HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հիրոսիմայում մեկնարկել է G7-ի առաջնորդների գագաթնաժողովը

Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում մեկնարկել է 7-ի խմբի (G7) գագաթնաժողովը, որն այս տարի ընթանում է Ճապոնիայի նախագահության ներքո։ Հանդիպման առաջին օրը առաջնորդներն այցելել են Խաղաղության այգի, որը նվիրված է 1945 թվականին Ճապոնիայի Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա ամերիկյան ատոմային հարձակման զոհերի հիշատակին։ Այնտեղ նրանք դիտել են Խաղաղության թանգարանի ցուցադրությունը և մասնակցել ծաղկեպսակների դրման արարողությանը։

Այսօր նախատեսված է աշխատանքային երեք նիստի անցկացում։ Ի սկզբանե կազմակերպիչները չէին հայտնում հանդիպումների օրակարգը։ Սակայն ավելի ուշ ի հայտ եկան առաջին մանրամասները։ Առաջին հանդիպումն ընթացել է աշխատանքային ճաշի ձևաչափով։ «G7-ը պետք է ունենա աշխարհում առաջատար դեր և արդյունավետորեն արձագանքի միջազգային հանրության գլխավոր մարտահրավերներին, քանի որ մենք կիսում ենք ընդհանուր արժեքներ»,- բացման ժամանակ հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։ Գլխավոր խնդիրների թվում նա նշել է Ուկրաինայում պատերազմը, կլիմայական փոփոխությունները և համավարակը։

Առաջին հանդիպումը նվիրված է եղել համաշխարհային տնտեսության խնդիրներին։ Այսօր կկայանա ևս երկու հանդիպում, որոնցից մեկի ժամանակ կքննարկի նաև ուկրաինական հիմնախնդիրը։

Ճապոնական կողմը, որպես գագաթնաժողովի հիմնական թեմա, ընտրել է միջազգային կարգին աջակցությունը, որը հիմնված է օրենքի գերակայության վրա, ինչպես նաև, այսպես կոչված, Գլոբալ հարավի հետ փոխգործակցության ընդլայնումը։ Սրանք զարգացող երկրներ են, որոնք համեմատաբար ունեն անկախ արտաքին քաղաքականություն և չեն աջակցում ուկրաինական հակամարտության և որևէ կողմի։

G7-ի առաջնորդները, ուկրաինական հիմնախնդրից զատ, պատրաստվում են քննարկել նաև իրավիճակը Արևելյան և Հարավարևելյան Ասիայում, Թայվանի շուրջ ստեղծված դրությունը, միջուկային սպառազինության հարցերը, ինչպես նաև տնտեսական ու պարենային անվտանգության հիմնախնդիրները։

G7-ի երկրներից զատ, որի կազմում են Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ և ԵՄ-ն, Հիրոսիմայի գագաթնաժողովին հրավիրվել են նաև Ավստրալիայի, Բրազիլիայի, Վիետնամի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Կուկի կղզիների, Կոմորյան կղզիների, Հարավային Կորեայի առաջնորդները։

Գագաթնաժողովը կավարտվի մայիսի 21-ին՝ եզրափակիչ հռչակագրի ընդունմամբ։

Լուսանկարը՝ G7-ի առաջնորդները Հիրոսիմայի վրա ատոմային հարձակման ժամանակ պահպանված միակ շինության առաջ/Brendan Smialowski/Pool Photo via AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter