HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Բախմուտի գրավման մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ուկրաինական Բախմուտ քաղաքի նկատմամբ լիարժեք վերահսկողության մասին։ Այդ մասին ռուսական գերատեսչությունը հայտնել է տելեգրամյան իր ալիքում։

«Արտյոմովսկի մարտավարական ուղղությամբ (ուկրաինական Բախմուտի ռուսական անվանումը-խմբ.), «Վագներ»-ի գրոհային ջոկատների հարձակողական գործողությունների արդյունքում, զորքերի «Հարավային» խմբավորման հրետանու ու ավիացիայի աջակցությամբ, ավարտվել է Արտյոմովսկ քաղաքի ազատագրումը»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Դեռ շաբաթ օրը ցերեկը «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել էր, որ վագներականներին հաջողվել է ամբողջությամբ գրավել Բախմուտը։ Նրա խոսքով՝ մինչև մայիսի 25-ը քաղաքը կպատրաստեն ռուսական զինուժին փոխանցելու համար։

Դրանից հետո Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հերքել էր ռուսական զինուժի կողմից Բախմուտի ամբողջական գրավման լուրը։ «Բախմուտում ծանր մարտեր են։ Իրավիճակը կրիտիկական է։ Զուգահեռաբար, մեր զորքերը «Սամոլյոտի» շրջանում պահում են պաշտպանությունը։ Այսօրվա դրությամբ մեր պաշտպանները վերհսկում են այդ շրջանի որոշակի արդյունաբերական ու ենթակառուցվածքային օբյեկտներն ու մասնավոր հատվածը»,- հայտարարել էր ռազմական գերատեսչության ղեկավարի տեղակալ Աննա Մալյարը։ 

Ուկրաինայի զինված ուժերի զորքերի արևելյան խմբավորման խոսնակ Սերգեյ Չերևատին Reuters գործակալությանը հայտարարել էր, որ Պրիգոժինի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ «Դա սուտ է։ Մեր ստորաբաժանումները շարունակում են Բախմուտի համար մարտերը»,- հայտնել է նա։

Այդուհանդերձ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ևս նշել է, որ Բախմուտը դուրս է ուկրաինական վերահսկողությունից։ G7-ի գագաթնաժողովին, Ջո Բայդենի հետ հանդիպումից առաջ, լրագրողները Զելենսկուն հարցրել են, թե արդյոք Բախմուտը գտնվում է Կիևի վերահսկողության տակ։

«Ես կարծում եմ, որ ոչ։ Այսօր Բախմուտը միայն մեր սրտերում է։ Դա ողբերգություն է։ Այնտեղ ոչինչ էլ չկա»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Լուսանկարը՝ ANATOLII STEPANOV/AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter