել ուկրաինական ՀՕՊ միջոցները, ինչպես նաև հոգեբանական ազդեցություն ունենալ քաղաքացիական բնակչության վրա։

«Չեն հասնի իրենց ուզածին։ Հայտնաբերված օդային բոլոր թիրախները, որոնք շարժվում էին Կիևի ուղղությամբ, ոչնչացվել են մեր հակաօդային պաշտպանության ուժերի և միջոցների կողմից։ Կիևի ուղղությամբ հարվածներն անթույլատրելի են»,- նրա հայտարարությունը տելեգրամյան իր էջում մեջբերել է Կիևի քաղաքային զինվորական վարչակազմը։

Դնեպրոպետրովսկի մարզի զինվորական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակն էլ հայտարարել է, որ երկու մարդ տուժել է Կրիվոյ Ռոգում գիշերային պայթյունների հետևանքով։ Նրա տվյալներով՝ ռուսական զինուժը հարվածներ է հասցրել արդյունաբերական մասնավոր ձեռնարկությանը և չորսհարկանի վարչական շենքին։ «Արտադրամասերի զգալի ավերածություններ կան, ոչնչացվել են սարքավորումները։ Միանգամից մի քանի շինություն է այրվել։ Տուժածների թվում են 64-ամյա մի կին և 45-ամյա տղամարդ»,- իր տելեգրամյան ալիքում գրել է նա։

Լվովի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին էլ հայտնել է, որ առավոտյան 4-5-ն ընկած ժամանակահատվածում մարզի վրա հարձակվել են իրանական արտադրության Shaheed անօդաչուները, որին ի պատասխան գործի են դրվել ՀՕՊ միջոցները։

Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյը հայտարարել է, որ անօդաչուների հարձակման թիրախը եղել են քաղաքի կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտները։ Հարձակման հետևանքով տուժածներ չկան։

Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ գիշերային հարձակման հետևանքով ՀՕՊ միջոցները խոցել են 16 Shahed-136/131 հարվածային անօդաչու և «Калибр» տեսակի երեք թևավոր հրթիռ։ Ընդհանուր առմամբ, ըստ ուկրաինական կողմի, արձակվել է 22 անօդաչու և 6 հրթիռ։

ՌԴ ՊՆ-ն դեռևս չի մեկնաբանել ուկրաինական քաղաքների վրա գիշերային հարձակումները։

Լուսանկարը՝ REUTERS/Gleb Garanich

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter