HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կռնատ խրտվիլակը

Ոնց որ էծի ոտատակից փախած խիճ՝ ջուրը բարակ իզով ու գլգլալով էր գալիս: Առվի ափի խոտերը ջրի մեջ ծալվում ու բացվում էին: Հայկազի դեմքն էլ խոտերին հավասար ծալվում ու բացվում էր… Ծալվելիս ծալվում էր, բացվելիս կնճիռները չէին բացվում. լա՛վ էր ծերացել:

Ցանկապատից դուրս՝ գունդ ու գոլ քարին, հարևանը պարապ նստած, թոռանը ծնկանն առած` զղզղան խաղալիքը երեխայի ձեռքով խփում էր իր ձեռքին. «Ծափի՛կ, ծափի՛կ, ծիրանիկ…»,- hսկում էր, որ ջուրը հավասար կիսվի ու հավասարապես հոսի այգիները:

Ջուրը քիչ էր: Մի՛ ժամ, երկո՛ւ, երե՛ք… Հայկազը ջրի մեջ նայում էր խոտերը ոնց են ծալվում ու բացվում, գորտը ոնց է ջրից թռնում կանաչների ու կանաչներից՝ ջրի մեջ: Ճուռակը, բա ճուռակը՝ «Ճը՜ռ, ճը՜ռ, ճը՜ռ…»՝ օդի հոգին հանեց ծամծմելով: Արևը շողեշող մտել էր առուն, ու ոչ ջուրն էր տաքացել, ոչ էլ արևը՝ պաղել: Հասունացած արևածաղիկներից դեղին թերթերը իրենց-իրենց թափվում էին ու ջրի հետ գնում: Թռչուններ անցան: Նրանց ստվերը չհասցրեց ծալվել ու բացվել. արագ անցան: Թևավորների սլացքից ջուրը սև ստվեր տարավ՝ արևածաղիկների դեղին թերթերին խառնված: Սարի դոշին արածող էշն արևից բեզարած երկարուձիգ զռռաց՝ եկեղեցու զանգի պես գյուղի վրա տարածելով դախ ձայնը: Հայկազը վեր կացավ: Ճիմը՝ որդախառն ու ցեխաջուրը չռչռալեն, քաշեց մի ուրցից, խցկեց մյուսի բուկը. ջուր էր անում: Ու էլի՝ մի՛ ժամ, երկո՛ւ, երե՛ք… Նայում էր ծարավ հողը ոնց է պճպճացնելով ջուր խմում, խմելիս՝ փուչ պղպջակներ բաց թողնում, երկինքը ոնց անցավ առվի միջով առանց ոտները թրջելու, էշի ձայնը սրթսրթալով խառնվեց ջուր ու տերևին, ոնց իր դեմքը ջրի մեջ ծալվեց ու բացվեց. առուն ստվեր ու տերև կոլոլած տարավ, իր պատկերը մնաց՝ կնճիռախառը ջրի վրա ճոճվելիս. «Մարդու տիրու հերն էս ո՞նց ես անիծում»,- զարմացավ կյանքի վրա: Մեկ էլ լսեց՝ ճը՛թ, ճը՛թ, ճը՛թ: Ետ նայեց. բա՞ ջուրը գլգլար, ճուռակը ճռճռար, գորտը՝ չլմփ-չլմփ, էշը զռռար, երեխան խաղալիքը զղզղացներ՝ խրտվիլակը մնա՞ր:

 Պեպենոտ խրտվիլակի ցից թևերը փտել էին: Առանց քամու, առանց պատճառի ճթացին, ճթճթացին, պոկվեցին: Իրենց ծայրերին ամրացված զենքը՝ երկու ցախավել ուռի ճյուղերից, առան ընկան՝ մի քանի արևածաղկի վիզ ջարդեցին, գլուխը՝ փայտի վրա մեքենայի ներկով քիթումռութ նկարած, թողեցին դիք պոչի վրա՝ անթև ու անցախավել, ասես ի ցույց դրված խայտառակություն: Հայկազը ջուրը թողած՝ վազեվազ եկավ, ընկած ու գետնին չհասած թևերը վերցրեց արևածաղկի ցողունների միջից: Ափսոսաց. մարդը կոմունիստների թվից` է՜ քսան-երեսուն տարուց ավել, բարեխիղճ ցցված էր արևածաղիկների գլխավերևում և թշնամի ագռավներին էր վախեցնում: Խրտվիլակը Հայկազն էր սարքել՝ վեց տարեկան բարդու բնին շինովի գլուխը մետաղալարով պայմանական վզի մասում պինդ ձգած: Բարդին կտրելուց շատ ափսոսաց, բայց բարձր էր ու քամոտ օրերին քուլա-քուլա բամբակ էր թափում, հետն էլ՝ որդեր, մրգատու ծառերին: Ստիպված էր՝ բերք էր փչանում: Թեև վաղուց արդեն բարդին խրտվիլակի չինար բոյն էր, ու նրա ոչ բարն էին տեսնում, ոչ՝ հովը, բայց առաջվա պես կանգնած էր այգու երկնային բարձունքում, Աստծո նման ամեն ինչ տեսնում էր ու ոչնչի չէր խառնվում՝ այսքան տարի ոչ մի անգամ չէր խոսել, չէր մռնչացել, չէր սպառնացել, չէր պատժել… Բայց միշտ կար, և թռչունները վախենում էին նրանից:

Հայկազը նախ ջարդված արևածաղիկներից գլուխները պոկեց, դրեց խոտերին. կտա հարևանի թոռներին, քաղաքացի են, արևածաղկի սերմը բաժակ-բաժակ են առնում, ապա վերցրեց ընկած թևերը: Մեջտեղից ծնկանը դեռ չսեղմած, ուղղիղ փայտը, որը գլխից աջ մի թևն էր, գլխից ձախ՝ մյուսը, երկու կես եղավ: Բայց ծայրերի ցախավելները լավ էին մնացել. քանդեց մետաղալարն ու ցախավելներն էլ դրեց արևածաղկի գլուխների կողքին. կփորձի, մեկ էլ տեսար՝ բակն ավլեցին: Պիջակը հանեց խրտվիլակի հագից: Իրենն էր: Իր վարորդ եղած ժամանակվա պիջակը՝ սև, կարմիր զոլերով ու ընտիր կտորից: Երեք ամիս էլ չհագավ, ուր մտնում էր, հարցնում էին ծիծաղելով. «Էդ մինիստրի պիջակը որտեղի՞ց ես ճարել»: Գործի մեջ հարմար չէր, ղեկի մոտ շքեղ շորով իրեն ազատ չէր զգում. հանեց, հագցրեց խրտվիլակին, որը դրանից առաջ կնոջ՝ հաց թխելու ժամանակ վառված խալաթն էր քաշել վրան: «Էգ խրտվիլակը դարձավ որձ,- ծիծաղեց պիջակից ազատվելիս,- Ի՜նչ անկայուն է աշխարհը, դեմքեր կան, որոնց սեռը կարելի է փոխել միայն շորերը փոխելով»:

Պիջակը գունաթափ էր, սև ու կարմիր արդեն չէր ջոկվում, արևից սպիտակել էր, բայց ոչ ձյան նման. վրան և ցեխոտ անձրև էր եկել, և՛ քամին էր հող ու փոշի շփել՝ խանգռած էր: Թռչունների ծերտն էլ՝ դոշերի վրա շարվեշար՝ ոնց որ շքանշաններ: Փեշերից ձգեց՝ կտորը չէր փտել. «Հե՜յ գիդի, Ռումինիա, քո արտադրածն է»: Թախիծով հիշեց իր անցած կյանքը, երբ առաջավոր վարորդ էր ու պետության կողմից ամեն տարի խրախուսանք էր ստանում` արտասահման մեկնելու ուղեգիր, արժեքավոր իրեր գնելու արտահերթ իրավունք, Ռուսաստանի ծովափներում հանգստանալու հնարավորություն: Ջերմորեն կրծքին սեղմեց պիջակը: Երանությամբ մտաբերեց՝ ոնց էր ռուս աղջիկներին թևերից կախ գցած, ծովափնյա քաղաքի խանութներն ընկած՝ կնոջ համար նվեր փնտրում: Վերջապես լողազգեստ գնեց՝ կրծկալն ու փորլաթը իրարից անջատ: Մայրը մինչև կյանքի վերջը ծիծաղում էր. «Աշխարհի ծերն հասար, տրուսիկ բերիր: Ինչի իմ հարսի ոռը բա՞ց էր»:

Պիջակը շուռումուռ տվեց, տնտղեց. «Աստված հասավ…»,- մտածեց: Թե չէ՝ օրերը ցրտում են, առավոտներից արդեն ձյան հոտ է գալիս, իսկ ինքը տաք հագուստ չունի: Թափ տվեց, նայեց. ի՞նչ է որ՝ կոճակները տեղը, աստառը տեղը, առանձնապես պատառոտված չէ: Ստուգեց գրպանները. մեկ էլ տեսար էն թվերից փողումող մոռացած եղավ: Թաշկինակ հանեց պիջակի աջ գրպանից՝ չորս տակ ծալած ու ծալերից փտած: Մյուս գրպանը ծակ էր, բայց դե էդ ի՞նչ ունի պահելու, որ գրպանի կարիք էլ զգա. ինչ կար-չկար՝ ծախեցին-ծախծխեցին, որ անկախությանը դիմանան, մնացել է էս մի թիզ հողն ու չորս պատը, էն էլ գին տվող չկա: Մարդիկ ճոխ տունուտեղ թողած գնում են օտարություն, իրենց ավերակին ո՞վ փող կտա… Նորից տնտղեց պիջակը. «Ինչ ուզում ես՝ ասա, լավ է մնացել»: Ուսերին ծիտ ու ագռավ ծրտել էին, ծերտն արևի տակ չորացել, քարացել էր կրաքարի նման և ուսադիրներ էր դրել օձիքից աջ ու ձախ, բայց ոչինչ. «Բանջարանոցի գեներալ»,- ծիծաղեց խրտվիլակի վրա: Ափով տրորեց թռչնաղբը, եղունգով քերեց՝ որը որ կպած մնաց: Ջրի վրա պահած՝ թափ տվեց. պարարտանյութ է, թող գնա, այգին սնուցի… Իմաստ ունի՞ էս չեղած տարում ինքը փող տա, նորն առնի: Մանավանդ որ՝ փող էլ չկա, արդեն քանի՜ տարի ու ամիս՝ թոշակ չեն ստացել, խոտ ու կանաչն էլ որ չլիներ, հիմա սովամահ էին եղել. անասունին հավասար տարվա մի կեսը թարմ կանաչով են սնվում, մյուսը՝ չորացրած: Ոչ էլ կյանքն է առաջվանը. պատերազմ, սով, շուն ու շնից էլ փիս չինովնիկներ… Էլ ոչ քեֆ ու ուրախության կա, ոչ բան: Ժողովուրդն արդեն հարսանիքն էլ թաղման նման սուսուփուս է անում: Էդ ո՞ւր պիտի գնա, որ պիջակը գնացած տեղին չսազի… Իրենց ապրելն էն է, որ քնում են ու արթնանում: Քնելուց առաջ էլ երեք-չորս մարդ մտածում է, թե վաղը հայոց որ լեռը քանիսով պիտի ծախի, մյուսներն էլ երազում են. «Երնեկ լույսը չբացվի, որ ապրելու խնդիր չառաջանա»: «Է՛ս է մերօրյա աղոթքը… Մի դատարկ հոգի է մնացել, լավ է գոնե, էն էլ Ատծու ձեռքին է, թե չէ էդ էլ կհանեիք, կտանեիք»,- նեղսրտեց: Նորից թափ տվեց պիջակը՝ հիմա էլ գրպանների եզրերը, որոնց վրա գունդ-արցունք քարացել էր թռչնաղբը. «Առաա՜ հա՛»,- բութ մատը խոթեց ցուցամատի ու միջնամատի արանքը ու բռունցքը խուժանավարի տնկեց ցից փետի վրա շվարած, դնովի գլխով խրտվիլակի քիթմռթի տակ, որի վրա տարիներ շարունակ ամպը անձրև էր թքել, քամին էլ բամփել էր գլխին:

Պիջակից ծերտը թափ տալու ընթացքում հիշեց սանահորը, ով թոքախտից հալվել և արդեն կմախք էր նախքան մեռնելը: «Երկրում, ուր իշխանավորներն ու բնությունը դաժան են հավասարապես, և ընդունածդ ամենասննդարար բանն էլ ջուրն է, հեշտ է մեռնելը»,- մտածեց: Ապա նայեց խրտվիլակի չլուտ թևերին՝ չտանի՞ թաղի՝ կատակի համար: Ծիծաղեց պատկերացնելով՝ ոնց է խաչ տնկում թևերի գերեզմանին: Վրան էլ դանակի ծայրով խազեր կանի. «… Աստ հանգչի մասնիկը տիեզերքի՝ խրտվիլակ, որ թևերն իր ավանդեց առ Աստված»: Այս անգամ բարձրաձայն ծիծաղեց: Հետո, չգիտես ինչու, նրա մտքի մեջ թոքախտից մեռած սանահերն ու խրտվիլակի փտած թևերը նույնացան. «Տեսնես հողի մեջ առաջ դագա՞ղն է փտում, թե՞ մեռելը»,- մտածեց հետաքրքրված: Բայց ձեռ քաշեց թևերը թաղելու մտքից: Կտանի, կպահի աստիճանների տակ՝ վառելիք է:

Առվի վազող ջրի մեջ զննեց իրեն ոտից գլուխ, ձեռքերը ծափ զարկելու պես խփեց իրար, թափ տվեց հող ու փոշին ու վրան քաշեց խրտվիլակի հագից հանած պիջակը: Ինչպես հայելու առաջ. աջ թեքվեց՝ ջրի մեջ նայեց իրեն, ձախ թեքվեց՝ ջրի մեջ նայեց իրեն.

- Լավ էլ սազում է,- օտար ձայնից վեր թռավ: Շրջվեց՝ փոստատարն էր.

- Հա՞ որ…

- Հավատա, իսկը նշանդրեքի պիջակ, ընտիր բան,- պնդեց փոստատարը:

Հայկազը գովասանքից շոյվեց.

- Տեղ գնալու որ եղար՝ կտամ հագնես:

- Գոհ եմ, ախպեր, ո՞ւր պիտի գնամ, տարին մի անգամ գնում էի շրջկենտրոն թոշակները բերելու, էն էլ կտրվեց…

- Հիմա բերե՞լ ես, թե՞ չէ…

- Չէ, չեմ բերել:

- Բա առանց փողի եկել ես՝ ի՞նչ անեմ,- Հայկազը պիջակը հագից հանեց, խփեց թևի տակ:

- Եկա ասեմ, ձեր հաշիվն իմանաք: Ասեցի՝ ես իմ գործն անեմ…

- Առ,- ծերունին խոտերի միջից վերցրեց արևածաղկի գլուխներից մեկն ու մեկնեց նրան,- առ՝ ես քեզ «թոշակ» տամ,- ծիծաղեց,- ամեն դեպքում գնալ-գալով կոշիկ ես մաշում:

Փոստատարը վերցրեց արևածաղիկը: Ափով փշրեց, թափեց սերմերի վրայի թավշյա խավը, որի վրա մեղուն օրնիբուն ոտքերն էր քսմսել ու էլի չէր տարել ողջ փոշին. ափը դեղնեց:

- Ուշքս գնում է թաց սերմի համար,- ասաց ատամների արանքից կճեպը դուրս թքելով,- կաթի համ է գալիս:

- Մայրակա՞ն, թե՞ ուրիշ կնկա…- կատակեց Հայկազը նրա՝ սերմի կճեպից սևացած շրթունքին նայելով: Ապա փոստատարի թևից մոտ քաշելով՝ գլուխը մոտեցրեց նրա գլխին ու ականջին փսփսալով՝ հարցրեց.- Ճի՞շտ է, որ խորթ աղջկադ հետ ես:

Փոստատարը վախեցած ետ քաշվեց.

- Գիժ երեխու պես ես,- նախատեց,- կարող ես էնպիսի ճշմարտություններ դուրս տալ, որ սարսափեցնի մարդկանց: Բա էսպես սնվողը…- նա բութ մատը գոտկատեղից մտցրեց ու ձգեց, առաջ քաշեց լա՜յն գոտին,- կարո՞ղ է կնոջ հետ լինել… Մեջը ռեզին եմ քաշել, որ հագիցս չընկնի,- տեղը բաց թողեց շալվարը:

 Հայկազը գնաց, ջուրը փոխեց մարգից մարգ ու փոստատարին ուղեկցեց դեպի դարպասը:

- Ռադիո լսո՞ւմ ես, աշխարհում ի՞նչ կա:

Փոստատարը թաթերի ծայրերին զգուշորեն քայլեց թաց խոտերի միջով.

- Հեչ, տաք ու սառ անելով գլորվում է դեպի հավերժություն:

- Ամերիկան էլի՞ ուզում է իշխել,- ծերուկը ոտքը միզող շան պես տնկեց ու կոշիկի միջից դատարկեց ջուրը:

- Երևի:

- Ռուսաստա՞նն էլ է ուզում:

- Ո՞վ չի ուզի, որ…

- Ճի՞շտ է, որ ամերիկյան օգնություն է եկել՝ ալյուր ու ձեթ, ասում են թոշակառուներին են տալու:

- Ճիշտ է, բայց ալյուրը որդնած է, ձեթից էլ շան հոտ է գալիս,- թաց խոտերից բակ՝ վերջին քայլը ոստնեց փոստատարը:

- Բա ինչի՞ էդպես անմարդկային…

- Չգիտեմ, ասում են՝ երրորդ երկիր ենք:

- Առաջին երկուսն ովքե՞ր են:

- Իրենք կլինեն,- ծիծաղեց փոստատարը:

- Սրտիդ մոտ մի ընդունիր,- մխիթարեց Հայկազը,- Աստծո դրած կարգում մեր համարումը ավելի բարձր է… Որ օգնությունը բաժանեն, ալյուրը բեր: Բոքոն կանենք, կտանք շանը, մեղք է: Որ եկար վրադ չհաչեց, չէ՞:

Փոստատարը նայեց քարե բնի կողմը, որտեղ կողին ընկել ու թաթով գետնից փոշի էր հանում ականջը սպիտակ, ինքը սև շունը:

- Սովից կողերը փոս են ընկել, դա հեչ թշնամու վրա չի կարող հաչել, ուր մնաց՝ բարեկամի:

Գետնի չոր փոշուն թաց ոտնահետքերը դաջելով՝ ծերուկը մոտեցավ բնին, տնքալով պպզեց ու արձակեց շան կապը.

- Թե սրանք ինչի՞ խոտակեր չեն,- սրտնեղեց,- … Գնա մի քիչ ման արի, գոնե դաշտերում մուկ ու առնետ կեր: Բայց գիշերը տուն կգաս,- հանձնարարեց կենդանուն:

- Լավ կանի լճի կողմը գնա,- խորհուրդ տվեց փոստատարը,- գիշերը սարսափելի քամի էր, ալիքը գորտ ու ձուկ նետած կլինի ափ:

Շունը նորածին հորթի նման երերաց ու նստեց գետնին՝ բնի առաջ: Հայկազն անհանգստացավ.

- Չսատկի՞…

- Տո՛ չէ,- սիրտ տվեց փոստատարը,- ուղղակի ազատությանը սովոր չի…

Հայկազի պառավը ծառի տակից փոստատարի գլուխը տեսավ ու գրկից թափեց ավելուկի տերևները, որ հյուսում էր, չորացներ ձմռան համար: Աղերի կուտակումից ու կյանքի ծանրությունից ծռված, ծամածռված, ծնկների հոդերն իրար խփելով՝ խառը-խառը եկավ: Մինչև տեղ հասնելը մտքում որոշեց՝ եթե երկու ամսվանը բերած լինի, կգնա հարևան գյուղ՝ հիվանդ քրոջը տեսնելու, և նույնիսկ ճշտեց տանելիքը՝ մակարոն, բայց ոչ պարսկական. ուտողները լուծ են ընկնում:

- Տիկինն ինչպե՞ս է, հո էլ ճնշումը չի՞ բարձրանում,- մոտեցող կնոջը տեսնելով՝ քաղաքավարի գտնվեց ու հարգանքով հարցրեց փոստատարը:

- Ճնշումն ինչ է, որ չբարձրանա, դա էլ հո մեր թոշակը չի՞:- Կատակեց Հայկազն ու տեղեկացրեց կնոջը,- փող չկա: Մարդը եկել է ասելու՝ հույս չունենաք:

- Ի՞նչ անեմ,- ուսերը վեր քաշելով՝ արդարացավ փոստատարը,- հո կառավարություն չէ՞…- նա մի պահ լռեց՝ կնոջ ներկայությամբ ուզում էր մինչև վերջ քաղաքավարի մնալ ու մտքում բարեկրթում էր հայհոյանքը, վերածում գրական բառերի,- պատուհաս է գլխներիս՝ հում գլուխ, պլնչոտ գյադեք են, կյանքի հարգ ու կարգից անտեղյակ:

Հայկազը ձեռքը մեկնեց, մի քանի հատիկ արևածաղկի սերմ հանեց, բռով լցրեց բերանը, ծամեց, թուքը կուլ տվեց.

- Մի մխիթարանք կա,- ասաց՝ մնացորդը ոտքերի տակ թքելով,- ցանկացած երկիր ավելի երկարակյաց է, քան նրա ինքնակոչ չինովնիկը:

- Խրտվիլակը որ խրտվիլակ է, իր անուղեղ հալին մի այգի է պահում, դրանք խրտվիլակի չափ էլ չկա՞ն… Էս մի բուռ երկիրն ի՞նչ էր, որ հասցրին էս վիճակին:

- Էս հողը,- ծերունին ոտքով դոփեց գետնին,- երբեք խելքի ու խելացիների պակաս չի զգացել: Էս հողը հուր հավիտյան ազնվության ու խղճի պակաս ունի: Թե չէ` էշն էլ խելք չունի, բայց խիղճ ունի Աստծո առաջ իր ստանձնած դերը մինչև վերջ ազնվորեն տանելու և կրում ու կրում է իր բեռը: Իսկ Հիտլե՞րը, կասե՞ս, որ անխելք է, բա անխելք մարդը աշխա՞րհ կնվաճի… Ընենց որ` ավելի լավ է քո գլխավերևում էշ ունենաս, քան Հիտլեր… Էշին գոնե կարող ես դնել քո ուզած ճամփին ու քշել… Իսկ դրանց… Չկա ավելի սարսափելի բան, երբ չար մարդը խելք է ունենում. դա հենց սատանան ինքն է, որ կա: Նրան անհնար է դաստիարակել ու վերադաստիարակել, կրթել ու խղճի բերել, նրան պետք է պարզապես ոչնչացնել… Ցավոք սրտի տիեզերական չարության դեմ մարդկային ուժերով չես կռվի: Ուղղակի պիտի պինդ մնանք:

- Ա՛յ մարդ, դե չի կարելի, էլի՛,- զայրացավ փոստատարը:- Էն խեղճ անասնաբույժն էլ չի կարողանում ոտքի վրա կանգնել, գլուխը պտտվում է, ծնկներն էլ դողում են: Բա որ ծեր մարդը տարիներով մսի ու քաղցրի համ չտեսնի, էդ պիտի լինի, ուրիշ ի՞նչ… Վերջն էլ՝ մահ:

- Իսկ ես լսել եմ,- վախեցած տեղեկացրեց պառավը,- Երևանում հերոս զինվորների տղա երեխեքը գողություն են անում, իսկ աղջիկ երեխեքը՝ անառակություն: Էս երկրում ապրելու ուրիշ հնար չկա՛:

- Ինչի՞ց ես խաբար, այ քուր, մանկատներից երեխաներ են արտահանվում արտասահման, հանց ոսկու ձուլակտոր: Այնտեղ նրանց մասերի բաժանած վաճառում են, ինչպես հին մեխանիզմ, և ծեր միլիոնատերերը գնելով՝ փոխում են իրենց մաշված սիրտ ու թոքը: Իսկ Եվրոպայում… Ո՞վ կսպասեր Եվրոպայից նման բան, տղեկների ձվերից նուրբ հոտերով օծանելիք են պատրաստում կանանց համար:

- Վո՛ւյ,- սարսափած պառավը ափով խուփ փակեց բերանը:

- Ա՜յ քեզ աշխարհ, ա՜յ քեզ մարդկություն,- փոստատարը ձեռքերը կողմ տարածած ճոճվեց աջ ու ձախ՝ ձեռքերի բացվածքում տեղավորած աշխարհը ցույց տալու համար,- Աստծո երևակայությունն էլ է ցնցում իր դաժանությամբ:

Դարպասի դռան մոտ խմբված, նրանք, ոտքի վրա՝ ինչպես հանգուցյալի կենացը խմելիս, մղկտացին անասնաբույժի համար: Ծեր ամուսիններն հիշեցին, թե ինչ հոգատարությամբ նա վիրակապ դրեց իրենց հավի կոտրված ոտքին, և հավն էլ իր հերթին ապերախտ չգտնվեց ու էլի մի տասը-քսան ձու ածեց՝ մինչև աղվեսի տանելը:

Ապա փոստատարը հրաժեշտ տվեց.

- Լա՛վ մնաք:

 Փոստատարի հեռանալուց հետո Հայկազը մի անգամ էլ կնոջ համար հագավ պիջակը.

- Մեր խրտվիլակի հագից եմ հանել, թևերը փտել էին, իրենց-իրենց ընկան՝ ոնց որ քյաֆթառ ատամ…- ծիծաղեց թևերի վրա ու ձեռքերը կրծքին տպտպացրեց, դզմզեց արևից սպիտակած պիջակը:- Ո՞նց է:

Կինը պաղ-պաղ նայեց ծրտոտ պիջակի մեջ կլուլված ամուսնուն.

- Ուսերը մի քիչ կախ են… Ոսկորներդ էլ են մաշվել,- նկատեց տարիների տարբերությունը,- բայց լավ է,- ասաց,- խրտվիլակը՝ մերը, պիջակը՝ մերը. ոչ մի ամոթ բան էլ չկա:

Մի ժամի չափ Հայկազը յասամանի ծառի տակ նստած անմշակ թութուն ծխեց, դառը ծխից մի քանի անգամ խեղդվելով հազաց՝ ջրակալած աչքերը սրբելով, մինչև պառավը հյուսեց ավելուկի մնացած թփերը՝ տեղին-անտեղի օ՜ֆ, օ՜ֆ անելով:

…Մեղուն քամակը երկինք տնկած, քիթմռթով մտել էր ծաղկի հոգու մեջ և ոտքերը ծաղիկի կողերին տրորելով՝ փորում ու փորում էր. նեկտար էր պետք: Հայացքը մեղվին հառած՝ Հայկազը մտախոհ նայեց աշխարհին, մինչև կինն ավարտեց գործը: Բանջարի երկար հյուսքերը ուսներին գցած՝ ամուսինները բերեցին ներս, կախեցին պատուհանի բռնակներից: Որից հետո պառավը՝ մի ձեռքը կոնքին, տնքրտալով, գոլ ջրով ու կապրոնե մաշված գուլպայով շփեց, մաքրեց ծերտը պիջակի վրայից, օձիքն համարյա լվաց ու պիջակը գցեց աթոռի գլխին.

- Մինչև առավոտ կչորանա,- հուսադրելով:

Երեկոյան նրանք եռման ջուր խմեցին՝ մեջը ուրց գցած: Կինը դժգոհեց, որ գիշերներն աչք չի փակում. «Գլուխս մրսում է»,- ասաց:

-Արյունդ լավ չի պտտվում, քեզնից խորթացել է,- բացատրեց Հայկազն ու գնաց խոհանոց: Սովետական տարիներին կերած մոմպասի մետաղյա տուփի պարունակությունը փորփրելով՝ թել ու կոճակի միջից ջոկեց, սպիտակ գույնի հաբ հանեց՝ ժամկետանց վիտամին «Ա», որը տարիներ առաջ տալիս էր ցռան գառներին, ու մի բաժակ ջրի հետ բերեց, հրամցրեց կնոջը.

- Քնաբեր է, խմիր: Արյան ճնշումն էլ է կարգավորում:

Կինը խմեց, խմելու ընթացքում՝ ի նշան երախտագիտության, հայացքը ամուսնուն հառած:

Հայկազը բաժակը ետ տարավ խոհանոց: Վերադարձավ ձեռքերն իրար շփելով ու տաքացնելով. մեջը դող էր մտել, ոսկորները մրսում էին. ուրեմն աշունը հասեհաս գալիս է: Էլի պիտի քամին վախեցնելով դուռ-լուսամուտ ծեծի ու պատի տակ գոռալով լա՝ ծառերի մազերը փետելով, իրենք էլ վերմակի տակ կուչ եկած՝ եռման ջուր խմեն, որ արյունը սառույց չկապի: Ու կարող է պատահել՝ ձմռան ամենացուրտ օրը հանկարծ պարզվի, որ այլևս եռացրած ջուր չունեն՝ սպառվեցին-վերջացան փայտ ու նավթ, քրջուփալաս, տետր ու գիրք: Վառելու արժան օրգանական նյութերից մնացին սեփական մարմինն ու անձնագիրը՝ հարգարժան ՀՀ անվավեր ճանաչված քաղաքացի…

Պահարանից հանեց հին կարպետը, որով տարիներ առաջ խնձորի արկղերն էին պահպանում ցրտից, գցեց ուսերին: Գնաց ննջասենյակ. ճանապարհին օդի մեջ ծափ զարկելով՝ ցեցի թռվռացող թիթեռ սպանեց:

- Դեռ չորս օր կա մինչև աշուն, բայց տան ներսում ձմեռվա պես ցուրտ է,- կանչեց այնտեղից:

- Քանի՜ տարի՝ չենք տաքացնում, բա ի՞նչ էիր ուզում… Լճի խոնավությունն էլ մի կողմից,- ուրցաբույր գոլորշու միջից գոռալով՝ պատասխանեց կինը:

- Հատակն էլ երևի փտել է, նամշահոտ է գալիս:

Նա վերադարձավ ննջարանից, նորից եռման ուրցաջուր խմեց՝ ձեռքերը բաժակի կողերին տաքացնելով: Բաժակը ցած դրեց ու`

- Ես դրանց մերը… էդ բոզի տղերքն ո՞վ են, որ ինձ խեղճացնեն՝ էն էլ՝ ստամոքսով… - արքայական ժեստով սեղանին նետեց ծաղկավոր կտորի մեջ ճոթերից կապած մի փոքրիկ կապոց: Կապոցից ամերիկյան մանր դոլարներ ընկան, ու ծանր զնգոց եկավ. ոսկու զնգոց էր:

- Վաղը գնամ շրջկենտրոն, սնունդ բերեմ:

Կինը նրան նայեց պաղությունից պսպղան աչքերով:

- Պա՞րտք ես արել:

- Ումի՞ց…- Հայկազը հայհոյանքը կուլ տալով, զայրացած ու անձայն շարժեց շուրթերը,- Ողջ երկիրը սարքեցին իրենց լայեղի՝ մուրացկա՛ն:

 Կինը շարունակում էր նրան նայել պաղ ու դատարկ՝ ինչպես աշնան երկինք, հայացքով:

- Սա է՛ն փողն է,- ասաց կնոջ պաղ հայացքին ի պատասխան, ակնածելով «է՛ն» բառից:

- է՞ն փողը…- պառավը դողդողալով բացեց ճոթերից կապած կտորը:- Մեր կնունքի խաչե՜րը… Ցուրտ գոմի մեջ սատկած գառների մսի վաճառքից գոյացած գումարը… էն, որ մեր թաղման համար էինք պահել,- շոյեց կապոցի միջինը:- Ախր էստեղ հեչ երկու դատարկ դագաղի փող էլ չկա, ի՞նչ պիտի առնես,- վշտացավ:- Մեր հավերժական հանգիստը մի օրում ուտենք ու գնանք զուգարան:

- Բա խաչե՞րը:

- Խաչերը միայն ոսկի չեն, մեռոնաջրված են՝ սրբություն, կարելի՞ է վաճառել:

- Այս պահին միայն մի բան չի կարելի՝ մեռնել: Հանուն կյանքի արված ամեն ինչը կարելի է և թույլատրելի:

- Նույնիսկ սրբություն վաճառե՞լը,- զարմացավ պառավը՝ ափով ծածկելով փողն ու խաչերը:

Հայկազը սեղմեց ատամները.

- Ստիպված ենք…

- Կդիմանանք,- Երևանից բերված լաքապատ դագաղից ու գլխավերևում ճթճթացող բուրավետ մոմերից, որոնց լույսի վրա գալիս է հրեշտակը, չէր ուզում հրաժարվել պառավը,- ութսուն տարի ճոխ ապրել ենք, մի քիչ էլ էսպես կապրենք… Մենք որ դժգոհենք, բա երեխեքն ի՞նչ ասեն. ծնվել են ու՝ կյանք չկա:

- Հոգիդ կդիմանա, բա մարմի՞նդ: Ախր ծե՜ր ենք,- Հայկազը համոզում էր կնոջը՝ առանց նրա աչքերին նայելու,- ուզում ես անասնաբույժի օրն ընկնե՞նք՝ սեփական ծնկնե՞րդ էլ չտանեն մարմնիդ ծանրությունը:

- Իսկ դու ուզում ես մե՞զ էլ` ամոթու գիշերով, առանց օղորմաթասի ու դագաղի, կատվի քաքի պես հողը ետ տան ու ծածկեն, ոնց որ ներքին թաղի էն ծերերի՞ն:

- Շա՜տ հեռու գնացիր… Հույս ունենանք, որ մահը տալու ժամանակ Տերն ավելի բարի կլինի, քան եղել է կյանքը տալիս:- Ծերունին կնոջ կնճռոտ ձեռքը ետ տարավ, եղածը փաթաթեց թաշկինակի մեջ ու դրեց աթոռի գլխին չորացող պիջակի գրպանը: Սեղանի վրա կապոցից մնաց քառածալ մի թուղթ:

- Էս կտակն էլ մի հուսալի տեղում պահիր,- հանձնարարեց կնոջը:

-Բարձի մե՞ջ:

- Բարձի մեջ, ներքնակի տակ, որտեղ որ հարմար է:

Պառավը թուղթն իսկույն խոթեց ծոցը.

- … Իզուր տունը կտակեցինք տղաներին: Ամերիկաներն ու եվրոպաները թողած ինչի՞ կգան էս քարերի մեջ օձ ու կարիճի հետ ապրելու: Ճիշտ կլիներ ծերանոցին նվիրել:

- Ծերն իր կյանքը ապրել, իր բաժին դրախտն ու դժոխքը վաստակել, մի ոտքն էստեղ է, մյուսը՝ երկնքում, նրա ինչի՞ն է պետք քո տունը…

- Ինչ-որ է՝ մեր չարչարանքով դրած տունը անտեր չէր մնա:

- Դարդ մի արա, էլի չի մնա. կգան, ո՞ւր պիտի կորչեն, օտար երկրում մարդ կարող է կուշտ լինել, բայց ոչ երջանիկ:

- Իսկ դու համոզվա՞ծ ես, որ նրանք երջանկության են ձգտում, գուցե կուշտ լինելը նրանց լիուլի հերիքո՞ւմ է ապրելու համար:

- Աստված գիտե:

- Աստված խեղճացել է, մենք էլ հետը, ի՞նչ իմանա:

- Վեր կաց, վեր,- կնոջ մեջքին քաջալերող թփթփացրեց Հայկազը,- գնանք քնենք, քանի չի մթնել: Թե չէ մթան մեջ դժվար է շարժվելը:

- Էլեկտրիկն ասում է՝ գոնե հազար դրամ ճարեք, մուծեք, հոսանքը միացնեմ:

- Հազար դրամը քիչ փող չէ՝ երեք բուխանկա հաց և մի տուփ մարգարին, որտեղի՞ց ճարենք:

Հայացքն աղջամուղջի մեջ նվաղած սարերին՝ պառավը քստքստացնելով գնաց ննջարան: Մինչ ամուսինը շրխկոցով կկողպեր դուռը, անկողնու վրայից վերցրեց բարձերը, փմփխացրեց ու խոթեց վերմակի տակ՝ առանց հավաքելու ծածկոցը.

- Հավերի հետ թառում ենք,- կատակեց,- անտեր անքնությունն էլ մի կողմից… Էնքան եմ տալիս ու առնում, հոգիս գալիս է բերանս:

- Լավ է, էլի,- ծերուկն էլ կատակեց,- բերանդ մի բան կլինի ծամելու, սովից չես տանջվի:

Հայկազն առանց շորերը հանելու սահեց վերմակի տակ.

- Բոոո՜,- բառաչեց ցրտից,- դու էլ շորերով պառկիր, թող անկողինը մի քիչ տաքանա, հետո կհանվենք:

- Էլ ի՞նչ հանվել…- պառավն էլ սրթսրթալով սահեց վերմակի տակ:

- Կյանքն էսքան պաղ մեկ էլ մորս մահվան տարին էր,- հիշեց Հայկազը ցրտից կակազելով,- խեղճ կինը գնաց գոմ անասունը ջրելու, մեռավ, մնաց մսուրի մոտ:

- Բախտավորությունը հենց դա է,- նախանձեց կինը,- որ ապրելով մեռնես: Թե չէ սա կյա՞նք է՝ մեռնելով ենք ապրում:

- Լավ կլինի՜…- գլուխը վերմակի տակ խոթած՝ կափկափեց Հայկազը, կես ժամի չափ վերմակի տակ շնչեց ձեռքերին, մարմինը գոլացրեց սեփական շնչառությամբ:

- Երեկ ուղիղ կեսգիշերին ջահել մեռած պապիս տեսա, չհասկացա՝ երա՞զ էր, թե՞ տեսիլք: Բակի կանաչ խոտերին նստած՝ քարը քարին խփելով ծիրանի կորիզ էր ջարդում ու ինձ հարցնում. «Ո՞նց եք»: Ես էլ հոգոց հանեցի՝ կանք, էլի… Ծիրանի կորիզը ջարդեց, կիսեց կեսը ինձ, կեսը՝ իրեն, վերջում էլ ասաց՝ տանեցիքին կբարևես: Ես էլ ասեցի՝ բարու մեջ մնաք:

Ի պատասխան այն աշխարհից եկած բարևների՝ Հայկազը օդը քթի մեջ կլկլացնելով, խռռացրեց:

- Օ՜ֆ, օ՜ֆ,- գիշերային իր անքուն տանջանքին համակերպվեց պառավը ու, տաքանալու հույսով, կիպ կպավ ամուսնուն,- թե ասա՝ շանն ինչի՞ արձակեցիր, գիշերները լափի դատարկ ամանը գռգռացնում էր թաթերի տակ, էլի զգում էիր, որ մենակ չես:

 

* * *

Առավոտյան Հայկազը հագավ խրտվիլակի հագից հանած պիջակն ու սուր քթերով լաքե կոշիկները: Կոշիկների քթերը աննկարագրելի նեղ ու երկար էին: Այն մնացել էր հարևանի տղայից, ով Մոսկվայում մի կնոջ հետ էր ամուսնացել՝ իր մորից հինգ տարով էլ մեծ, և եկել էր ծնողներին ասելու. «Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս»: Գնալիս մոռացել էր լաքից կոշիկները:

- Ամբողջ Եվրոպան է էդպես հագնում,- կոշիկի քթերի երկար սրությունը արդարացրել էր հարևանը ու նվիրել,- ոտքիս մեծ է… Թազա ապրանք է, ափսոս է անտեր մնա:

Դրսի լույսի տակ պառավը նկատեց, որ պիջակի մեջքի մասում թռչնի պոչից պոկված ու եղևնու փշերի պես սուր-սուր ծերտի ցոլքեր կային կպած, որոնք մաքրելու ընթացքում առանց ակնոցի չէր տեսել: Մոտեցավ, թափ տվեց. «Լա՛վ է…»:

Ձեռքերը գրպանները դրած՝ Հայկազը գնաց դեպի դարպասը: Գրպանում՝ ափի մեջ թաշկինակը պինդ պահած, նա մտովի արդեն գնումներ էր անում ցուրտ աշնան ու ձմռան համար, և կարծես թե դժգոհ չէր: Ապա շրջվեց ու հարցրեց կնոջը. «Նավթի համար աման ունե՞նք»: Պառավը աստիճանների վրա կանգնած` գլխով դրական նշան արեց: Հայկազը գոհունակ ժպտաց ու շարունակեց քայլել: Քիչ հետո նորից շրջվեց ու ավելի բարձր հարցրեց. «Իսկ ալյուրի համար այնպիսի տեղ ունե՞նք դնելու, ուր մկները ելումուտ չունենան»: «Հա՛, հա՛»,- ժպտալով հավաստիացրեց կինը: Էլի մի քանի րոպե պառավը ժպտալով նայում էր ամուսնու ետևից և որոշել էր չարաճճի ձեռքով անել, եթե նա նորից շրջվի: Բայց Հայկազը չշրջվեց: Կես ճամփին ձեռքերը հանեց գրպանից ու կոր մեջքին աղուտ հողի պես ճաքճքած ձեռքերը դարսած` շարունակեց քայլել: Հասավ դարպասին, քաշեց երկաթյա դուռը: Դուռը չբացվեց: Ծերուկը կանգ առավ, խորը շունչ քաշեց ու դժվարությամբ բացեց այն՝ ծանրությունից տնքալով: Ոտքն զգուշորեն վեր բարձրացրեց ու դարպասից անցավ՝ ետևից դուռն առանց ծածկելու:

Պառավը տեսավ, թե ինչպես երկինքը հանկարծ պեպենոտվեց թռչունների չվող երամով, որոնք օդը խշրտացնելով թևեցին-անցան իր գլխավերևով. «Տեսնես կնկատե՞ն, որ խրտվիլակը կռնատ է»,- վախեցավ արևածաղիկների համար ու հայացքը երկնքից ցած բերելով՝ կանչեց ամուսնու ետևից.

- Շաքարավազը չմոռանաս:

Առանց շրջվելու ծերուկը ձեռքը բարձրացրեց՝ ինչպես անում են ողջունելիս, իբր՝ լսեցի, ու ոտքի տակից կոշիկի քթով դեն նետեց քարը:

Պառավը մտքում «Հայր մեր» արտասանելով նայեց, մինչև ամուսինը գնաց՝ գնա՜ց, գնա՜ց, գնա՛ց: Եվ «…Զի քո է արքայություն» մասում աղոթքն ընդհատելով` սարսափահար մտածեց. «Վերջ»:

Սուսաննա Հարությունյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter